You are here

Մոտ 2 տարվա ընթացքում 200-ից ավելի հայաստանցի երիտասարդներ խորացրել են ընտանիքում տղամարդկանց ներգրավվածության, դրական ծնողավարման և գենդերային հավասարության վերաբերյալ իրենց գիտելիքները՝ մասնակցելով Եվրոպական միության ֆինանսավորմամբ կազմակերպվող «Հայրիկների դպրոցներին»։

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրով Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում կազմակերպված դասընթացների ժամանակ երիտասարդներն ուսումնասիրել են երեխայի խնամքում հայրերի ներգրավվածության լավագույն ուղիները և բարելավել ընտանիքի խնամքի հավասար բաշխման վերաբերյալ իրենց պատկերացումները։ 

«Հայրիկների դպրոցի» մասնակից երիտասարդ ամուսիններ Կարենն ու Աննան վերջերս են ծնող դարձել։ Երեք ամսական տղան նրանց առաջնեկն է, բայց, քանի որ մինչև նրա ծնունդը մայրիկն ու հայրիկը որպես ծնողներ վարպետանալու հնարավորություն են ունեցել, նրան խնամելիս բավական հմուտ են։ Երեկոյան, երբ Կարենն աշխատանքից վերադառնում է տուն, առաջին կարևոր գործը որդուն լոգանքի տանելն է։

«Դասընթացի ժամանակ մենք սովորեցինք գրագետ կազմակերպել նորածնի խնամքը, այդ թվում՝ լոգանքը, սննդակարգը, զբոսանքը, քունը։ Ոչ պակաս կարևոր հմտությունը, որ ձեռք բերեցինք այն էր, թե ինչպես ամուսինների միջև ճիշտ բաժանել պարտականությունները»,- ասում է 25-ամյա Աննան։

«Հոգատար ամուսին լինելու համար միայն ընտանիքի ֆինանսական կարիքները հոգալը բավարար չէ: Հոգատարությունն, առաջին հերթին, տան գործերի և երեխայի խնամքի պատասխանատվությունը հավասարապես կիսելն է։ Սա ամենակարեւոր համոզմունքն է, որ իմ մեջ ամրապնդվել է դասընթացի արդյունքում»,- շեշտում է 28-ամյա Կարենը։  

Երիտասարդ հայրիկն ասում է, որ «Հայրիկների դպրոցը» ոչ միայն կատարելագործել և ամրապնդել է հոգատար ամուսին ու հայր լինելու իր պատկերացումները, այլև կտրուկ ազդեցություն ունեցել։

«Դասընթացի ժամանակ մեր ունեցած քննարկումներն ինձ վստահություն ներշնչեցին, և որոշեցի, որ պետք է ներկա լինեմ կնոջս ծննդաբերության ժամանակ։ Կինս սկզբում կտրականապես դեմ էր, բայց դասընթացի արդյունքում հասկացավ, որ իմ ներկայությունը անհրաժեշտ է»,- պատմում է Կարենը։

Աննան, շարունակում է ամուսնու խոսքը․ «Ճիշտ է՝ սկզբում չէի ցանկանում, որ Կարենը ներկա լինի ծննդաբերությանը, բայց հիմա եմ հասկանում, թե ինձ որքան օգնեց իր ներկայությունը։ Երկրորդ երեխայի դեպքում ես եմ պնդելու, որ նա գա։ Կարենի պատրաստվածության, աջակցության շնորհիվ` հետծննդաբերական բարդ շրջանը մենք կարողացանք հնարավորինս թեթեւ անցնել»։ 

Վախ, զայրույթ և ուրախություն։ Ահա այն զգացմունքները, որ ունեցել է Կարենը մինչ կինը լույս աշխարհ էր բերում իրենց տղային․ «Չես կարող պատկերացնել, պետք է քո աչքերով տեսնես, որ հասկանաս, թե ինչի միջով է անցնում կինը երեխային ծնունդ տալիս»։

Աննան ծիծաղելով ավելացնում է, որ անգամ երեխային տակդիր հագցնելը Կարենն է իրեն սովորեցրել։ Երեխայի ծնվելուց հետո օրենքով սահմանված 5-օրյա հայրական արձակուրդից բացի՝ Կարենը ևս 10 օր իր հաշվին է արձակուրդ վերցրել, որպեսզի տանը օգնի կնոջը։

«Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մեր երկրում հնարավոր լիներ ավելի երկար ժամանակով հայրական արձակուրդի գնալ և գոնե սկզբնական շրջանում օգնել երեխային խնամելիս»,- ասում է Կարենը։

Աննան այժմ շարունակում է մայրական արձակուրդում լինել, բայց զույգը որոշել է, որ երբ երեխային այլևս կրծքով կերակրելու անհրաժեշտություն չլինի, մայրիկը վերադառնալու է աշխատանքի։ Նաև որոշել են, թե այդ ընթացքում ինչպես են կիսելու երեխայի խնամքը՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային տատիկն ու պապիկը կխնամեն, իսկ հետո՝ հայրիկն ու մայրիկը։

«Ընտանիքի խնամքի մեջ ներգրավված լինելը շատ կարևոր է, և մեր երիտասարդները պետք է դադարեն մտածել, թե դա տղամարդու գործ չէ»,- ասում է Կարենը։

Աննան նաև նշում է, որ հայկական շատ լավ արժեքներ կան, որոնք ամուր ընտանիքի համար կարևոր են, բայց կան նաև վնասակար կարծրատիպեր, որոնք պետք է փոխել։ Երիտասարդ զույգը կարծում է, որ այդ փոփոխության համար ժամանակ ու ջանքեր են հարկավոր։

«Այս ծրագրի և նման դասընթացների դերը շատ բարձր է այդ փոփոխություններին հասնելու գործում, որովհետեւ ոչ միայն մտածելակերպ է փոխվում, այլև գործնական հմտություններ և գիտելիքներ ենք ձեռք բերում։ Նման դասընթացները պետք է շարունակական լինեն, որպեսզի ներգրավված անձանց քանակն ու շրջանակն ընդլայնվի, մարդկանց գիտակցությունը փոխվի։ Այդ ամենը կապահովի, որպեսզի մեր ընտանիքներն ավելի առողջ լինեն, իսկ երեխաները բարեկեցիկ կյանք ապրեն»,- ասում է Կարենը։

Կարենը Վանաձորի «Ընտանիքի անկյունում»՝ ծնողավարման դասընթացի ժամանակ. Լուսանկարը՝ Լալա Ղազարյան/Գյումրու ԵՆԿ ՀԿ, մայիս, 2022թ

2021-2022 թթ․ ընթացքում Հայաստանում «Հայրիկների դպրոցներ» կազմակերպել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք» կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից` Արևելյան գործընկերության վեց երկրում։

***

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացվում է «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մարի Մխիթարյան/ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ