You are here

մասնակիցը փակ աչքերով փորձում է առաջ գնա, խաղ վարժանք, որը ցույց է տալիսհաշմանդամություն ունեցող անձանց դժվարությունները

«Հարցի դեպքում մենք հաճախ դիմում ենք անվասայլակով մարդուն ուղեկցողին, մինչդեռ հասցեատերը հաշմանդամություն ունեցող անձն է, ու նա կարող է լիարժեք պատասխանել քո հարցին։ Ես էլ նման կերպ եմ վարվել,- անկեղծանում է Լյովա Թումանյանը և ասում, որ այդ հանդիպումից հետո իր վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կտրուկ փոխվել է,- անկեղծ մինչ այս հանդիպումը երբեք հնարավորություն չէի ունեցել անմիջական զրուցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Շատերիս մոտ կա այդ կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցող մարդը հիվանդ է… շատ այլ սխալ պատկերացումներ ևս, իսկ այս երկու օրերի ընթացքում տեսա կյանքով լեցուն հաշմանդամություն ունեցող շատ մարդկանց ու իմ պատկերացումները, վերաբերմունքը կտրուկ փոխվեց»։ 

Լյովա Թումանյանը արդեն չորս տարի է, ինչ Ֆիզկուլտուրա է դասավանդում Սպիտակ քաղաքի դպրոցում և նշում է, որ ճիշտ է, հաշմանադամություն ունեցող աշակերտների հետ աշխատելու փորձ չի ունեցել, բայց «ունենք թույլ տեսողություն ունեցող աշակերտներ դպրոցում ու վերադառնալով դասընթացից, իմ մոտեցումն այդ երեխաների հետ աշխատանքում անգամ փոխվել է»,- ասում է պարոն Թումանյանը։ 

ՄԱԲՀ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը ողջունում է մասնակիցներին

Ս.թ. նոյեմբերի 23-24-ը Վանաձորը հյուրընկալեց ուսուցիչների, մարզիկների և մարզիչների՝ համատեղ քննարկելու պարա սպորտի առանձնահատկությունները և այն համատեղ քայլերը, որոնք թույլ կտան պարա սպորտը դարձնել առավել հասանելի ու մասսայական։

Պարա սպորտի մարզիչների վերապատրաստումը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ «Լուսաստղ» ՀԿ-ի հետ համատեղ՝ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընկերության Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (UNPRPD MPTF) ֆինանսական աջակցությամբ։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը նշեց, որ դասընթացի գաղափարն առաջացել է դեռևս նախորդ տարի. «Երբ ձևավորվում էին  Վանաձորի և Երևանի անվասայլակով բասկետբոլի խմբակները, մարզիչների հետ զրույցների միջոցով փորձում էինք վերհանել հիմնական խնդիրներն ու կարիքները, որոնց շարքում էին նաև հաշմանդամային սպորտի առանձնահատկությունների և հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ աշխատանքում գիտելիքի ու հմտությունների պակասը։ Եվ այս դասընթացը նպատակ ունի լրացնելու այդ բացը»,- իր խոսքում նշեց Աննա Բարֆյանը։ 

Վերապատրաստմանը մասնակից էին դարձել 23 մարզիչներ, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, մարզիկներ՝ Վանաձորից, Ստեփանավանից, Գյումրիից, Սևանից, Աբովյանից և Երևանից։

նկարում դասընթացի 7 մասնակիներն ենմ, որոնք ժպտում են

Անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, մարզիչ Հարություն Եսայանը, խոսելով պարա սպորտի մասին, առանձնացնում է երեք հիմնական խնդիր.

«Որպես մարզիչ, հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատանքի հմտությունների, գիտելիքների պակասն է,  ինչպես անցկացնել պարապմունքները, որ ավելի նպատակաուղղված, արդյունավետ լինի աշխատանքը։  Հաշմանդամության տեսակները տարբեր են, առանձնահատուկ մոտեցում պետք է ցուցաբերել յուրաքանչյուր մարզիկին»,- նշում է պարոն Եսայանը և բարձրաձայնում նաև մարզական գույքի, հարմարեցված սպորտ դպրոցների հարցերը.

«Ամենապարզ բաները խնդիր են, օրինակ՝ դահլիճ մուտքը, հանդերձարանը, հարմարեցված սանհանգույցը... նույն հարցերը դահլիճում են. եթե մանրահատակը հարթ չէ, անվասայլակը հնարավոր չէ քշել... լավ մարզական գույք է նաև անհրաժեշտ, անվասայլակի որակն էլ է ազդում մարզիկի խաղի վրա...»

Հարություն Եսայանն առանձնացնում է նաև հարցի սոցիալական կողմը, որը նույնպես խոչընդոտում է, որ պարա սպորտը դառնա մասսայական.

«Օրինակ, ինչպես մարզիկը հասնի պարապմունքի վայր, եթե սպորտ դպրոցը քաղաքի մեկ այլ ծայրում է գտնվում։  Մատչելի հասարակական տրանսպորտ գրեթե չկա, եթե անգամ գումար կարող ես հատկացնել, ապա ամեն տաքսիի վարորդ չէ, որ  համաձայն է այդ ծառայությունը մատուցել....»,- հավելում է պարոն Եսայանը և նշում նման վերապատրաստումների անհրաժեշտության մասին, առաջարկելով հնարավորության դեպքում մյուս հանդիպումներին մասնակից դարձնել նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ աշխատանքի հաջողված փորձ ունեցող մարզիչների, որոնք կներկայացնեն իրենց աշխատանքի մանրամասները նորեկներին։

նկարում երևում են մասնակիցները, որոնք խաղ վարժանք են իրականացնում

Լուսաստղ ՀԿ-ի նախագահը ողջունում է հյուրերին

Վերապատրաստման դասընթացավարներից Լիլիթ Մարտիրոսյանն աշխատում է Գուգարք պոլիկլինիկայի Վերականգնողական բաժնում, որպես էրգոթերապիստ.  

«Հաշմանդամության յուրաքանչյուր տեսակ  աշխատանքի իր առանձնահատկություններն ունի և մենք, որպես բժիշկ այդ փորձը ներկայացնում ենք մարզիչներին, իրենք էլ իրենց դժվարությունների մասին են պատմում,  համատեղ փորձում ենք գտնել աշխատելու մեթոդներ, միջոցներ, որպեսզի  կարողանանք ճիշտ մոտեցում ցուցաբերել երեխաներին»,- նշում է տիկին Մարտիրոսյանը։

«Այստեղ գտնում ենք ընդհանուր լուծում՝ մարզչի և բժշկի փորձառության հիման վրա՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը, որպեսզի օգնենք, որ հաշմանդամություն ունեցող է՛լ ավելի շատ երեխաներ ներգրավվեն սպորտում»,- հավելում է Գուգարք պոլիկլինիկայի Վերարտադրողական բաժանմունքի սուրդոթերապիստ Վերինե Աբրահամյանը։ 

Դասընթացի երեք փորձագետներ ներկայացնում են մասնակիցներին առաջադրանքի մանրամասները