You are here

Ինչպես կզարգանա հղիությունը, վախեր, ամուսինների փոխհարաբերությունները հղիության ընթացքում, հետծննդյան դեպրեսիա․․․ ահա այս ու նման շատ այլ հարցեր հնարավորություն ունեցան քննարկելու մայրացող կանայք պրենատալ հոգեբանների օգնությամբ՝ «Մայրության դպրոց»–ի շրջանակներում իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակներում։ Այն նախաձեռնել էր ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամը՝ ՄՕՄ կենտրոնի հետ համատեղ։

Օլյա Համբարձումյանը «Մայրության դպրոց»–ի մասնակիցներից է, սպասում է իր հինգերորդ բալիկին․ «Երեք աղջիկ ունեմ, մեկ տղա, շուտով կծնվի նաև մեր Լիկան, անհամբեր սպասում ենք նրան»,– ասում է Օլյան և նշում, որ այսօր առավել շատ ունի հոգեբանի աջակցության կարիք,–«Այն ժամանակ ավելի երիտասարդ էի, գուցե չէի հասկանում բոլոր ռիսկերը, իսկ հիմա առավել շատ են հարցերը ու հոգեբանի խորհուրդի կարիքն ավելի եմ զգում, քանի որ կան վախեր, մտահոգություններ և շատ ուրախ եմ, որ կա այս հնարավորությունը, խոսելու, անգամ միմյանց լսելու, փորձով կիսվելու համար»։

Օլյան իր դիտարկումներից նշում է, որ նման հանդիպումներն օգտակար են նաև  առաջնածիններին․ «Ավելի շատ հարցեր ու մտավախություններ են ունենում կանայք, քանի որ ամեն բան նոր է»։

Հինգ ամիս տևողությամբ պիլոտային ծրագիրը մեկնարկել էր հունիս ամսին։ Այդ ընթացքում մոտ 18 հանդիպումներ են իրականացվել, որին մասնակից են դարձել մոտ հարյուր հղի կանայք։ Հանդիպումներ իրականացվել են երեք բժշկական հաստատություններում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատանը, ՀՕՄ Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոնում և Գյումրու ծննդատանը։

Մոնիկա Մուղդուսյանը ՄՕՄ կենտրոնի «Շուրջծննդյան հոգեբանության ծրագրի» համակարգողն է։

«Մասնակիցների արձագանքներից տեսնում ենք, որ նման դասընթացի կարիք կա․ մասնակիցները դասընթացից հետո հեռախոսահամար էին խնդրում, իրենց բժիշկներից տեղեկանում էինք, որ հետաքրքվել են հաջորդ դասընթացի ժամկետի մասին։ Շուտով կիրականացնենք դասընթացի գնահատումը և դրա արդյունքների հիման վրա՝ ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ կներկայացնենք առաջարկներ հոգեբանական դասըթնացների շարքը՝ «Մայրության դպրոց»–ում ներառելու համար։

Դասընթացի թեմաներն ընդգրկել են հղիության հատուկ հոգեբանական նրբությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաև  ծննդաբերության վախերի, հետծննդյան, ընտանեկան ճգնաժամերի  հաղթահարման ուղիների մասին գիտելիք, կեսարյան հատման հոգեբանական ասպեկտների մասին անդրադարձ և այլ թեմաներ։

Դասընթացները վարել են հոգեբաններ՝ Տաթև Հովհաննիսյանը, Աննա Բադալյանը և և Լիլիթ Բաղդասարյանը։

Հոգեբան Աննա Բադալյանը, ամփոփելով հանդիպումները, նշում է, որ այս հանդիպումների ընթացքում կանայք գալիս են բազմաթիվ հարցերով, վախերով և շփման, մասնագիտական աջակցության իրական կարիք ունեն։ «Հետաքրքրությունը մեծ էր Վախ ծննդաբերությանը վերաբերող հանդիպումների նկատմամբ, հատկապես առաջնածինների դեպքում կամ երբ առաջին հղիությունը բարդություններով է ընթացել, վիժում է տեղի ունեցել և եթե կինը չի կարողանում հաղթահարել վաղ շրջանում, այն կարող է բերել հոգեբանական լուրջ խնդիրների»,– նշում է տիկին Բադալյանը և հավելում, որ հոգեբանի աշխատանքը հղիության ընթացքում թերթևացնում է նաև բժշկի գործը, իսկ «առողջ հղիությունը, առողջ երեխայի գրավականն է»,– նշում է տիկին Բադալյանը։