You are here

Արագածոտնի մարզում հունիսի 14-ին կայացավ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը։

Այն համախմբել էր պետական, հասարակական, միջազգային կառույցների դերակատարներին՝ խոսելու առկա ձեռքբերումների մասին, հավաքագրելու ոլորտում առկա խնդիրները ու ձևավորելու օրակարգ՝ հետագա համատեղ քայլերի համար։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր ողջույնի խոսքում կարևորեց համագործակցությունը բոլոր դերակատարների միջև՝ նշելով, որ միայն համատեղ ջանքերի, նվիրվածության ու պատրաստակամության շնորհիվ հնարավոր է հաղթահարել ոլորտում առկա խնդիրները և ապահովել առաջընթաց։

Ողջունելով ներկաներին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար։ Բացի այդ, նա ընդգծել է նիստի անցկացման վայրի ընտրության կարևորությունն այն տեսանկյունից, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել նաև մարզերում խնդիրների հասցեավորմանն ու լուծմանը։

«Հասարակական խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ: Աշխատանքների շրջանակներում արդեն իսկ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր և արդյունավետ համագործակցության հիմքեր են ստեղծվել»,- բացման խոսքում ասել է Պաշտպանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ կարևորելով Խորհրդի դերը կանանց իրավազորման, տնտեսական հզորացման, իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման գործում։

 

Նիստի շրջանակում անցկացվեցին նաև պանելային քննարկումներ․ ամփոփվեցին խորհրդի առաջին նիստին հաջորդած աշխատանքները, հավաքագրվեցին համայնքների կողմից արձանագրված խնդիրները, ինչպես նաև ՄԱԲՀ-ի և ՄԻՊ-ի մահատեղ նախաձեռնությունը, այն է քրեակատարողական հաստատություններում ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջությանն առնչվող խնդիրների վերհանման և լուծման ուղղված միջոցառման մանրամասերը։

Խորհրդում ներգրավված հասարակական կազմակերպությունները բարձրաձայնեցին ոլորտային մի շարք հիմնահարցեր, որոնց շարքում էին ընտանեկան բռնության հաղթահարման ուղղված քայլերի անհրաժեշտությունը, խաղաղաշինական գործընթացներում կանանց մասնակցության, հասարակությունում առկա խտրականության և կարծրատիպերի հաղթարման կարևորությունը  և այլն։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առնթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։