Go Back Go Back
Go Back Go Back

Կրոնական առաջնորդները նպաստում են կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը Հայաստանում

Կրոնական առաջնորդները նպաստում են կանանց և  տղամարդկանց իրավահավասարությանը Հայաստանում

News

Կրոնական առաջնորդները նպաստում են կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը Հայաստանում

calendar_today 10 January 2023

Տեր Աբել Քարտաշյանը՝  Տղամարդկանց միջազգային օրը՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում կազ
Տեր Աբել Քարտաշյանը՝ Տղամարդկանց միջազգային օրը՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ, Իջևան, 2021 Լուսանկարը՝ ՄԱԲՀ/Մարի Մխիթարյան

Հայաստանի համայնքներում ընտանեկան բռնությանն անդրադառնալու և դրա դեմ պայքարելու, նախածննդյան ու հետծննդյան խնամքի հարցերում տղամարդկանց ներգրավելու և պատասխանատու հայրությունը խթանելու համար կազմակերպված դասընթացները նպատակ են ունեցել կրթել և հզորացնել Հայ Առաքելական Եկեղեցու քահանաներին և սոցիալական աշխատողներին:

 

«Հաճախ տղամարդիկ դառնում են ավելի ագրեսիվ և բռնության են դիմում սոցիալական խնդիրների պատճառով։ Դասընթացի արդյունքում ստացած գիտելիքների շնորհիվ՝ մենք կարող ենք ավելի նուրբ կերպով անդրադառնալ այս խնդիրներին և ընտանիքներին խորհրդատվություն տրամադրելիս պատշաճ մոտեցում ցուցաբերել՝ կենտրոնանալով ընտանիքում տղամարդկանց ներգրավվածության և երեխաների խնամքի վրա», - ասում է Լոռու մարզից քահանա Տեր Մամբրե Ոսկանյանը։

 

Նա մեկն է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 27 քահանաներից և 10 սոցիալական աշխատողներից, որոնք կատարելագործել են իրենց գիտելիքներն ու հմտությունները կանանց և տղամարդկանց իրավահավասարության, պատասխանատու հայրության և գենդերային բռնության կանխարգելման հարցերում՝ «Եկեղեցին պայքարում է ընտանեկան բռնության դեմ և խթանում տղամարդկանց ներգրավվածությունը» թեմայով դասընթացի շնորհիվ։ Եռօրյա դասընթացը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։

 

«Մենք սերտորեն աշխատում ենք ընտանիքների հետ՝ խթանելու կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը և տղամարդկանց ներգրավվածությունը ընտանիքի խնամքի գործում: Մեր սոցիալ-մշակութային կենտրոնում արվեստի միջոցով փորձում ենք անդրադառնալ այս թեմաներին՝ երեխաների մոտ մանկուց ճիշտ ընկալում ձևավորելու համար: Այդպես մենք կարող ենք հիմքեր ստեղծել բռնությունը կանխելու համար և օգնել ընտանիքներին հաղթահարել խնդիրները վաղ փուլերում»,- ասում է Տավուշի մարզի սոցիալական աշխատող Մերի Առաքելյանը, որն աշխատում է քահանաների հետ միասին։

 

Մերի Առաքելյանը՝  Տղամարդկանց միջազգային օրը՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ, Իջևան, 2021 Լուսանկարը՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ/Մարի Մխիթարյան

Սոցիալական աշխատողներն առաջինն են, որոնց դիմում են խնդիրներ ունեցող ընտանիքները։  Եթե խնդիրները չեն կարող լուծվել սոցիալական աշխատողների օգնությամբ, նրանք ընտանիքներին ուղղորդում են դեպի եկեղեցու քահանաները: Բռնության հետ կապված ճգնաժամային իրավիճակում սոցիալական աշխատողները կարող են նաև ընտանիքներին ուղղորդել պետական կառույցներ և աջակցության կենտրոններ:

 

«Ունեցել ենք հաջողություններ։ Ընտանիքներից մեկում տղամարդու մոտ ալկոհոլի չարաշահումը խանգարում էր դարձել։ Մենք նրան համոզեցինք, որ բուժում անցնի։ Դրանից հետո նա վերադարձել է իր ընտանիք, և նրանց կյանքը կտրուկ փոխվել է։ Այժմ ընտանիքում բոլորը խաղաղ են ապրում։ Նման դեպքերում մենք շարունակում ենք կապ պահպանել ընտանիքի հետ՝ հնարավոր վտանգների չեզոքացումն ապահովելու համար»,- հավելում է Մերի Առաքելյանը։

 

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրով կազմակերպված դասընթացների մասնակից և՛ քահանաները, և՛ սոցիալական աշխատողներն ընտանեկան բռնության կանխարգելման գործում կարևորում են պարտականությունների հավասար բաշխումը և տղամարդկանց ներգրավվածությունը։

 

«Մենք շարունակում ենք անդրադառնալ տղամարդկանց ներգրավվածությանը և ընտանիքի խնամքի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցերին մեր ամենօրյա ծառայության ընթացքում», - ասում է Տավուշի մարզից Տեր Աբել քահանա Քարտաշյանը։

 

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Լաուրա Աղաջանյանը շեշտում է, որ այս ուղղությամբ աշխատելը կարևոր է, քանի որ քահանաները և եկեղեցին վստահություն են վայելում Հայաստանում։ «Մենք պետք է շարունակաբար ամրապնդենք նրանց կարողությունները՝ այս ուղղությամբ մանրակրկիտ աշխատելու համար»:

 

«Հայ Առաքելական Եկեղեցու քահանաների և սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացները մեր ջանքերի մի մասն են, որոնք ուղղված են գենդերային հավասարությունը խթանելու և գենդերային բռնության դեմ պայքարի գործում տղամարդկանց ներգրավմանը՝ խրախուսելով տղամարդկանց ավելի շատ մասնակցել երեխաների խնամքին և հավասարապես կիսել տնային գործերը: Այս գործընկերությունը թույլ է տալիս Հայաստանում կրոնական գործունեության տարբեր ոլորտներում ներառել բռնության կանխարգելումը և նպաստել կանանց ու տղամարդկանց իրավահավասարության ամրապնդմանը», - բացատրում է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դիլարա Բույուքթաշը։

 

 

Դասընթացն իրականացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Մարի Մխիթարյան/ՄԱԲՀ