«Այս երեք օրերին ստացած գիտելիքը պետք է և՛ բժշկին, և՛ մանկաբարձին, և՛ անգամ բուժքույրերին ու մեր մայրապետերին, քանի որ մեր աշխատանքը թիմային է․ ծննդաբերության ժամանակ, օրինակ, ծնարանում մեզ պրոֆեսիոնալների թիմ է պետք, մեկ մասնագետով չի ու եթե բոլորս ստանանք այս գիտելիքները, բանիմաց լինենք, բոլորի գործն առավել հեշտ կլինի»,– իր խոսքում նշեց Սևանի ԲԿ-ի մանկաբարձուհի Արևիկ Հարությունյանը, ով 23 տարիների աշխատանքային փորձ ունի։
Տիկին Հարությունյանը մեկն է այն մասնագետներից, որ անհետաձգելի մանկաբարձական օգնության գիտելիքներ ու պրակտիկ հմտություններ ձեռք բերեց եռօրյա վերապատրաստման ժամանակ։ Դասընթացին մասնակից են դարձել ավելի քան հիսուն մանկաբարձ-գինեկոլոգներ և մանկաբարձուհիներ՝ Հայաստանի վեց մարզերից։ Այն նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ Մանկաբարձ-գինեկոլոգների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ:
Տիկին Հարությունյանը, խոսելով դասընթացի մասին, հատկապես կարևորում է դրա պրակտիկ հատվածը․
«Նախկինում ունեցել ենք տեսական դասընթացներ, որոնք հոգնեցնող են, իսկ այստեղ հատկապես կարևոր է, որ տեսականը զուգակցվում է գործնականին։ Վերապատրաստող բժիշկները լավ են բացատրում ու շատ համբերատար են․ մուլյաժի վրա կարող էինք մոտ 4-5 անգամ փորձել։ Երբ սխալ ես անում, ուղղում են, նորից ես փորձում, այնքան, որ վարժ ստացվի․․․ Շատ կարևոր է, որ ձեռքդ է վարժվում, զգում պտղին, ինչն ամենից շատ եմ կարևորում այս դասընթացից»։
«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության Մանկաբարձ-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Վիգեն Ղուլունցը նույնպես մասնակցում էր վերապատրաստմնանը․
«Նորություններին տեղեկանալու, սովորելու տեղ միշտ էլ կա։ Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուր մասնագետ պետք է թարմացնի իր գիտելիքները»,– նշում է Վիգեն Ղուլունցը և կարևորում նման նախաձեռնությունները,- «Այս վերապատրաստումները շատ կօգնեն հատկապես մանկաբարձուհիներին, քանի որ ծննդաբերության բուն գործընթացում մանկաբարձի դերը շատ ավելի մեծ է, իսկ նման վերապատրաստման ժամանակ նրանք նաև մուլյաժի վրա փորձելու հնավարություններ ունեն»։
Լիդա Հովեյանն էլ աշխատում է Գավառի Բժշկական կենտրոնում, մանկաբարձ–գինեկոլոգ է և երկու տարի է, ինչ աշխատում է, որպես պրակտիկ բժիշկ։
«Այստեղ ստացած հատկապես պրակտիկ գիտելիքները մեզ ավելի համաձակ են դարձնում, տիրապետում ենք ծննդալուծման հնարքների, որոնց ճիշտ կիրառման դեպքում կխուսափենք նաև օրինակ, կեսարյան հատումներից»։
«5-րդ վերապատրաստում է, ավելի քան 50 մասնակիցների ենք վերապատրաստել՝ վեց մարզերից։ Երբ տեսնում ես մասնագետների ոգևորությունը, դու էլ ես մոտիվացվում։ Դասընթացն այնպես է ձևավորված, որ յուրաքանչյուր տեսական հատված զուգորդվում է գործնականով։ Մասնակիցներին ոչ միայն տեղեկացնում ենք աշխարհում առկա լավագույն փորձին․ որ դեպքում, ինչ անել, ինչ ցուցումներ կամ հակացուցումներ կան հղիությունը վարելիս, այլև տալիս ենք պրակտիկ հմտություններ, ընդ որում, շատ կարևոր է և տեսնել կողքից, թե օրինակ գործընկերդ ինչպես է անում, քանի որ կողքից դու կարող ես ճիշտ հուշել, ուղղորդել, այդքան լարված չես, ինչպես նաև անձամբ փորձել ֆանտոմի վրա։ Իրականում ապացուցված է, եթե մասնագետը մուլյաժի վրա տիրապետում է հնարքներին, ապա իրական իրավիճակում գործում է նույն կերպ, քանի որ գործողությունների ավտոմատացում է լինում»,– նշեց դասընթացավար, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ մանկաբարձ-գինեկոլոգ Ալյոշա Թորոյանը։
Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ստացան նաև ՇՄԶ տեսական և գործնական կրեդիտներ։ Հաջորդ տարի ևս նախատեսվում են իրականացնել վերապատրաստումների նոր փուլ․
«Շատ կարոր է, որ յուրաքանչյուր մանկաբար–գինեկոլոգ թարմացնի իր գիտելիքները և նոր հմտություններ ձեռք բերի, հատկապես հաշվի առնելով արտակարգ իրավիճակները։ Նման գիտելիքները կարևոր են հատկապես մարզերի բուժաշխատողների համար, երբ հումանիտար իրավիճակներում հնարավոր չէ ծննդկանին, կնոջը տեղափոխել մարզկենտրոն կամ Երևան և շատ համայնքներում հենց մանկաբարձուհիներ են դառնում այն առաջնային օղակի կարևոր դերակատարները, որոնց պատրաստված լինելը և գիտելիքին տիրապետելն իրոք կարող է կյանքեր փրկել»,–մասնակիցների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում նշեց ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի Սեռական և վերարտադրողական ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը։
Նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Բռնի տեղահանված կանանց և աղջիկների համար ապահով տարածքների ստեղծում և սեռական ու վերարտադրողական առողջության թեմայով կարողությունների զարգացում և իրազեկման բարձրացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։