You are here

- Խաղաղությունն այն է, որ տղերքը վերադառնան տուն, որ ոչ մի երեխա լաց չլինի իր հոր համար, որ մենք էլ խաղաղ ապրենք այստեղ ու վստահ լինենք, որ երկրի սահմանները ամուր են։

 

Սա է խաղաղությունը Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրող 16-ամյա Սյունե Հայրապետյանի համար։ Ասում է, որ առավոտյան շուտ է սիրում արթնանալ.

«Շատ վաղ եմ արթնանում, մեր պատշգամբում թեյ եմ խմում ու այդպես դիմավորում լուսաբացը, հետո էլ պարապմունքի դասերն եմ անում, հագուստս դասավորում, դասերիս նախապատրաստվում... »,- պատմում է Սյունեն, որը մյուս տարի կհանձնի քննությունները՝ Բժշկական համալսարան ընդունվելու համար. դիմածնոտային վիրաբույժ է ցանկանում դառնալ։

 

«Հինգ տարեկան էի, երբ պապիկս վատառողջ էր ու ասում էի իրեն, որ ես պետք է բժիշկ դառնամ ու քեզ բուժեմ...առջևում քննություններն են. քիմիա և կենսաբանություն եմ պարապում, բոլոր առարկաներն էլ  փորձում եմ լավ սովորել ու մտածում եմ, եթե ինձ պետք չգա, իմ երեխային կարող է պետք գալ ...»։ 

Սյունեն ոչ միայն դպրոցում է աչքի ընկնում իր առաջադիմությամբ, այլև համայնքային կյանքում.  համայքնապետարանին կից խորհրդատվական մարմնի անդամ է կանանց և երիտասարդների հարցերով։ Կարմիր խաչի ընկերության կամավոր, համագործակցում է նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ,  Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի կամավոր է...

 

«Մոտ 9 ամիս է, ինչ նաև իմ փոքրիկ բիզնեսն ունեմ. քաղցրավենիքի, անվանական նվերների տուփեր եմ պատրաստում։  Փոքր գումար ներդրեցի, իսկ Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի ծրագրով սովորեցի բիզնես պլան մշակել»։

 

Սյունեի բնականոն կյանքը, սակայն, խաթարվեց սեպտեմբերի 13-ին. 

«Ծնողներս այստեղ չէին, Երևանում էին՝ հիվանդանոցում, ես ու եղբայրս էինք միայն։ Այդ օրը շուտ էի պառկել, եղբայրս եկավ, արթնացրեց, ասեց, որ անօդաչու սարքեր են, ասեցի՝ կատակ ես անում, ասեց՝ չէ, լուրջ եմ ասում։ Արագ հագնվեցինք ու գնացինք հորաքրոջս տուն, որը մեզ մոտ էր, արագ առանց լույս վառելու, մտածելով, որ ապահով կլինի մեծերի հետ...։

 

Եղբայրս մեկ տարի, ինչ ծառայում է ու այդ պահին համ իր մասին էի մտածում և ինքն էլ երևի մեր մասին։ 13-ի առավոտյան շատ քիչ աշակերներ կային դպրոցում։ Ձայները լսվում էին։ Արկերը նաև Վաղատուրում էին ընկել, որտեղ էլ տատիկս ու պապիկս են ապրում, և նրանց համար էլ էինք անհանգստանում։ Մեր նկուղն եմ մաքրել հաջորդ օրը, որ եթե պետք լինի, իջնենք ներքև...»։

 

Սյունեն շատ երազանքներ, կամ ինչպես ինքն է ասում՝ նպատակներ ունի, բայց ամենից շատ խաղաղություն է ուզում.

 

«... լավ ավարտել դպրոցը, համալսարան ընդունվել, Գորիսում իմ կլինիկան ունենամ։ Որ ավելի լավ զարգանա մեր գյուղը, պետք է լավ բան անեմ գյուղի համար, շատ-շատ եմ սիրում իմ գյուղը, ընկերներին...։ Սեպտեմբերին ինձ էլ էին ուզում դուրս հանեին գյուղից, բայց չգնացի... այստեղ ամեն ինչ սիրուն է, ուրիշ է։ Եթե մի օր արթնանում եմ ու մեր այս գյուղի պատկերը չեմ տեսնում, ոնց որ ինչ-որ բան այն չլինի...»։

 

Երկու հոգատար եղբայրների քույրիկի՝ Սյունեի նպատակները շաղկապված են եղբայրների հետ.

 

«Եղբայրս կահույք է պատրաստում, իմ պարապմունքի գումարը ինքն է տալիս, հանգուստս ինքն է գնում, մինչ այդ էլ մեծ եղբայրս էր անում։ Շուտով ինքն էլ կգնա բանակ, իսկ մյուս եղբայրս ամռանը կգա.  անհամբեր սպասում եմ իր գալուն, ինքը ինձ թիկունք կլինի, մինչև մյուս եղբայրս էլ գա բանակից... 44-օրյա պատերազմից հետո մտածեցինք, թե  խաղաղություն կլինի, բայց այդպես չեղավ։ Մեր գյուղից մի տղա է զոհվել, եղբորս հետ է ծառայել։ Ու էդ ինձ համար շատ ծանր էր, իրենց էլ իմ եղբայրն եմ համարում. բոլոր զինվոր ունեցող քույրերն ու մայրերը հենց այդպես էլ կասեն...»։