You are here

Գոհարիկ տատը երկու թոռնիկների հետ նստած«Որ պատմեմ իմ մասին, մի գիրք կգրվի....». հենց այսպես է սկսվում Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի 85-ամյա բնակիչ Գոհարիկ Մաշուրյանի՝ Գոհարիկ տատի հետ մեր զրույցը։

 

Տիկին Գոհարիկը պարսկահայ է, Խորհրդային ժամանակներին տեղափոխվել է Հայաստան։

 

«Ծիտը թռնում է մի շվի վրա, բույն շինում ու իրա ճտերին պահում, էդպես էլ ես էի...։ Որբ երեխա եմ եղել, փոքր հորեղբայրս է պահելուց եղել։ Հետո ամուսնացել եմ, եկել եմ այստեղ։  Մի որբ ինքն է եղել, մի որբ էլ ես, այս տունը մենք են շինել։ 25 տարի ֆերմայում եմ աշխատել, ամեն գործ էլ արել եմ...»,- պատմում է տիկին Գոհարիկը, որը շատ մտահոգ է նաև սահմանում ստեղծված իրավիճակով. «90-ականների պատերազմին տղաս է մասնակցել, 44-օրյա պատերազմին էլ՝ թոռս, վիրավորվել է։ Երկու տարի է, որ նոր կարողանում է ձեռքը շարժել... ինչ ասեմ, փառք Աստծո, դժգոհ չեմ, միայն պատերազմ չլինի։ Սեպտեմբերի 13-ին կրակեցին, իջանք պադվալը, 15 օրական, 3 և 10 տարեկան թոռներիս հետ։ Հետո գնացինք Հոկտեմբերյան, թոռներիս հետ գնացել եմ, երեխեքս մնացել էին էստեղ...»։

Գոհարիկ տատը մաքրում է լոբին

Գոհարիկ տատը մեջ է անում իր բոստանի լոբին ու իմ հարցին՝ քանի՞ թոռ ունի, ասում է ժպիտով, թե՝ ... որ ասեմ չեմ հիշում, կհավատա՞ս... ու սկսում է հարսի հետ հաշվել՝ 15 թոռ ունեմ, 18՝ ծոռ...

 

Գոհարիկ տատը թոռնիկի հետ տուն գալու ճանապարհին

 

«Հարևանի տունն է գրադից վնասվել։ Լավ է, որ գոնե մարդկային կորուստ չկա։ 2 ամիս անցնում է, էլի պատերազմ, էլի զոհեր... Աշխարհքիս խաղաղություն եմ ուզում։ Էս չոր, քարքարոտ հողից՝ ի՞նչ են ուզում...»։

Գոհարիկ տատը նստած է սեղանի մոտ