«Ամենօրյա էքզիստենցիալ խնդիր է, այսօր էլ երկնքում թռչում են անօդաչու սարքեր և մարդիկ տեսնում են դա։ Բայց էլի կան երկրներ, որտեղ մարդիկ այս պատերազմի մեջ են, բայց կարողանում են ապրել, աշխատել և լուծել իրենց ամենօրյա խնդիրները։ Պատերազմը մեզ համար հնարավորություն է, որքան էլ ցինիկ է հնչում, սթափվելու համար»,- նշում է Ֆրանս-հայկական վերականգնողական կենտրոնի ղեկավար Շուշան Միրումյանը։
Կազմակերպությունը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո, երբ ֆրանսիական կազմակերպությունները միավորվել են՝ թիրախային օգնություն ցույց տալու Հայաստանին։ Ծրագրերը հետևյալն են՝ բուժել, կրթել և կառուցել։
Խոսելով առկա բացերի մասին, տիկին Միրումյանը նշում է, որ յուրաքանչյուրը պետք է պահանջատեր լինի իր նկատմամբ, իր գործողութունների նկատմամբ.
«Մեզանից պետք է սկսենք, այսօրվա իրավիճակով ապրենք, զարգանանք, սա ամենակարևոր բանն է, սա մեր հայրենիքն է ու ավելի թանկ բան չկա, Սյունիքը մեր ողնաշարն է, մենք պետք է գնահատենք ու լավ աշխատենք»։
Տիկին Միրումյանը հիշում է սեպտեմբերի 13-ի դեպքերը.
«Գորիսում էի, քնած չէի, 12։05 էր... սկզբում չէի հավատում, քանի որ փորձ ունենք ուշ հրավառությունների հետ, ցավոք։ Հետո հասկացա, որ հրավառություն չի... ես ապրում եմ մեծ ծնողներիս հետ, իջանք նկուղ, ու որքան էլ ֆանտոմային ցավ է առաջին պատերազմից (1991-94) հետո, բայց այսօր այն մեզ շատ օգնում է։
Պապս է այս տունը սարքել ....
Մենք ուղիղ թիրախի տակ ենք, և կողքի գյուղում, այո վնասվածքներ են եղել, չասեմ երեխաների սարսափը, որը նույնպես մեր անպատրաստվածության արդյունք էր....»
Տիկին Միրումյանի հետ հետաքրքիր զրույցի ընթացքում խոսեցին անվտանգային, առօրյա, այժմեական տարբեր խնդիրների մասին, իսկ լուծումը, ըստ խոսնակի՝ կրթությունն է.
«Մեր կենտրոնում փայլուն կադրեր ունենք, անընդհատ կրթվում են, երիտասարդ բժիշկներ են, որոնց Երևանում գուցե ավելի հետաքրքիր լիներ, բայց մարդիկ գալիս են խորը գիտակցմամբ իրենց առաքելության համար ու աշխատում են այստեղ։ Եվ ես, որպես գորիսեցի, շատ երախտապարտ եմ իրենց»։