You are here

Արմենուհի Սոնյանինը Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի դպրոցի իր դասասենյակում«… Ես այս երեխաներին հայրենասիրության դաս եմ տալիս, ես ինչպե՞ս կարող եմ գնալ, բա էլ ինչո՞ւ եմ աշխատում դպրոցում։ Ես պետք է լինեմ այս երեխաների կողքին։ Քանի դեռ այստեղ երկու երեխա կա, ես այստեղ եմ լինելու ու այդպես շատ շատերն են մտածում...»։

 

Արմենուհի Սոնյանին հանդիպեցինք Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի դպրոցում։ Նա արդեն 13 տարի է, ինչ հայոց լեզու և հոգեբանություն է դասավանդում դպրոցում, նաև որպես դասվար է աշխատել։

 

«Վայոց ձորում եմ ծնվել, բայց ամուսնացել եմ ու տեղափոխվել մայրիկիս հայրենիք՝ Վերիշեն։ Եվ երբ հնարավորություն ունեցա ընտրելու՝ երեք բնակավայրերից որ մեկում աշխատել, ես ընտրեցի հենց այն գյուղը, որտեղ մայրս է ծնվել ու փորձեցի իմ աշխատանքով շնորհակալություն հայտնել, որ հենց այդպիսի մայրիկ է տվել»,- նշում է տիկին Արմենուհին ու պատմում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած դեպքերի մասին։ 

 

«Սեպտեմբերի 12-ի գիշերը սկսեցին կրակոցնեը, դե առավոտյան դպրոց չեկանք։ Ամբողջ դասապրոցեսն, իհարկե, խախտվեց, անգամ օնլայն դասերը հնարավոր չեղավ կազմակերպել, քանի որ հիմնականում նկուղներում էին երեխաները և հոգեպես պատրաստ չէին դասապրոցեսում ներգրավվելու համար»,- պատմում է տիկին Սոնյանը, - «Ավելի անորոշ ու ծանր վիճակ չի եղել մինչև այս պատերազմը։ Սա արդեն անտանելի էր, երբ երեխան նայում է քեզ, ու դու ոչնչով չես կարող օգնել։ Դրսում, երբ անիվ է պայթում, ամբողջ դասարանը, 20-25 երեխա մտնում է սեղանի տակ, ու հասկանում ես, որ այնպիսի սթրեսային իրավիճակ է, որ մի քանի շաբաթ է պետք, գուցե ավել, վերականագնվելու համար...»։

 

 Տիկին Արմենուհին հավելում է, որ շատ են աշխատում երեխաների հետ, որ հանեն այդ սթրեսային իրավիճակից. «Ինքնաթիռ է անցնում, ասում են՝ մե՞րն է, թե՞ հակառակորդինը...ամեն բան կանցնի, իհարկե, բայց այդ երեխաների հոգեբանական տրավմաները կմնան...»։

 

Տիկին Սոնյանը պատմում է, որ այդ օրերին աղջիկն ասել է, որ մայրը Երևան գնա, որտեղ ավելի ապահով է. «… ես այս երեխաներին հայրենասիրության դաս եմ տալիս, ես ինչպե՞ս կարող եմ գնալ, բա էլ ինչո՞ւ եմ աշխատում դպրոցում։ Ես պետք է լինեմ այս երեխաների կողքին։ Քանի դեռ այստեղ երկու երեխա կա, ես այստեղ եմ լինելու ու այդպես շատ շատերն են մտածում...»։

Արմենուհի Սոնյանինը Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի դպրոցի իր դասասենյակում

 

Այսօր Վերիշենի միջնակարգ դպրոցում սովորում է 330 աշակերտ։ Դպրոցն աչքի է ընկնում իր ավանդույթներով., շրջանավարտների մեծ մասը շարունակում է ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 

 

«Հայ գյուղացին ստեղծող է, մեզ մեր հողում խաղաղություն է միայն պետք։ Հինգ զոհ ենք ունեցել 2020-ի պատերազմին. ոչ մեկին չեմ ցանկանա, իր զոհված աշակերտների նկարները դպրոցում տեսնել...Մի սերունդ է, որը 90-ականի պատերազմի միջով անցավ, հիմա էլ իրենց երեխաներն են այդ ամենը տեսնում։ Փոքրիկ կյանքի մեջ չորս պատերազմ, շատ չի՞ միթե...»։