You are here

Գարիկը պրոֆեսիոնալ ըմբշամարտում մեծ հաջողություններ ուներ, երբ 2020 թվականի պատերազմը փոխում է բոլոր ծրագրերը. վիրավորում է ստանում  և հրաժեշտ տալիս մարզիկի կարիերային։ Բայց ինչպես ինքն է ասում՝ երբեք չպետք է հուսահատվել.

- Ծրագրի ընթացքում հասկացա, որ երբեք պետք չէ կոտրվել, մեղադրել ինչ-որ մեկի, դու ես քո կյանքի տերը ու պետք է անպայման նպատակասլացություն ունենալ, աշխատասիրություն ու ամեն բան հնարավոր է,- ասում է Գարիկը և գործընկերներին նվիրում իր ձեռքով պատրաստված զարդը, որը հենց ծրագրի շրջանակներում է սովորել պատրաստել,- մեզ օգնելու մեծ ցանկություն տեսանք ձեր կողմից, որ ոչ մի տեղ չէի զգացել, տեսել պատերազմից հետո, ինչը շատ ուժ տվեց առաջ գնալու համար։

Գարիկը հաջողությամբ ավարտել է ոսկերչության դասընթացը. սովորել է քար տեղադրելու գործը և հույս ունի, որ այն կօգնի իրեն աշխատանք գտնելու հարցում։ Բայց նաև շարունակում է կրթությունը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում. երկրորդ կուրս է տեղափոխվել և, իր առաջադիմության համար, անվճար է սովորելու։

Գարիկը մեկն է Արմավիրի մարզի այն 20 երիտասարդներից, որոնք 2020 թվականի պատերազմի ժամանակ վիրավորվել են և ծրագրի շրջանակներում նոր հմտություններ են ձեռք բերել, որը կօգնի նրանց կյանքը նոր փուլից ապրելու համար։

-Ծրագիրը որոշեցինք իրականացնել Արմավիրի մարզում, քանի որ 2020 պատերազմից հետո հենց այդ մարզում էին ամենամեծ թվով վիրավոր զինվորները։ Նախապես կարիքների գնահատում իրականացվեց, որի հիման վրա էլ ձևավորվեցին գործողությունները, որոնք ներառում էին հոգեբանական աջակցություն, մասնագիտական կողմնորոշում,  տարբեր դասընթացների միջոցով հմտությունների զարգացում և այդ հմտությունների կիրառման համար անհրաժեշտ սարքավորումների տրամադրում,- նշեց ՄԱԲՀ երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը։

- Ուրախությամբ կուզենամ նշել, որ ծրագիրը լիովին հասել է իր նպատակին և արդյունքները շոշափելի են և գոհացնող: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր գործընկերներին և ծրագրային ողջ թիմին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ծրագիրն արդյունավետ կերպով իրականացնելու համար: - նշեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանը:

- Այստեղ կոլեկտիվի, թիմի զգացողություն ունեցա, սա իմ կյանքում, վիրավորումից հետո, առաջին անգամ էր, որ հասկացա, որ կարող եմ ինչ-որ բանով էլ զբաղվել,- ասում է Ահարոնը։

Ահարոնն ու Հայկը ծրագրի շրջանակներում բիզնես ծրագրեր իրականացնելու հմտություններ են ձեռք բերել և որոշել են չրագործությամբ զբաղվել։ Ծրագիրը երիտասարդներին տրամադրել է նաև չիր պատրաստելու սարքավորումներ։

- Մենք մեծ այգի ունենք, որտեղ սալոր, դեղձ, ծիրան ենք աճեցնում։ Այս տարի փոքր քանակությամբ փորձարկեցի դեղձ և ձմերուկի չիր պատրաստել, շատ լավ ստացվեց, մյուս տարի արդեն նախատեսել եմ ավելի մեծ արտադրություն,- ասում է Ահարոնը։

- Կարող ենք նաև բանջարեղենի՝ սմբուկի ու լոլիկի չիր էլ պատրաստել,- ասում է Հայկը և հավելում,- 2020 ից հետո սա իմ ամենալավ տարին էր, իմ չրանոցի համար պլանավորումներ եմ անում, գուցե նաև Ահարոնի հետ միավորենք մեր ուժերը, ավելի մեծ արտադրություն ունենալու համար։

Սեդրակն արդեն մեկ ամիս է, ինչ վարսավիրություն է սովորում, ասում է, որ արդեն ստացվում է կտրվածքներ անել.

«Ես տատու անել էլ գիտեմ, ու այս հնարավորությունը որ եղավ, որոշեցի նաև վարսավիրություն սովորել։ Հիմնականում տղամարդկանց մազեր եմ կարողանում կտրել, նաև սովորել եմ ներկելու, ճիշտ տոն, գույն ստանալու հմտությունները,- պատմում է Սեդրակը և շատ կարևորում այս նախաձեռնությունը,- մեզ պետքական զգացինք, սա կարծես այն կյանքի կայծն է ինձ համար, որ օգնեց առաջ գնալ»։

Ենոքն էլ ծրագրի շրջանակներում սովորել է սոցիալական մեդիայի կառավարում։

- Ես նաև Պանարմենիան մեդիա դպրոցն եմ ավարտել ու հաղորդավար եմ, բայց մարզային լրատվամիջոցներ չկան, իսկ Երևան հասնելը շատ հեռու է, հուսով եմ, որ այս նոր գիտելիքները կօգնեն հեռավար էջեր վարել ու աշխատանք ունենալ։

Հաշվապահություն, անգլերեն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն, վարսավիրություն, լուսանկարչություն, սոցիալական մեդիայի կառավարում,  չրագործություն, գյուղատնտեսություն ... ահա այն ոլորտները, որոնց ծանոթացան, նոր գիտելիք ու հմտություններ ձեռք բերեցին մասնակիցները «Սոցիալ-հոգեբանական աջակցություն պատերազմի մասնակից՝ վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին» ծրագրի միջոցով։ Մասնակիցներին  նաև տրամադրվեց հոգեբանական աջակցություն՝ «Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանից։

Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի  նախաձեռնությամբ և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ- հետ համագործակցությամբ։