Նոյեմբերի 25-ին մեկնարկում է 2011 թ. «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը: «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Քարոզարշավի ակունքներում ընկած է 1989 թ.-ին կանադացի 14 ուսանողուհիների դաժան սպանությունը, որը հիմք դրեց ևս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավին: 1991 թ.-ից ի վեր իրականացվող քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից: