Երեք տարի առաջ Հայաստանում սկիզբ առավ «Ապագան այսօր» ծրագրի զարմանահրաշ ճանապարհորդությունը։ Այդ պատմությունը հյուսվեց երազողների ձեռքերով՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ու Եվրոպական միության համագործակցությամբ: Իր ճանապարհին ծրագիրն ունեցավ մի քանի ազդեցիկ կանգառներ, որոնք ձգտեցին դրական փոփոխություն բերել Հայաստանում կանանց և աղջիկների կյանքում։
«Հայաստանցի երտասարդ կանանց և աղջիկների կյանքում «Ապագան այսօր» ծրագիրը դրական ազդեցություն է ունեցել՝ նրանց տալով անհրաժեշտ գործիքներ, գիտելիքներ և հնարավորություններ։ Եվրոպական միության մեր գործընկերների հետ համատեղ ջանքերի շնորհիվ՝ այս ծրագիրը կարևոր դեր է խաղացել մեր երկրում կանանց և տղամարդկանց իրավահավասարության խթանման գործում և նպաստել կանանց հզորացմանը»,- ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։
Հայաստանցի նորարար կանանց ստեղծած Safe YOU բջջային հավելվածի բարելավումը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի գլխավոր ձեռքբերումներից մեկն է։
«Մեզ համար չափազանց կարևոր է, որ նորարարությունը, տեխնոլոգիաներն օգտագործվեն ի շահ մարդու իրավունքների պաշտպանության, և Safe YOU-ի հետ համագործակցությունը հենց այդ նպատակն ուներ»,- ասում է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանը։
Ինչպես ընդգծում է Safe You-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը, ծրագրի ազդեցությունը Safe YOU-ի համար եղել է շատ ընդգրկուն, քանի որ տարբեր ուղղություններով օգնել է, որպեսզի այս լուծումը հասանելի դառնա կանանց համար։ «Իհարկե, նաև տեխնիկական, տեխնոլոգիական առումով մենք հնարավորություն ունեցանք բավական կարևոր բարելավումներ անել թե՛ հավելվածի, թե՛ ամբողջ պլատֆորմի վրա»։
«Ապագան այսօր» ծրագրի շնորհիվ բջջային հավելվածի նոր տարբերակն է պատրաստվել և թողարկվել։ Ստեղծվել է նաև հավելվածի ռուսալեզու տարբերակը, ինչն ընդլայնել է դրա հասանելիությունը՝ ամրապնդելով գենդերային բռնության դեմ պայքարում ազդեցությունը։
«Ապագան այսօր» ծրագրով ստեղծված «ՎԻՆՆԵԹ» ռեսուրս կենտրոնները Հայաստանի Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի կանանց համար ծառայում են որպես հարթակ՝ նոր հմտություններ ձեռք բերելու, տնտեսական գործունեությամբ զբաղվելու, կանանց իրավունքները պաշտպանելու և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու համար:
«ՎԻՆՆԵԹ Հայաստանում» ծրագրի համակարգող Աննա Ալեքսանյանի խոսքով՝ այս կենտրոնների շնորհիվ ընդլայնվել է իրենց ցանցը՝ հնարավորություն տալով փոփոխություններ բերել ավելի մեծ թվով կանանց կյանքում, ինչպես նաև հասանելի դառնալ ավելի շատ համայնքներում։ «Ծրագիրը հնարավորություն ընձեռեց բարձրացնելու մեր առցանց ներկայությունը, կազմակերպեցինք մեծ տեղեկատվական արշավ, ինչպես նաև ամբողջովին թարմացվեց «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի կայքը»։
«Հզորացած յուրաքանչյուր կին ևս մեկ ամուր աղյուս է մեր հասարակության զարգացման հիմքում։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում մենք հավատարիմ ենք այն գաղափարին, որ ամեն մարդ պետք է ունենա իր երազանքների և ներուժի իրացման հնարավորությունը, և այդ ճանապարհը պետք է անցնել բոլորիս ջանքերը միավորելով»,- ընդգծում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։
120 հայ մասնագետ առողջապահական և պետական կառույցներից ու հասարակական կազմակերպություններից բարելավել են գենդերային հավասարության հարցերում տղամարդկանց և տղաների ներգրավման վերաբերյալ իրենց պատկերացումները՝ մասնակցելով ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Ապագան այսօր» ծրագրի շրջւանականերում ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի և Equimundo-ի կազմակերպած աշխատարաններին։
«Այս աշխատարանների կազմակերպման նպատակն էր հնարավորինս լայն շրջանակի մասնագետների և շահագրգիռ կողմերի ներկայացնել միջազգային առաջատար փորձը և խորացնել նրանց պատկերացումները տղամարդկանց և տղաներին ներգրավելու ռազմավարությունների վերաբերյալ։ Հուսով ենք, որ այդ մեթոդներն արդյունավետորեն կկիրառվեն Հայաստանում»,- ասում է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակում «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը։
Աշխատարանների թեմաների հիման վրա ստեղծվել է նաև տղամարդկանց և տղաներին գենդերային հավասարության հարցերում ներգրավելու վերաբերյալ ձեռնարկ, որը ներկայացնում է միջազգային լավագույն ռազմավարություններն ու մեթոդները։
Ինչպես նկատում է աշխատարանի մասնակից, Հանուն ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայից Սիփան Ասատրյանը, նմանատիպ նախաձեռնությունները, նմանատիպ գիտելիքների ստացումը տղաների համար շատ կարևոր է ապագայում առողջ և հավասար, կարծրատիպերից հնարավորինս զերծ հասարակություն ունենալու տեսանկյունից։
Տեսանյութերը պատրաստվել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: