Հայաստանի հյուսիսային սահմանին մոտ գտնվող Բերդ քաղաքից տասնհինգամյա Նելի Ներսիսյանը մեծ երազանք ունի՝ օգնել աշխարհին հասնել խաղաղության։ Նելին ձգտում է փոփոխություններ բերել թե՛ իր համայնքում, թե՛ դրանից դուրս: Նա արդեն հասցրել է մասնակցել ավելի քան 15 կրթական և համայնքային ծրագրերի, որոնք ձևավորել են նրա հետաքրքրությունները և օգնել գտնել իր ապագայի ուղին:
«Ուզում եմ դիվանագետ դառնալ և օգնել երկրներին հասնել խաղաղության»,- ասում է նա՝ հույսով լցված պայծառ աչքերով։
Լուսանկարը՝ ՄԱԲՀ/Արտյոմ Դալյան
Դառնալով ՆԷ-ի դեսպան
Նելիի՝ համայնքային ակտիվության ճանապարհորդությունը սկսվել է երկու տարի առաջ, երբ նա մասնակցեց Աղջիկ երեխայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը ՆԷ-ի պուրակում, որը ստեղծվել է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ՝ «Վիննեթ Բերդ» կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից: Այդ օրը Նելին և այլ տեղացի աղջիկներ դարձան ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ստեղծած աղջիկ երեխայի խորհրդանիշ ՆԷ-ի դեսպաններ։
Լուսանկարը՝ ՄԱԲՀ/Արտյոմ Դալյան
«Ես՝ մյուս աղջիկների հետ միասին, հնարավորություն ունեցա բարձրաձայնելու իմ երազանքների մասին և ներկայացնելու մեր համայնքի համար իրականացրած փոքր ծրագրերը»,- հիշում է Նելին։ «Այդ օրն իմացա ՆԷ-ի մասին, որը խորհրդանշում է բոլոր աղջիկներին, որոնք ձգտում են փոփոխություններ բերել: Դա ինձ օգնեց հասկանալ, որ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, նույնիսկ՝ մայրաքաղաքից 200 կիլոմետր հեռավորության վրա, մենք բոլորս ունենք երազանքներ, որոնց կարող ենք հասնել»:
Լուսանկարը՝ ՄԱԲՀ/Արտյոմ Դալյան
Բերդ համայնքի երիտասարդ աղջիկների համար ՆԷ-ն դարձել է ոգեշնչման աղբյուր, իսկ Նելին, ում ընկերները սկսել են «ՆԷ» կոչել, ամենայն պատասխանատվությամբ է ընդունել ՆԷ-ի դեսպանի իր դերը՝ ներկայացնելով յուրաքանչյուր աղջկա ներուժը: Նրա համար այս դերը պարզապես կոչում չէ, այլ պատասխանատվություն՝ ոգեշնչելու ուրիշներին՝ իրականացնելու իրենց երազանքները:
Լուսանկարը՝ ՄԱԲՀ/Արտյոմ Դալյան
Որպես առաջնորդ Նելիի ճանապարհը շարունակվել է «Վիննեթ Բերդ» կանանց ռեսուրս կենտրոնում, որը ստեղծվել է ՄԱԲՀ աջակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում: Այստեղ գրաֆիկական դիզայնի դասընթացի մասնակցելուց հետո Նելին շուտով դարձել է կենտրոնի կամավորական խմբի ղեկավարը։ Նա իրականացրել է համայնքային ծրագրեր, որոնք նրա մեջ արթնացրել են սոցիալական աշխատանքի և խնդիրներին լուծումներ փնտրելու կիրքը։
«Այդ ժամանակ ես սկսեցի մտածել հասարակության խնդիրների մասին: Եթե մենք հիմա սկսենք դրանց լուծումները փնտրել, դրանք չեն շարունակի գոյություն ունենալ», - բացատրում է Նելին, ով այժմ համակարգում է «Վիննեթ Բերդի» երիտասարդական ծրագրերը:
Լուսանկարը՝ ՄԱԲՀ/Արտյոմ Դալյան
Կոտրելով պատնեշները՝ սահմանամերձ քաղաքում
Հայաստանի հյուսիսային սահմանին մոտ գտնվող Տավուշի մարզի Բերդ քաղաքը բազմաթիվ մարտահրավերների է բախվում։ «Մենք սահմանին շատ մոտ ենք, պատերազմի վախը միշտ կա, դա մեզ վրա մեծ ազդեցություն է թողնում»,- խոստովանում է Նելին։ «Բայց ես գիտակցում եմ, որ պետք է ինչ-որ բան անել. ամեն դեպքում, մենք պետք է լավատես լինենք»:
Լուսանկարը՝ ՄԱԲՀ/Արտյոմ Դալյան
Այս փորձառությունները ձևավորել են Նելիի աշխարհայացքը և նպաստել խաղաղության ձգտելու նրա երազանքին: Իր համայնքին և երկրին ծառայելու ցանկությունը նրան տարել է դեպի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտ: Նա խոստովանում է, որ մտահոգություններ է ունեցել այս ընտրության հետ կապված՝ հաշվի առնելով, որ քաղաքականություն մտնող կանայք հաճախ բախվում են խոչընդոտների։
«Ես վախենում էի, որ մարդիկ կասեին, որ աղջիկը չպետք է զբաղվի քաղաքականությամբ», - ասում է նա: «Բայց ես հասկացա, որ չպետք է լսեմ այդ մարդկանց: Ես հավատում եմ, որ կարող եմ ինչ-որ բան փոխել: Բացի այդ, դառնալով դիվանագետ, ես կկարողանամ ներկայացնել և պաշտպանել իմ երկրի շահերը միջազգային հարթակներում»:
Լուսանկարը՝ ՄԱԲՀ/Արտյոմ Դալյան
Այս տարվա սկզբին Նելին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից կազմակերպված ամառային դպրոցին, որտեղ հանդիպել է պետական պաշտոնյաների, իրավական փորձագետների և դիվանագետների հետ: Այս փորձառությունն ամրապնդել է դիվանագետ դառնալու նրա որոշումը և ընդլայնել արտաքին հարաբերությունների վերաբերյալ նրա պատկերացումները:
«Դա իմ կյանքի լավագույն փորձառություններից մեկն էր»,- ասում է Նելին։ «Մենք անդրադարձանք տարբեր թեմաների՝ տնտեսագիտությունից և իրավունքից մինչև դիվանագիտություն և տեխնոլոգիաներ: Դա ինձ օգնեց հասկանալ, թե ապագան կերտելու համար ինչպիսի մեծ ներուժ ունենք մենք՝ երիտասարդներս»:
Հենվելով ընտանիքի ամուր աջակցության վրա
Լուսանկարը՝ ՄԱԲՀ/Արտյոմ Դալյան
Հենվելով ընտանիքի ամուր աջակցության վրա
Իր ինքնավստահության և ուժի հիմքում, ինչպես Նելին է ասում, ընտանիքի աջակցությունն ու վստահությունն են։
«Ես ունեմ կրտսեր քույր և եղբայր, մենք ապրում ենք մեր ծնողների և տատիկի ու պապիկի հետ: Իմ ուժն իմ ընտանիքն է: Ծնողներս միշտ կողքիս են, ոգեշնչում և քաջալերում են ինձ իմ բոլոր գործերում և օգնում են, որ դրանց հետ մեկտեղ հետ չմնամ դպրոցից»:
Լուսանկարը՝ ՄԱԲՀ/Արտյոմ Դալյան
Նայելով ապագային՝ Նելիի ուղին հաստակ է՝ դառնալ միջազգային հարաբերությունների և իրավունքի լավ մասնագետ: Պարզապես անձնական հաջողության հասնելուց առավել նա երազում է հնարավորություններ ստեղծել ուրիշների, հատկապես՝ աղջիկների համար, որպեսզի նրանք կարողանան կոտրել պատնեշները և իրացնել իրենց ողջ ներուժը:
Նելիի երազանքը. ՆԷ-ի դեսպանը Հայաստանից, որ ձգտում է խաղաղության