«Շատ օգտակար վերապատրաստում էր մեզ համար։ Դասերը հետաքրքիր էին անցնում, քանի որ ինտերակտիվ էին․ մենք էինք վարում դասը մեր գործընկերների համար, խմբային բազմաթիվ աշխատանքներ կային, քարացած չէինք լսում, ու այստեղից նոր հմտություններ ենք տանում, որոնք կփոխանցենք խմբակը վարող ուսուցիչներին»,- մեր զրույցի ժամանակ նշեց Անուշ Թորոսյանը, որը «Առողջ ապրելակերպ» դասընթացի մենթորների վերապատրաստման ծրագրի մասնակից է։ Տիկին Թորոսյանը դասավանդում է Վանաձորի թիվ 19 դպրոցում, ինֆորմատիկայի մասնագետ է։ Տեղեկանալով «Առողջ ապրելակերպ» խմբակի մասին, հայտ է ներկայացրել և հարցազրույցի փուլից հետո ընդգրկվել է մենթորների խմբում․ «Շատ ուրախ եմ այս հնարավորության համար, քանի որ խիստ կարևորում եմ Առողջ ապրելակերպի ներդրումը դպրոցներում, այն մարդու կենսակերպը պետք է լինի։ Դպրոցական տարիքից արդեն մենք փորձում ենք երեխաների մեջ դաստիարակել ճիշտ արժեքներ, ինչը կնպաստի առողջությունը պահպանելուն, որովհետև կանխարգելելն ավելի հեշտ է, քան թե արդեն իսկ ձևավորված վնասակար սովորույթների դեմ պայքարը»։
«Առողջ ապրելակերպ» դասընթացի մենթորների վերապատրաստման ծրագիրը, որը տեղի ունեցավ ս․թ․ օգոստոսի 21-ից 24-ը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համատեղ ջանքերով։
Դասընթացին մասնակցեց 81 մենթոր Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից։ Վերապատրաստումն իրականացրել են տասը փորձագետներ՝ թեմատիկ տարբեր ոլորտներից։
«Այս տարվա մենթորների վերապատրաստումը «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի համապետական ներդրման հերթական փուլի նախապատրաստական աշխատանքներից է։ Ինչպես գիտեք, անցյալ տարի հանրակրթության նոր չափորոշչի համընդհանուր ներդրման շրջանակներում խմբակը ներդրվեց դպրոցների 5-րդ և 7-րդ դասարաններում և այս ուսումնական տարում այն ներդրվելու է 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում: Անհրաժեշտ էր, որ մեր մենթորները ծանոթանան այդ դասարանների համար նախատեսված նյութին և մեթոդներին, որպեսզի կարողանան վերապատրաստել խմբակը վարող մյուս ուսուցիչներին՝ առաջիկա աշնանային արձակուրդների ընթացքում»,- իր խոսքում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը և հավելեց,- «ՄԱԲՀ-ն, որպես այս գործընթացն իրականացնող աշխատանքային խմբի համակարգող, իր պատրաստակամությունն է հայտնում, ՄԱԿ-ի մյուս գործակալությունների հետ համատեղ շարունակելու աջակցությունը Նախարարությանը խմբակի համընդհանուր ներդրումն իրականացնելու համար։ Ինչպես նաև մեր գործընկերների հետ քննարկումներ ենք սկսել խմբակի ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ՝ հասկանալու համար, թե «Առողջ ապրելակերպ»-ի ուսուցումը, ինչպես կարող է ինտեգրվել մանկավարժական կրթության մեջ»։
Այս տարվա վերապատրաստման ժամանակ շեշտը դրվել է ուսուցչի ձեռնարկներով առաջարկվող նոր մեթոդների և ինտերակտիվ դասապրոցեսի ուսուցման վրա: Մենթորները իրենք ձեռնարկով նախատեսված դասեր են վարել և փորձագետների հետ քննարկել՝ վարած դասերի հաջողված և բարելավման ենթակա կողմերը։
Աշխեն Վահանյանը Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդում է «Կենսաբանություն» և «Բնագիտություն» առարկաները, ինչպես նաև «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակն է վարում, մենթոր է։
«Դասերն այստեղ շատ արդյունավետ են անցնում, ինքներս ենք վարում, ստանում նաև օգտակար խորհուրդներ մեր մենթորներից։ Այս ընթացքում իրականում շատ ենք մտերմացել, կարծես մի մեծ ընտանիք լինենք, մի տեսակ կարոտ կար․ մի տարի չէինք տեսել միմյանց, իսկ դե մեր մենթորներն էլ հրաշալի մարդիկ են, մասնագետներ, որոնց հետ միշտ կապի մեջ ենք, եթե ինչ որ հարց ենք ունենում»,- նշում է տիկին Վահանյանը և խոսում նաև խմբակը վարելու, ինչպես նաև մարզի ուսուցիչներին վերապատրաստելու փորձառության մասին։
«Շատ կարևոր էր, որ մինչև խմբակի դասավանդելը մենք այդ մասին իրազեկեցինք ծնողներին, առանձին հանդիպումների ժամանակ ներկայացրեցինք ձեռնարկն ու ինչ թեմաների շուրջ ենք խոսելու։ Մենք շատ թափանցիկ ենք աշխատում, ծնողները տեղեկացված են, ու դրա շնորհիվ է նաև, որ այլևս դիմադրության չենք հանդիպում»,- նշում է տիկին Վահանյանը և հավելում, որ ուսուցիչների հետ աշխատանքում էլ էին լինում դժվարություններ,-«Եղել են ուսուցիչներ, որ շատ կարծրատիպային պատկերացումներ են ունեցել, բռնության, գենդերային հավասարության մասին, բայց օրինակ, վերջին անգամ, երբ հանդիպեցի իմ գործընկերոջը, ասաց՝ «Ընկեր Վահանյան, իմ կարծիքը փոխել եմ․․․։ Դա ինձ ուրախացնում է, քանի որ տեսնում եմ, որ մեր աշխատանքն արդյունք է տալիս»։
Մենթորներից էր նաև Արտավազդ Աբրահամայանը, ով Սյունիքի մարզի Խնածախի միջնակարգ դպրոցի տնօրենն է, «Առողջ ապրելակերպ» խմբակի վարող, մենթոր։ Մեր զրույցի ժամանակ նշեց, որ ուսուցիչների հետ կապված խնդիրներ չեն եղել․
«Հենց առաջին օրվանից փորձել ենք միմյանց օգնելով առաջ գնալ, կարծրատիպեր հաղթահարել, բոլոր վերապատրաստված ուսուցիչների հետ կապի մեջ եմ, այստեղից ստացած նոր հմտություններ էլ կփոխանցեմ նրանց»,- նշում է պարոն Աբրահամյանը և առանձնացնում մենթորներից ստացած ամենակարևոր խորհուրդը,- «Դասը սկսելուց առաջ փոխվստահության, առողջ դատողության մթնոլորտ ստեղծելն է։ Կան թեմաներ, որոնցից են, օրինակ, հիվանդությունների մասին նյութերը, որի ժամանակ այնպես պետք է անենք, որ այդ բացասական տրամադրությունը չփոխանցենք աշակերտներին, որ դա չազդի ընդհանուր մթնոլորտի վրա»։
Սուսաննա Եսայանը նույնպես վերապատրաստման մասնակիցներից է։ Վերապատրաստում է Երևանի ուսուցիչներին, նախկինում նաև խմբակն է վարել Երևանի թիվ 150 դպրոցում։
«Ուսուցիչների հետ աշխատանքը մի փոքր դժվար էր․ բացասական մոտեցումներ կային խմբակի հանդեպ, բայց համատեղ աշխատանքի արդյունքում վերաբերմունքը փոխվեց։ Իրականում ձեռնարկը շատ է օգնում մեզ, թեմաները ճիշտ են ընտրված, մշակված, հասանելի ու մատչելի են ներկայացված նյութերը»,- նշում է տիկին Եսայանը և հավելում, որ ուսուցչին ընդամենը պետք է հետևել ձեռնարկին և դասապրոցեսը կստացվի։ Խոսելով նաև ծնողական համայնքի հետ աշխատանքից՝ նշում է,-«Երբ աշխատում էի, որպես ուսուցիչ, նաև ներկայացնում էի խմբակի նյութերը ծնողներին ու նրանցից շատ դրական արձագանք էր գալիս, քանի որ տեսնում էին, որ երեխաները ճիշտ, գրագետ ինֆորմացիա են ստանում ու չեն հենվում համացանցի սխալ տեղեկատվության վրա»։
ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ հաստատվել է «Հանրակրթության պետական չափորոշիչը» նոր խմբագրությամբ, որը հիմնված է կարողունակությունների վրա՝ յուրաքանչյուր կրթական աստիճանի համար սահմանելով հստակ վերջնարդյունքներ։
«Նոր չափորոշիչներով նախարարությունը ստանձնել է հանձնառություն «Առողջ ապրելակերպ»-ը հանրակրթության կարևոր բաղադրիչ դարձնելու վերաբերյալ: Առանցքային է «Առողջ ապրելակերպ» խմբակը վարողների գաղափարական և մեթոդական պատրաստվածությունը։ Այս համատեքստում շատ կարևորվում են վերապատրաստումները, և առավելապես, «Առողջ ապրելակերպ»-ի մենթորների համար կազմակերպված վերապատրաստումները, քանի որ նրանք են վերապատրաստելու խմբակավարներին»,- իր խոսքում նշեց ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, ով մշտադիտարկել է վերապատրաստումը,- «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում դպրոցի ուսումնական պրոցեսում «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի ներդրման աշխատանքները և երախտապարտ է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին, ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին համագործակցության և շարունակական աջակցության համար»։
«Առողջ ապրելակերպ» դասընթացի մենթորների վերապատրաստման ծրագիր