You are here

2013 թ. նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Հայաստանում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկին: Ասուլիսի հիմնական բանախոսներն էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպայի միության, ԵԱՀԿ գրասենյակի և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ղեկավարները:

Ասուլիսը բացեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ով նաև ընթերցեց բանախոսների համատեղ հայտարարությունը՝ ի աջակցություն ՀՀ վարչապետին կից Կանանց խորհրդի վերջերս ընդունած որոշման: Վերջինս, մասնավորապես, կոչ էր անում երաշխավորել «Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ» օրենքի արդյունավետ կիրառումը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներկայացրեց 16-օրյա քարոզարշավի օրացույցը: Այս տարի այն ներառում է տարատեսակ միջոցառումներ, այդ թվում՝ երթ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության, 16-օրյակի հարցերի բարձրաձայնում Ազգային Ժողովում, թեմատիկ հանդիպում-քննարկումներ, Հայաստանում սեռական բռնության խնդրին նվիրված վավերագրական ֆիլմի դիտում, լուսանկարչական ցուցահանդես, ինտերակտիվ ֆորում թատրոնի ներկայացում և այլն:

«Գենդերային բռնության վերացումը և գենդերային հավասարության հաստատումն առանցքային նշանակություն ունեն աշխարհի յուրաքանչյուր հասարակության զարգացման համար՝ լինի դա զարգացման տնտեսական, քաղաքական, սոցիալական, թե որևէ այլ բաղկացուցչի առումով», - ասուլիսում նշեց պրն. Բուզետտոն:

Ասուլիսի ավարտին ներկաները հրավիրվեցին ՄԱԿ-ի շենքի նախասրահ՝ դիտելու կանանց հնարավորությունների ընդլայնմանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը  ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Բացի բուն 16-օրյակի քարոզարշավից, այն ներառում է ևս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավը: 1991 թ.-ից ի վեր իրականացվող քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից: