2014 թ․ հունիսի 2-ից 6-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, «Ժողովրդագրության հիմունքներ» թեմայով դասընթացներ անցկացվեցին Հայաստանի մի խումբ քաղծառայողների և լրագրողների համար: Դասընթացները վարում էր փորձառու ժողովրդագիր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Ռուբեն Եգանյանը:
Դասընթացներն ընդգրկում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ժողովրդագրության առարկան և մեթոդը, ժողովրդագրական տեղեկությունների աղբյուրները, բնակչության կառուցվածքը և դինամիկան, ինչպես նաև հատուկ անդրադարձ այնպիսի հրատապ հարցերի, ինչպիսիք են ծնելիությունը, մահացությունը, միգրացիան և այլն:
Դասընթացները գրեթե 40 մասնակիցներին թույլ տվեցին պատկերացումներ կազմել ժողովրդագրության հիմնական հասկացությունների և երևույթների վերաբերյալ` հետագայում իրենց աշխատանքում ստացած գիտելիքներն օգտագործելու նպատակով: Լրագրողների համար նախատեսված դասընթացին փորձ արվեց այդ հասկացություններն ու երևույթների նկարագրությունը կապել բուն լրագրողական աշխատանքի առանձնահատկություններին, որպեսզի հետագայում բնակչության և զարգացման թեմաների նրանց լուսաբանումն ավելի հարուստ և որակյալ լինի:
Դասընթացի ավարտին մասնակցիները ստացան համապատասխան վկայագրեր՝ ստորագրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի և ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի կողմից: