2012 թ. դեկտեմբերի 8-ին, «Փոփոխությունների թատրոն» ինտերակտիվ ֆորում թատրոնը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հանրությանը ներկայացրին «Ծիածանի գործով աննախադեպ դատավարություն» ինտերակտիվ նոր ներկայացումը՝ նվիրված Հայաստանում տղա երեխաների նախապատվության հիմնախնդրին:
Այն բեմադրվեց Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնում՝ «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում:
Ինտերակտիվ ներկայացումն անցավ շատ աշխույժ մթնոլորտում՝ ներգրավելով հիմնականում երիտասարդ, բայց նաև այլ տարիքային խմբերի մարդկանց, ովքեր, որպես դատավարության «վկաներ», իրենց տեսակետն ու սեփական լուծումներն էին առաջարկվում ներկայացման առանցքում գտնվող խնդրին: Իսկ խնդիրն այն էր, որ ներկայացման հերոսուհի տիկին Արուսյակը, հոգնելով կնոջ չարքաշ ու անհրապույր կյանքից, գողացել էր ծիածանը, որպեսզի անցնի նրա տակով ու դառնա տղամարդ և իր կյանքի մնացած մասն անցկացնի «մարդավարի». և դատարանը պիտի քններ այդ գործն ու վճիռ կայացներ:
Բեմադրությունը հիմնված էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված՝ «Լավ է աղջի՞կ լինել, թե տղա՝ Հայաստանում» թեմայով ֆորում թատրոնի փոքրածավալ պիեսների մրցույթի հաղթող պիեսի վրա, որի հեղինակն էր հանրածանոթ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: