You are here

- «Ես նույնիսկ չգիտեի՝ ծնողներս ողջ են, թե ոչ։ Շատ դժվար էր այդ պահին»,- պատմում է 16-ամյա Մարիամը Ղարաբաղի Մարտակերտ քաղաքից։

Սեպտեմբերի 19-ին, երբ ռմբակոծությունները սկսվեցին, Մարիամն իր դասընկերների հետ տարհանվեց դպրոցից և տեղափոխվեց Ստեփանակերտ։ Ապաստարանում Մարիամը փորձեց կապ հաստատել ծնողների հետ, սակայն հեռախոսակապը չէր գործում այդ օրերին։ Միայն երեք օր հետո Մարիամի ծնողներն ու հարազատները միացան նրան․ շատերը ոտքով էին եկել Մարտակերտից՝ 50կմ ճանապարհ կտրելով, քանի որ մեքենաների համար վառելիք չկար։ Եվս երեք օր պահանջվեց Մարիամից և նրա ընտանիքից սահմանը հատելու և Հայաստան հասնելու համար։ Խոսելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ՝ արդեն Վայոց ձորում տեղակայված ճամբար-կեցավայրում Մարիամն ասում է․ «Շատ եմ կարոտել մեր տունը»։

Մարիամը մեկն է այն ավելի քան 100,000 մարդկանցից (ճնշող մեծամասնությամբ էթնիկ հայեր), որոնք տեղահանվել են Հայաստան սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի իրականացված ռազմական գործողությունների հետևանքով: Ըստ պաշտոնական տվյալների փախստականների մոտ մեկ երրորդը մինչև 18 տարեկաններ են, իսկ մոտավորապես կեսը՝ կանայք և աղջիկներ:
Արտակարգ իրավիճակներում կանայք և աղջիկներն առանձնահատուկ կարիքներ են ունենում, որոնք հաճախ անտեսվում են հումանիտար իրավիճակի պատճառով:

Խաթարվել է առաջնային խնամքի պարագաների հասանելիությունը

Աղետների հետևանքներն առավել սուր են ազդում կանանց և աղջիկների վրա։

Հակամարտություններն ու տեղահանությունները մեծացնում են գենդերային բռնության ռիսկերը, ինչպես նաև մայրական մահացության մոտ 60 տոկոսը, որը հնարավոր էր կանխարգելել, տեղի է ունենում քաղաքական կոնֆլիկտներից, տեղահանությունից և բնական աղետներից տուժած բնակավայրերում:

Հայաստան տեղահանված տասնյակ հազարավոր կանանց և աղջիկների թվում ավելի քան 2000-ը հղի են, և առաջիկա երեք ամիսներին սպասվում է մոտ 700 ծնունդ:

Ճգնաժամերը վտանգի տակ են դնում այն ​​կենսական պարագաների հասանելիությունը, որոնք անհրաժեշտ են կանանց՝ անվտանգ հղիություն և ծննդաբերություն ունենալու համար։ Այս խնդրի լուծման համար ՄԱԲՀ-ն Հայաստանի երեք մարզերի առողջապահական հաստատություններին տրամադրում է վերարտադրողական առողջության փաթեթներ, որոնք պարունակում են սեռական և վերարտադրողական առողջության անհրաժեշտ պարագաներ՝ 150,000 բնակչության կարիքները հոգալու համար:

ՄԱԲՀ-ի ջանքերով վերապատրաստվել են նաև համայնքային ծառայություն մատուցող 35 մասնագետներ, որոնք մասնագիտացված աջակցություն են տրամադրում գենդերային բռնության ենթարկված անձանց: ՄԱԲՀ-ի աջակցությամբ այս պահին գործում են երկու «ապահով տարածքներ», որտեղ կանայք և աղջիկները հնարավորություն ունեն ստանալու սոցիալ-հոգեբանական, առողջապահական և իրավաբանական աջակցություն։ Եվս երեք կենտրոնների գործարկում սպասվում է առաջիկայում։

«ՄԱԲՀ-ն աշխատում է համայնքներում առաջին իսկ օրվանից՝ արձագանքելով ավելի քան 100,000 մարդկանց կարիքներին»,- հարցազրույցում ասել է Էմանուել Ռուսիեն, ՄԱԲՀ-ի Հումանիտար հարցերով համակարգողը, որն այժմ գտնվում է Հայաստանում,- «Մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք «ապահով տարածքներ» ապահովել կանանց և աղջիկների համար, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց պատմություններով և ստանալ անհրաժեշտ բոլոր ծառայությունները»:
 
Առավել պայծառ ապագա աղջիկների համար

Մարիամը, ում հանդիպեցինք Վայոց ձորի ճամբար-կեցավայրում, կրում էր մի շապիկ՝ հետևյալ գրառմամբ․ «հավատա և վստահիր քո ուժերին, քանի որ դու առանձնահատուկ ես»։
Մարիամն այս մոլորակի վրա ապրող 600 միլիոն դեռահաս աղջիկներից մեկն է, որոնք, ըստ «Գործընկերություն հանուն մայրական, նորածնային և մանկան առողջության»  հետազոտության, երազում են այն ապագայի մասին, որտեղ նրանք կարող են սովորել և արարել՝ ապահով և աջակցող միջավայրում:

«Յուրաքանչյուր աղջիկ ծնվում է՝ սովորելու և զարգանալու, առաջնորդելու, ոգեշնչելու և աշխարհը փոխելու անսահման ներուժով»,- Աղջիկ երեխայի միջազգային օրվան նվիրված իր ելությում նշել է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմին և հավելել,- «Այնուամենայնիվ, մենք պետք է ավելի արագ և տեսանելի գործենք, որպեսզի յուրաքանչյուր աղջիկ, որտեղ էլ որ նա ապրի, ապահով մեծանա՝ գիտակցելով, որ իր ապագան ինքն է որոշում, որ կարողանա դպրոց գնալ, օգտվել իրեն անհրաժեշտ առողջապահական ծառայություններից և ապրել բռնությունից զերծ միջավայրում»։

Մինչ իր ծննդավայրից տեղահանվելը 16-ամյա Մարիամը սիրում էր հաճախել Մարտակերտի «Թումո» կենտրոն և զբաղվել լուսանկարչությամբ, անիմացիաներ պատրաստելով և օնլայն խաղեր ստեղծելով։

Այս պահին անորոշ է, թե Մարիամը երբ կկարողանա վերսկսել իր ուսումնառությունը, ինչպես ՄԱԿ-ի պաշտոնյաների տեղեկություններով անորոշ է նաև, թե արդյոք Ղարաբաղի նախկին բնակիչներից կցանկանան հետ վերադառնալ, թե ոչ:
Մարիամի ընտանիքի տունը ռմբակոծությունից վնասվել է։ «Մերոնք ինձ ասացին, որ մեր տունը ռմբակոծվել է, մեր գյուղի հարևանների տներն էլ են վնասվել»,- պատմում էր Մարիամը,- «Ես ոչինչ չեմ վերցրել ինձ հետ, քանի որ դպրոցից ուղիղ ապաստարան ենք գնացել: Չկարողացա անգամ հրաժեշտ տալ ․․․»: