«Առաջին անգամ իմացա, որ այսպիսի ուժեղ կին գործիչներ ենք ունեցել, որոնք պայքարել են կանանց իրավունքների համար, և շատ զարմացած էի: Ընդհանրապես, այսպիսի ներկայացում առաջին անգամ էի դիտում», - ասում է 16-ամյա Խաթունա Ուսոյանը:
Մայիսի 18-ին՝ «Թանգարանների գիշեր» միջոցառմանը, Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում «Հանդիպում 100 տարի անց» ներկայացումը հանդիսականներից Խաթունայի համար, ինչպես ինքն է ասում, շատ յուրահատուկ նշանակություն է ստացել: Խաթունան եզդի ընտանիքից է, ասում է՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, խտրականության չի բախվում, բայց որպես լսողության խանգարում ունեցող մարդ, շատ դժվարությունների է հանդիպում։
«Ընդհանրապես, լսողության խնդիրներ ունեցողների համար խոչընդոտները շատ են․ մարդիկ ժեստերի լեզուն չգիտեն, շատ տեղերում թարգմանիչներ չկան։ Ես ինձ, հատկապես, լավ եմ զգում մեր դպրոցում. այստեղ հիփ-հոփ ենք պարում, ինչը ինձ շատ է դուր գալիս։ Բայց ապագայում, երևի թե, կդառնամ մատնահարդար։ Կարծում եմ, որ այդ դեպքում հեշտությամբ կաշխատեմ, բացի այդ՝ գնացել եմ մատնահարդարման դասընթացների, դա ինձ շատ է դուր եկել», - ասում է Խաթունան։
«Հանդիպում 100 տարի անց» ներկայացումը պատմում է դեռևս հարյուր տարի առաջ կանանց իրավունքների և նրանց զորեղացման համար պայքարող հայ կանանց մասին: 20-րդ դարի այդ ականավոր հայ կանայք էին՝ Առաջին Հանրապետության կին պատգամավորներ Վարվառա-Վարյա Սահակյանը, Կատարինա Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան- Բարսեղյանը, գրող-հրապարակախոս, հասարակա-քաղաքական գործիչներ Զապէլ Եսայեանն ու Շուշանիկ Կուրղինյանը:
«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում՝ «Նաիրյան» վոկալ անսամբլի բեմականացումն առաջին անգամ ներկայացվեց ժեստերի լեզվով: Միջոցառումը բազմաթիվ հյուրերի էր համախմբել, այդ թվում՝ լսողության խանգարումներ ունեցող երիտասարդ աղջիկների և տղաների:
«Շատ հետաքրքիր էր տեսնել, թե հարյուր տարի առաջ ինչ հզոր և ուժեղ հայ կանայք ենք ունեցել: Սերունդները պետք է շարունակեն նրանց գործը: Նաև ազդեցիկ էր ժեստերի լեզվով համերգը»,- ասում է 19-ամյա Ժորժ Լալայանը։ Ժորժը սովորում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝ որպես դերասան։ Նաև զարդերի դիզայնի 3D մոդելավորում է սովորում, մինչ այդ էլ հագուստի մոդելավորման դասընթաց է անցել։
«Ես շատ եմ սիրում զբաղվել մնջախաղով, դերասանական արվեստով։ Միշտ հաճախում եմ թանգարաններ։ Կուզեմ, որ մեզ համար հավասար հնարավորություններ ապահովվեն և նախաձեռնություններ հաճախ լինեն։ Չլսող մարդիկ կարողանում են անել ամեն ինչ, իրենք պարզապես խոսում են ժեստերի լեզվով։ Միայն թարգմանչի կամ ժեստերի լեզվի իմացության առկայությունը բավարար կլինի, որ մեր աշխարհները հեշտությամբ կապվեն իրար»,- ասում է Ժորժը։
Ներկայացումից հետո կայացավ սուրդոթարգմանության ուղեկցությամբ հայկական ժողովրդական երգերի համերգ, որը մեկնարկեց հանդիսատեսին՝ «Նաիրյան» վոկալ անսամբլի երաժիշտների կողմից ժեստերի լեզվով երգի ուսուցմամբ:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից 17-ամյա Վարդանուշ Մամաջանյանը հատկապես հավանել է ներկայացման ավարտին հնչած երգը, որը կանանց՝ ուժեղ և համարձակ լինելու մասին ուղերձն էր պարունակում։
«Ես թատրոնի հանդեպ շատ մեծ սեր ունեմ, երազում եմ դերասան դառնալ։ Վերջերս մի ծրագրի եմ մասնակցել, որի շնորհիվ կարողացա հանդես գալ թատրոնում։ Ամեն դեպքում որոշել եմ դպրոցն ավարտելուց հետո ոչ թե գնալ իմ երազած ճանապարհով, այլ խոհարար դառնալ, ինչն ավելի հեշտ կլինի։ Պատճառն այն է, որ ես թույլ լսող եմ, և մենք միշտ ունենք այն մտահոգությունը, որ լսողների աշխարհում մեզ համար շատ բարդ կլինի, քանի որ չկան թարգմանիչներ, մեծամասնությունը ժեստերի լեզվին չեն տիրապետում»:
Հանդիսատեսը նկատում է, որ ժեստերի լեզվով «Հանդիպում 100 տարի անց» ներկայացումը Հայաստանում եզակի նախաձեռնություններից է։
«Այս նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի մանդատին: Մեր հասարակության յուրաքանչյուր անդամի՝ կանանց, տղամարդկանց, երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց՝ բոլոր-բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծումը, այդ թվում՝ ներառականության ապահովումը, մեր կարևորագույն նպատակն է եղել մշտապես»,- ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը:
Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ուսումնական գծով փոխտնօրեն Աննա Պողոսյանը կարևորում է, որ «Թանգարանների գիշեր» միջոցառմանը լսողության խանգարումներ ունեցող մարդիկ ևս կարողացան հավասար մասնակցություն ունենալ և դիտել ներկայացումը: «Եթե չլիներ սուրդոթարգմանիչ, չլինեին ժեստերի լեզվով երգեր, բնականաբար, մեր սաները չէին կարողանա մասնակից դառնալ: Նմանատիպ նախաձեռնություններն իրականում քիչ են, մինչդեռ համայնքը բավականին մեծ է: Մեր կրթահամալիրում միայն մոտ 116 աշակերտ ունենք: Իսկապես կա այնպիսի ծրագրերի կարիքը, որոնք մշակութային միջոցառումները հասանելի կդարձնեն լսողության խանգարում ունեցող մարդկանց»,- ասում է նա:
Ներկայացումը Հայաստանի բոլոր մարզերով շրջել սկսել է դեռևս երեք տարի առաջ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՕքսԵՋեն հիմնադրամի համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում ներկայացումը դարձել է ավելի ներառական՝ ունենալով ամբողջական սուրդոթարգմանություն:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։