You are here

ՎԱՐԴԵՆԻՍ, Հայաստան – «Բժիշկներն ասում էին, թե երեխան չի ապրի,- ասում է 28-ամյա միայնակ մայր Մարթա Ասրյանը։ - Շատ թույլ էի, արյունահոսում էի, ես էլ, ասում էի, որ տղաս անպայման կծնվի․․․ու ծնվեց»,– ժպտում է։

Մարթան մտավախություն ուներ իր հղիության համար դեռևս նախքան Լեռնային Ղարաբաղի Հայկավան գյուղի իր տունը հարկադրված լքելը: Բայց նրա համար Հայաստան հասնելու ճանապարհն էլ հեշտ չի տրվել։

 «Մի օր դուռս ծեծեցին, վախեցած բացեցի, չգիտեի, հայեր են, թե արդեն ադրբեջանցիներ, գյուղ էին մտել։ Պարզվեց հայեր են, եկել են, որ օգնեն, գյուղից դուրս գանք։ Ոչ երեխաներին կարող էի գրկել, ոչ էլ վազել, բայց մի կերպ ինձ հավաքել եմ ու գետի միջով անցել ենք, որ փրկվենք․․․»։

Սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների վերսկսումից հետո Հայաստան է տեղահանվել ավելի քան 100 հազար մարդ։ Ըստ գնահատականների, նրանցից ավելի քան 2000-ը հղիներ են, որոնցից հարյուրավորները կծննդաբերեն առաջիկա ամիսներին:

Տեղահանումը հղի կանանց ավելի խոցելի է դարձնում բռնության և առողջական խնդիրների նկատմամբ: Այս ռիսկերի դեմ պայքարելու համար ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը, Հայաստանում աշխատանք է տանում՝ բաշխելով առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ ու պարագաներ, վերապատրաստելով բուժաշխատողներին սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների մատուցման և գենդերային բռնությունից պաշտպանելու աջակցելու վերաբերյալ:

«Մենք փորձում են ապահովել, որ ժամանելիս հղի կանայք ունենան այն ամենը, ինչի կարիքը կարող է լինել առողջապահական հաստատություններում», - ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի մարդասիրական աշխատանքների համակարգող Էմանուել Ռուսիեն հոկտեմբերին ՄԱԿ-ի նորություններին տված հարցազրույցում:

Պայքարել առողջության համար, հետո հարկադրված լքել տունը

Մարթան հղիացել էր 2022 թվականի դեկտեմբերին՝ շրջափակումից մի քանի ամիս անց, երբ կտրուկ սահմանափակվեց այնպիսի առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունը, ինչպիսիք են սնունդը, վառելիքը և դեղորայքը։ Հետագայում ՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացրեցին, որ հղի կանայք կանգնած են «նշանակալի ռիսկի» առաջ, իսկ 2023 թվականի օգոստոսին տեղի բնակիչների մեծամասնությունը ստիպված էր սնունդ ստանալ կտրոններով:

«Նորմալ սնունդ չկար»,- ասում է Մարթա Ասրյանը։ - «Անընդհատ գնում էի Ստեփանակերտի հիվանդանոց, մի քանի օր պառկում էի, բուժում ընդունում»։

Հայաստանի հետ կապող միակ միջանցքն այն ժամանակ փակ էր շրջափակման տակ։ Վերջին ճգնաժամից հետո այն միակողմանի վերաբացվեց՝ բնակչության ելքին նպաստելու համար։

Հենց այս ճանապարհին էլ Մարթան մտավախություն ուներ, որ ծննդաբերելու է. «մի բան էի խնդրում Աստծուց, որ ճանապարհին հանկարծ չծննդաբերեմ․․․»։ Փոխարենը, անցումը նրան տարավ Գորիս, որտեղ նա բուժօգնություն ստացավ և շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Վարդենիսի ծննդատուն, որին աջակցում է նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը:

Մարթան ծննդաբերեց Վարդենիսում 2023 թվականի հոկտեմբերի 10-ին՝ դառնալով 88 փախստական կանանցից մեկը, որոնք հոկտեմբերի վերջի դրությամբ ծննդաբերել էին Հայաստանում։

Նրա երեխան ծնվեց մոտ մեկ ամիս շուտ, ինչն արտացոլում է այն միտումը, որը պարոն Ռուսիեի խոսքերով ազդել է բազմաթիվ հղի փախստականների վրա, որոնք ծննդաբերել են Հայաստանում։

«Կանանց 50 տոկոսը ծննդաբերում էր նախատեսված ժամկետինց շատ ավելի վաղ՝ սթրեսի, թերսնման պատճառով՝ այն ամենի պատճառով, ինչի միջով նրանք անցել էին», - ասել էր նա ՄԱԿ-ի նորություններին:

Նոր սկիզբներ

Մինչ փախստական հղի կանայք նոր կյանք են բերում աշխարհ, նրանց ընտանիքները նույնպես փորձում են ուղիներ գտնել սահմանից այն կողմ կյանքը նորից սկսելու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ փախստական երեխաների երկու երրորդն արդեն հաճախում է հայաստանյան դպրոցներ. նրանց թվում են Մարթայի ավագ երեխաները։ Իսկ փոքրերը շուտով կհաճախեն մանկապարտեզ։

Հայաստանի կառավարությունը բռնի տեղահանվածների համար ստեղծել է բժշկական ծառայությունների, կեցավայրի, ֆինանսական օգնության և աշխատանքի հասանելիության ուղիներ։ Այդուհանդերձ, ծանր մարտահրավերներ կան այն ընտանիքների համար, որոնք հարազատների ու սիրելիների կորուստ են ունեցել: Մարթայի հայրը զոհվել է վառելիքի պահեստում ավերիչ պայթյունից՝ Հայաստան գալուց քիչ առաջ։

Մինչ Մարթան փորձում է պատկերացնել անորոշ ապագան, նա խարսխված է մնում ներկայում՝ ամուր սյուն լինելով իր ընտանիքի համար: «Շարունակությունը դեռ ոչ մի կերպ չեմ պատկերացնում, բայց երեխաների խաթեր պետք է ուժեղ լինեմ։ ... Ես էլ չեմ սիրում նեղություն տալ ոչ մեկի, ոտքի կկանգնեմ, կաշխատեմ, որ երեխաներիս մեծացնեմ»,– ասում է նա։