Go Back Go Back
Go Back Go Back

«Վճարվող աշխատանքային պրակտիկա երիտասարդների համար» ծրագրի արդյունքները. մասնակիցների շուրջ կեսը հիմնական աշխատանքի է անցել

«Վճարվող աշխատանքային պրակտիկա երիտասարդների համար» ծրագրի արդյունքները. մասնակիցների շուրջ կեսը հիմնական աշխատանքի է անցել

News

«Վճարվող աշխատանքային պրակտիկա երիտասարդների համար» ծրագրի արդյունքները. մասնակիցների շուրջ կեսը հիմնական աշխատանքի է անցել

calendar_today 19 April 2021

Անցյալ տարի Երիտասարդության միջազգային օրը (օգոստոսի 12) նշելու տարբերակներն այնքան էլ շատ չէին, քանի որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում մոլեգնում էր COVID-19-ը։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) գործընկեր Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (ԵՆԿ) հետ քննարկումների արդյունքում ծնված մի քանի գաղափարներից մեկը Շիրակի մարզի երիտասարդների համար վճարվող աշխատանքային պրակտիկայի ծրագիր իրականացնելն էր։

«Ինքս տարիներ առաջ հենց նմանատիպ ծրագրով եմ ընդունվել ՄԱԿ-ի գրասենյակում աշխատանքային պրակտիկայի, եւ ծրագրի հիմքում, կարելի է ասել, իմ անձնական փորձն է՝ համադրված երկրում առկա իրավիճակի հետ։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում երիտասարդների առջեւ ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկը աշխատանք գտնելն է։ Իսկ կրթությանը համապատասխան աշխատանք գտնելը հատկապես բարդ է, քանի որ գործատուները հիմնականում փնտրում են արդեն իսկ աշխատանքային որոշ փորձառություն ունեցող աշխատակիցների»,- ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի Երիտասարդական ծրագրերի պատասխանատու Աննա Բարֆյանը։

Նկարում ձախից՝ Աննա Բարֆյանը, աջից՝ ԵՆԿ-ի կողմից ծրագրի պատասխանատու Մարիամ Ղարագյոզյանը

Ծրագրի շրջանակներում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Գյումրիում գործող 11 կազմակերպությունների հետ, որոնք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ 6-ամսյա վճարովի պրակտիկայի հնարավորություն տվեցին Շիրակի մարզի 11 երիտասարդների։ Ծրագրի մասնակից երիտասարդնեն ընտրվել են մրցույթի միջոցով, իսկ կազմակերպություններն իրենք են ասել, որ կարիք ունեն կադրերի՝ նշում է Գյումրու ԵՆԿ ղեկավար Արթուր Նաջարյանը.

«Պայմանը եղել է այն, որ ազատ հաստիք ունենան կամ պատրաստ լինեն որեւէ հաստիքի կցել պրակտիկանտին եւ ամբողջ վեց ամիսներին այդ քոուչինգը, մենթորությունն իրականացնել։ Կարևորն այն էր, որ պրակտիկան հավասարաչափ արժևորվեց և պրակտիկանտի, և գործատուի կողմից, քանի որ մի կողմից գործատուն հնարավորություն ստացավ առանց ֆինասական ռեսուրսների տրամադրման պատրաստել իրեն անհրաժեշտ կադր և համալրել կազմակերպության մարդկային ռեսուրսները, իսկ մյուս կողմից նորավարտ երիտասարդն աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն ստացավ՝ դառնալով հմուտ և աշխատաշուկայում մրցունակ»,- ասում է Արթուրը:

ՄԱԲՀ հայաստայան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը և ԵՆԿ նախագահ Արթուր Նաջարյանը ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

Ի՞նչ տվեց ծրագիրը

Ծրագրի գնահատում անելու համար Գյումրու երիտասարդական կենտրոնում հավաքվել էին պրակտիկայի ծրագրի մասնակից երիտասարդներն ու ծրագրի նախաձեռնողները՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան թիմի եւ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները։

Միջոցառումը վարում էր ԵՆԿ ներկայացուցիչ Աննա Եղոյանը

«Ուզում ենք հասկանալ՝ ինչ է տվել ծրագիրը ձեզ։ Ուզում ենք լսել ձեր տպավորությունները։ Մեզ համար կարեւոր է ցանկացած ծրագրի արդյունավետությունը գնահատելը, հատկապես՝ մասնակիցների կողմից։ Որովհետեւ քաղաքականության ու ծրագրային մակարդակի փոփոխություններից զատ կարեւոր են նաեւ անհատական մակարդակի փոփոխությունները։ Եվ եթե կարողանանք ինչ-որ մեկի կյանքում դրական բան փոխել, մեր առաքելությունը կհամարենք ինչ-որ չափով կատարված։ Ի վերջո՝ անհատական հաջողության պատմությունների հանրագումարն է երկրի հաջողության գրավականը»,- ողջույնի խոսքում ասաց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Երիտասարդները ծրագիրը գնահատեցին ոչ ստանդարտ մեթոդով՝ թղթի վրա պատկերելով իրենց փոփոխությունը ծրագրի ընթացքում, ամենաառանցքային պահը, իրենց ստացածն ու տվածը եւ ծրագրի արդյունավետությունը՝ 100 բալանոց սանդղակով։

Ասյա

Գյումրեցի Ասյա Սահակյանը պրակտիկան անցկացրել է «Աստեր» մանկական զարգացման կենտրոնում որպես մանկավարժ։ «Շատ հետաքրքիր ու վառ է անցել ամեն օրը։ Շատ էներգիա կպահանջվի իրենց (երեխաների) հետ, բայց նույնչափ կստանաս»,- Գյումրու խոսույթով իր տպավորություններն է ներկայացնում Շիրակի պետհամալսարանի (ՇՊՀ) կենսաբանության ֆակուլտետն ավարտած Ասյան։ Ամենակարեւոր պահը նրա համար եղել է ծրագրի կեսերին. դա այն պահն է, երբ երեխաներն արդեն ընդունել էին իրեն, ու երբ ներս էր մտնում՝ «բարեւ ձեզ, ընկեր Ասյա գոչելով կհասնին վրեդ»,- լայն ժպտում է Ասյան։

Ասյան ասում է՝ ծրագրի արդյունքում ավելի բաց ու շփվող է դարձել։ Իսկ ամենակարեւոր ձեռքբերումը համարում է ստացած սերը՝ թե երեխաներից, թե անձնակազմից։ Նա նաեւ հիմնական աշխատանքի առաջարկ է ստացել, ու թեպետ շատ մեծ էր ցանկությունը, բայց ուսման հետ համատեղելու դժվարության պատճառով հրաժարվել է։

Հռիփսիմե

Մասնագիտությամբ սոցիալական մանկավարժ Հռիփսիմեն մանկավարժությունը մանկուց է սիրել եւ վեց տարի նվիրել այդ ճյուղն ուսումնասիրելուն։ Այդ պատճառով էլ աշխատանքային պրակտիկայի հայտարարությունն անմիջապես գրավել է նրա ուշադրությունը ու դիմել է «Ֆեմիլի» մանկական զարգացման կենտրոնում աշխատելու համար։

Նկարում աջից՝ Հռիփսիմեն

«Շատ շնորհակալ եմ ձեզ նման հնարավորություն մեզ ընձեռելու համար, որովհետեւ ամենադժվար բանն է, երբ սովորում ավարտում ես եւ մնում տանը»,- ասում է Հռիփսիմեն, որը պրակտիկայի ավարտից անմիջապես հետո աշխատանքի առաջարկ է ստացել եւ այժմ աշխատում է կենտրոնում որպես ավագ խմբի մանկավարժ։

Հռիփսիմեն պրակտիայի ընթացքում իր փոխվելը պատկերել է հողին ամուր կանգնած աղջկա տեսքով. «Ինչու եմ ներքեւում էդ «թունդ» մասը արել, որովհետեւ երբ որ դու աշխատանք ես ունենում, դու ավելի կայացած ես ու դու քո հողի վրա ավելի ամուր ես կանգնում, ոտքերիդ վրա ավելի ամուր ես կանգնում»,- բացատրում է Հռիփսիմեն։

Վահագն

ՇՊՀ շրջանավարտ Վահագն Սահակյանը միակն է, որ պրակտիկան անցկացրել է ոչ մասնավոր կազմակերպությունում՝ Գյումրու համայնքապետարանում, որպես անշարժ գույքի կառավարման մասնագետ։ Վահագնը ամենակարեւոր բանը, որ ստացել է ծրագրի ընթացքում, համարում է ինքնավստահությունը եւ հաղորդակցվելու հմտությունը, քանի որ աշխատանքային պարտականությունների բերումով շատ է շփվել բնակիչների հետ։ Թեպետ դեռեւս հիմնական աշխատանքի առաջարկ չունի, սակայն ծրագիրը համարում է  շատ հաջողված ու վստահ է՝ նման ծրագրեր շատ պետք է լինեն։

Վահագնը

Լարիսա

Գյումրեցի Լարիսան Հայաստանի պետական տնտեսագիտատական համալսարանն ավարտել է կառավարում մասնագիտացմամբ եւ ծրագրին մասնակցել է իր համար նոր մասնագիտական ուղղությամբ՝ հանրայիան հարաբերությունների պատասխանատու։ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոնում նա զբաղվել է մասնավորապես սոցիալական մեդիայի էջերի առաջխաղացմամբ։ «Երբ տեքստ էի մշակում ու առաջին անգամ ֆոտո նկարեցի պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով ու մշակեցի ուղարկեցի հաստատման, ու ասեցին, որ շատ լավ է»,- ամենակարեւոր պահն է հիշում Լարիսան, որի մեջ պրակտիկան փոխել է հենց վերաբերմունքը սոցիալական մեդիայի մենեջեր մասնագիտության նկատմամբ. «Առաջ որպես մասնագիտություն էդքան էլ չէի ընկալում, պրակտիկայից հետո ինձ համար դարձավ նպատակ, որ ավելի լավ տիրապետեմ ու արդեն դասընթացների եմ մասնակցում, որ ավելին սովորեմ»,- ասում է նա։ Լարիսան այժմ աշխատում է, սակայն այլ կազմակերպությունում։ Նա ծրագրի արդյունավետությունը գնահատել է 100, քանի որ չափազանց կարեւորում է դեպի նոր մասնագիտություն իր «գտած» սերը։

Լարիսան ստացավ մասնակցության իր հավաստագիրը

Մարիամ

Մասնագիտությամբ սոցիալական աշխատող Մարիամ Ղազարյանը պրակտիկայի ավարտից հետո միանգամից երեք տեղ է աշխատանքի անցել, իսկ «Էմիլի արեգակ» ռեսուրս կենտրոնին էլ շարունակում է աջակցել որպես կամավոր։ «Սկզբում շատ բարդ էր, որովհետեւ հաշմանդամություն ունեցող երեխաներ են, ու դու չգիտես՝ որին ինչ ձեւով մոտենաս, ծնողների հետ հետադարձ կապն էլ էր շատ դժվար։ Իմ պահը եղավ էն ժամանակ, երբ կարիքի գնահատումից հետո մենք ինչ-որ նպատակի հասանք, ու ծնողը եկավ ու ասեց՝ շնորհակալ եմ»,- խանդավառությամբ պատմում է Մարիամը։

Մարիամը ծրագրի ընթացքում իր ձեռքբերումներն է համարում բազմամասնագիտական թիմի հետ կապը, պատասխանատվության զգացումը։

Աշխատանքը բարդ է եղել՝ երբ պահանջում են առավելագույնը, ու դու անում ես առավելագույնը. «Ու դա ինձ օգնեց, որ ես կայացա աշխատաշուկայում եւ դարձա մրցունակ»,- վստահ է Մարիամը։

Ծրագրի ընթացքում իր փոփոխությունը Մարիամը պատկերել է արեւի տեսքով, որը սկզբում ուներ երկու շող՝ մասնագիտական գիտելիքներ, «իսկ հիմա ունեմ ամեն ինչ, ինչ որ պետք է, որպեսզի համարեմ ինձ պիտանի տվյալ աշխատանքային ոլորտում»։

Սոնա

Սոնա Էյրամջյանը ԵՊՀ շրաջանավարտ է՝ պատմության բակալավր, եւ զբոսաշրջության ոլորտը նրա համար գրավիչ է եղել դեռ ուսանողական տարիներից։ «Երբ տեսա էս հնարավորությունը (մանավանդ COVID-ից հետո շատ լայն հնարավորություն էր բացվում ներգնա տուրիզմի), շատ ուրախացա, ու սկիզբը շատ խոստումնալից էր»,- ասում է պրակտիկան «Գյումրի տուր»-ում որպես գիդ ուղեկցորդ անցկացրած Սոնան։ Ու թեպետ պատերազմական իրավիճակի ու համավարակի պատճառով ոլորտը շատ տուժեց, սակայն Սոնան հասցրել է ստանալ «պրակտիկ մեծ գիտելիքներ, որը համալսարանում մեզ ոչ ոք չէր տալիս»։

Սոնան ուրախալի է համարում հատկապես ծրագիրը մարզում անցկացնելու հանգամանքը։ «Շատ մեծ քայլ էր ու շատ լավ էր կազմակերպված։ Եվ բոլորը շատ պատրաստակամ էին»,- ասում է Սոնան։ Նա լիահույս է, որ կունենա աշխատանք սիրած ոլորտում, հենց որ համավարակը հնարավորություն տա նոր ծրագրեր սկսելու։

Տաթեւ

Մասնագիտությամբ սոցաշխատող Տաթեւ Ղազարյանը պրակտիկան անցկացրել է «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդկան կենտրոնում որպես ընդունարանի աշխատակից։ Աշխատանքը Տաթեւին դարձրել է ավելի համարձակ՝ աշխատակազմի օգնությամբ։ «Ստացա շատ գիտեիքներ, ստացա թիմի հետ աշխատելու կարողություն, երեխաների հետ շփվելու հմտություններ, նորանոր ծանոթություններ ունեցա, որի համար շնորհակալ եմ»,- ասում է Տաթեւը, որին հենց առաջին օրը թե աշխատակազմը, թե կենտրոնի երեխաներն այնպիսի ընդունելություն են ցույց տվել, որ մտածել է՝ «սա էր իմը»։ Միայն կուզեր, որ ծրագիրն ավելի երկար տեւեր։

Նկարում աջից՝ Տաթևը

Արմինե

Արմինե Մարգարյանը «Արեւամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամում հիմնական աշխատանքի առաջարկ է ստացել այդտեղ իր պրակտիկայի ավարտից անմիջապես հետո։ «Երբ որ հայտարարությունը տեսա, չէի պատկերացնում, որ կդիմեմ «Արեւամանուկի» ազատ հաստիքի համար, որովհետեւ էս ոլորտում մի քիչ ինձ չէի պատկերացնում։ Որոշեցի ռիսկի դիմել, ու ռիսկը արդարացված էր»,- ասում է Արմինեն։ Նրա պատասխանատվությունն է այցելուների ընդունումը, գրանցումը, տեղեկության տրամադրումը, գրասենյակի կարգուկանոնին հետեւելը։

Ծրագրի շնորհիվ Արմինեն ստացել է նոր գիտելիքներ, նոր ծանոթություններ հաստատել։ «Նույնիսկ սկսել եմ հոգեբանությունից գլուխ հանել, կարողանալ ինձ կառավարել սթրեսային իրավիճակներում»,- ասում է նա։ Արմինեն նույնպես վստահ է, որ ծրագիրը հաջողված է. «Մեծ հնարավորություն է երիտասարդների համար փորձ ձեռք բերելու եւ առաջ գնալու»,- ասում է նա։

Որպես ամփոփում

Այս պահի դրությամբ ծրագրի 11 մասնակցներից 5-ը աշխատում են, ինչը ոգեւորության մեծ առիթ է ծրագրի նախաձեռնողների՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան թիմի եւ Գյումրու երիտասարդական նախաձեռնություննների կենտրոնի համար։ Գրեթե բոլոր մասնակիցները, այդ թվում նրանք, որոնք պրակտիկայի ավարտից հետո դեռ աշխատանք չեն գտել, շատ բարձր են գնահատել ծրագրի արդյունավետոությունը՝ 99-100 բալ՝ 100-ից։

Միջոցառման ավարտին ՄԱԲՀ եւ ԵՆԿ ներկայացուցիչները հավաստագրեր ու նվերներ հանձնեցին բոլոր մասնակիցներին։ Իսկ մասնակիցների շնորհակալական խոսքերին արձագանքելով՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն ասաց. «Մենք ենք շնորհակալ ձեր տված լիցքերի համար։ Մենք ձեզնից շատ բան ենք սովորում, եւ եթե իրար լսենք, կկարողանանք մեր երկիրը օր առաջ դարձնել այնպիսին, ինչպիսին ձգտում ենք, որ այն լինի»։

Remote video URL