Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայացավ «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողով` կազմակերպված Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից` աջակցությամբ «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի: Գիտաժողովին մասնակցում էին եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովի նպատակն էր բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու դերակատարությունը և մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները հատկապես վերարտադրողական առողջության և իրավունքի ոլորտում:
Այնուհետև ժողովականներին Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը.
Իր խոսքում նա նշեց, որ Հայ Եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը, սրբությունը և անքննարկելի կարևորությունը մեր ժողովրդի կյանքում` դիտելով որպես հոգևոր և բարոյական արժեքների պահպանման հիմնասյուն և անփոխարինելի հաստատություն հանրային առողջ գիտակցության ձևավորման ու զարգացման համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգիչ համարեց նաև ամուսնալուծությունների, հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների աճը, ժողովրդագրական անցանկալի փոփոխությունները:
- Այսօր անհրաժեշտ է դարձել բոլոր մակարդակներում և հարթակներում, նմանատիպ համաժողովներով, եկեղեցական քարոզչությամբ, մեծ և փոքր քննարկումներով, ընտանիքի աջակցության ծրագրերով, հանրային կյանքի իրազեկման հնարավոր եղանակներով, պետական-օրենսդրական նախաձեռնություններով նպաստել ընտանիքի առողջությանը, բարձրացնել հանրային գիտակցությունը, - ասաց նա:
Համաժողովի գումարումը Մայր Աթոռում ողջունեցին նաև ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, «Վորլդ վիժըն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ով համաժողովին ներկայացրեց հղիության սեռով պայմանավորված ընդհատումների վերաբերյալ հատուկ բանախոսություն:
Հարկ է նշել, որ ՄԱԿ- Բնակչության հիմնադրամի երեք տարի տևած աշխատանքից հետո այսօր արդեն հղիության սեռով պայմանավորված ընդհատումների խնդիրը բարձրաձայնվում է Հայաստանի թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր իշխանության կողմից
Media coverage