Go Back Go Back
Go Back Go Back

Աշխարհի առաջնորդները, քաղհասարակությունը և մասնավոր հատվածը Նայրոբիում պարտավորվում են քայլեր կատարել մինչև 2030 թվականը մայրական մահացությունը վերացնելու, ընտանիքի պլանավորման պահանջարկը բավարարելու և գենդերային բռնությանը վերջ դնելու համար

Աշխարհի առաջնորդները, քաղհասարակությունը և մասնավոր հատվածը Նայրոբիում պարտավորվում են քայլեր կատարել մինչև 2030 թվականը մայրական մահացությունը վերացնելու, ընտանիքի պլանավորման պահանջարկը բավարարելու և գենդերային բռնությանը վերջ դնելու համար

News

Աշխարհի առաջնորդները, քաղհասարակությունը և մասնավոր հատվածը Նայրոբիում պարտավորվում են քայլեր կատարել մինչև 2030 թվականը մայրական մահացությունը վերացնելու, ընտանիքի պլանավորման պահանջարկը բավարարելու և գենդերային բռնությանը վերջ դնելու համար

calendar_today 11 November 2019

Նայրոբի, Քենիա, 2019 թ. նոյեմբերի 11 - Մայրերի կյանքը փրկելու, բեղմնականխման միջոցների գլոբալ պահանջարկը բավարարելու և կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունները դադարեցնելու համար մինչև 2030 թվականն արվելիք քայլերը վաղը մեկնարկող եռօրյա համաշխարհային գագաթնաժողովի կիզակետում են:

Նայրոբիի գագաթնաժողովը տեղի է ունենում Բնակչության և զարգացման միջազգային համաժողովից (ԲԶՄՀ) 25 տարի անց, որին և նվիրված է ու որտեղ 179 կառավարություններ ժամանակին կոչ արեցին կանանց և աղջիկներին հզորացնել իրենց կյանքի բոլոր ոլորտներում՝ ներառյալ սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող ոլորտներում:

«Քենիան հպարտությամբ է հյուրընկալում 6000 համաշխարհային առաջնորդների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդների, բիզնեսի և կրոնական առաջնորդների և 160 երկրներից ժամանած բազմաթիվ այլ պատվիրակների», - ասում է Քենիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, դեսպան Մակարիա Կամաուն: «Քենիան ամենուր կանանց և աղջիկների համար այս ջրբաժան պահի առաջապահն ու կենտրոնն է լինելու»:

Գագաթնաժողովին պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ ներառյալ պետությունների ղեկավարները, խորհրդարանականները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կհնչեցնեն ֆինանսական և ծրագրային հանձնառություններ, կներկայացնեն քաղաքականություններ և այլ նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով հասնել 1994-ին ԲԶՄՀ-ում սահմանված բոլոր նպատակներին: Մինչ այժմ, հռչակվել է ավելի քան 1000 հանձնառություն:

«Մենք ԲԶՄՀ-ից հետո երկար ճանապարհ ենք անցել՝ սեռական և վերարտադրողական առողջությունն ու վերարտադրողական իրավունքները բոլորի համար իրականություն դարձնելու մեր գլոբալ հանձնառությունը կատարելու ուղղությամբ», - նշում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հաղորդակցության և ռազմավարական գործընկերության տնօրեն Արթուր Էրքենը։ «Բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, մինչև կարողանանք ասել, որ հասել ենք այդ նպատակին», - ավելացնում է նա: «Մենք պետք է ամրապնդենք մեր ջանքերը` ժամանակակից հակաբեղմնավորիչները հասանելի դարձնելով բոլոր նրանց, ովքեր դրանք գործածելու ցանկություն և կարիք ունեն, բարելավենք մայրական առողջությունը և կանանց ու աղջիկներին պաշտպանենք գենդերային բռնությունից և այնպիսի վնասակար գործելակերպերից, ինչպիսիք են մանկահասակների ամուսնությունը և կանանց սեռական օրգանների խեղումը»:
Այսօր մոտ 232 միլիոն կանայք ցանկանում են կանխել հղիությունը, բայց ժամանակակից հակաբեղմնավորում չեն օգտագործում: Ամեն օր, հղիության և ծննդաբերության ընթացքում, կանխարգելելի պատճառներից ավելի քան 800 կին է մահանում, իսկ 33000 աղջիկ հարկադրված է լինում ամուսնանալ: Եվ ամեն տարի ավելի քան 4 միլիոն աղջիկ ենթարկվում է կանանց սեռական օրգանների խեղման:

«1994 թ.-ին. ԲԶՄՀ-ում մենք պատկերացրեցինք մի աշխարհ, որտեղ, մի օր, ոչ մի կին ծննդաբերելիս չէր մահանալու, որտեղ ոչ մի կին չէր ենթարկվելու անցանկալի հղիության վտանգի, և ոչ մի աղջիկ չէր զրկվելու պատանեկություն և հասունություն անվտանգ ու առողջ անցում կատարելու իրավունքից», - ասում է ԲԶՄՀ25-ին Դանիայի հատուկ բանագնաց, դեսպան Իբ Պետերսենը: «Այն աշխարհը, որը մենք պատկերացնում էինք, այժմ հասանելի է, բայց մենք պետք է միավորենք ուժերը, որպեսզի այն մեկընդմիշտ իրականություն դարձնենք»։

ԲԶՄՀ- ի նպատակների իրագործումը կարևոր նշանակություն ունի նաև կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, որոնք կախված են կանանց հզորացումից և գենդերային հավասարությունից:

Գագաթնաժողովը համախմբում է անսովոր բազմազանության մարդկանց՝ ներառյալ պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, գաղափարական առաջնորդները, տեխնիկական փորձագետները, կրոնական առաջնորդները, ակտիվիստներն ու համայնքի կազմակերպիչները, երիտասարդները, գործարար ղեկավարները, բնիկ ժողովուրդների, միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները, հաշմանդամություն ունեցող անձինք, գիտնականներն ու շատ ուրիշներ, որոնք հանձնառու են սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների ոլորտում:

Գագաթնաժողովում քննարկվում են հինգ հիմնական հարցեր. սեռական և վերարտադրողական առողջությունը՝ որպես համընդհանուր առողջապահական ծածկույթի մաս, ԲԶՄՀ-ի Գործողությունների ծրագրի բոլոր նպատակները կյանքի կոչելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը, ժողովրդագրական բազմազանությունը և տնտեսական աճն ու կայուն զարգացումն առաջ մղելու նրա ուժը, գենդերային բռնությանը և վնասակար գործելակերպերին վերջ դնելու քայլերը, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը՝ նույնիսկ մարդասիրական և վտանգավոր համատեքստերում:
Գագաթնաժողովում քննարկումները կընդգծեն նաև գենդերային հավասարության, երիտասարդության առաջնորդության, քաղաքական և համայնքային առաջնորդության, նորարարության և տվյալների ու գործընկերության ուժը՝ փոփոխություններն արագացնելու համար:

Գագաթաժողովը գումարում են Քենիայի և Դանիայի կառավարությունները և ՄԱԲՀ-ն։ Այն նաև ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցություն է ստանում այլ կառավարությունների և մասնավոր գործընկեր կազմակերպությունների կողմից:

Կոնտակտներ

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար
Յենս-Հագեն Էշենբեշեր
+905497483655
eschenbaecher@unfpa.org

Նայրոբիի գագաթնաժողովի մասին
Քենիայի և Դանիայի կառավարություններն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ), 2019 թվականի նոյեմբերի 12-14-ը, կազմակերպել են այս բարձր մակարդակի քաղաքական գագաթնաժողովը: Նայրոբիի ԲԶՄՀ25 գագաթնաժողովը նպատակ ունի մոբիլիզացնել քաղաքական կամքը և ֆինանսական հանձնառությունները, որոնք անհրաժեշտ են 1994 թվականին Բնակչության և զարգացման միջազգային համաժողովում (ԲԶՄՀ) 179 կառավարությունների կողմից համաձայնեցված և 2019-ին քաղաքական հռչակագրով միաձայն հաստատված Գործողությունների ծրագիրը հրատապորեն վերջնականապես և ամբողջությամբ իրականացնելու համար: