Կորոնավիրուսի (COVID19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը շարունակում է աջակցություն ցուցաբերել իր գլխավոր գործընկերներից մեկին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և, նրանց միջոցով, համավարակի և արտակարգ դրության հետևանքով բնակչության խոցելի խմբերին, մասնավորապես, մեր տարեցներին։
Աջակցությունն ընդգրկում է.
- 50,000 ձեռնոց, 40,000 դիմակ և 550 ալկոգել՝ «Հայփոստի» փոստային բաժանմունքների աշխատակիցների համար՝ ավելի քան 200,000 թոշակառուների կենսաթոշակները ապահով բաշխելու նպատակով, ինչպես նաև ծերատների և մանկատների սոցիալական աշխատողների համար
- 2,000 ձեռնոց և 200 ալկոգել՝ «Բարեգործական խոհանոց» և «Տնային խնամք» ծրագրերի շահառուներին (տարեցներ և այլ խոցելի խմբեր)՝ «Հույսի տուն» բարեգործական կազմակերպության միջոցով:
- 20 պաշտպանիչ համազգեստ՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ին` միայնակ տարեցների և բնակչության այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների տնային այցելությունները և տնային խնամքը ապահովելու համար:
Ի հավելումն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը աջակցել է երկու միջազգային փաստաթղթերի՝ «Ուղեցույց տարեցների խնամքի տների համար՝ կորոնավիրուսի (COVID-19) համատեքստում» և «COVID-19. ուղեցույց և խորհուրդներ տարեցների համար» թարգմանությանը։ Փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարությանը՝ հաստատման և հետագա տարածման համար։
Ոչ ոք չպետք է անտեսվի։ Աշխատանքը շարունակվում է։ Միասին մենք հաղթելու ենք։