You are here

 

Այս տարի հուլիսի 11-ը՝ Բնակչության համաշխարհային օրը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՀՀ առողջապահության նախարարության և Գորիսի Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնի հետ միասին, նշեց Գորիսում:

Այս անգամ Բնակչության համաշխարհային օրվա կարգախոսն էր «Խոցելի բնակչությունը արտակարգ իրավիճակներում»: Տոնական միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի մարզի չորս քաղաքների ՀԿ-ների, ակտիվ երիտասարդության, պետական ​​և ուսումնական հաստատությունների ավելի քան 80 ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ինչպես նաև Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչը: Այնուհետև ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Գայանե Ավագյանը լսարանին ներկայացրեց աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ խոցելի խմբերին, մասնավորապես հղի կանանց և երիտասարդ աղջիկներին անհրաժեշտ խնամքի մասին տեղեկություններ: Բանախոսը ներկայացրեց նաև, թե ինչպես կարելի է օգտագործել այդ նպատակով պատրաստված առաջին օգնության փաթեթներն արտակարգ իրավիճակներում: Նման փաթեթների հինգ օրինակ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հանձնեց Սյունիքի չորս քաղաքների կանանց ռեսուրս կենտրոններին և Գորիսի քաղաքապետարանին: Բանախոսության վերջում եղավ հարցուպատասխան:

Միջոցառման երկրորդ մասում ներկաներն ունկնդրեցին «Fever Band» երաժշտախմբի վառ կատարումները:

Տեղում միջոցառումը համակարգում էր Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոնը՝ Կապանի, Մեղրիի և Սիսիանի ռեսուրսային կենտրոնների աջակցությամբ: