Go Back Go Back
Go Back Go Back

Բնակչության համաշխարհային օրը Ջիլ գյուղում՝ կարևորելով հավասար մասնակցությունը հանուն համայնքի զարգացման

Բնակչության համաշխարհային օրը Ջիլ գյուղում՝ կարևորելով հավասար մասնակցությունը հանուն համայնքի զարգացման

News

Բնակչության համաշխարհային օրը Ջիլ գյուղում՝ կարևորելով հավասար մասնակցությունը հանուն համայնքի զարգացման

calendar_today 11 July 2023

Արտանիշի թիմից աղջիկն ու Ջիլի թիմից տղան մրցում են պարկերի մեջ մտած վազքում
Արտանիշի թիմից աղջիկն ու Ջիլի թիմից տղան մրցում են պարկերի մեջ մտած վազքում

«Լսելի դարձնելով կանանց և աղջիկների ձայնը՝ բացահայտել աշխարհի ընձեռած անսահման հնարավորությունները» կարգախոսով՝ 2023 թվականի հուլիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ջիլ բնակավայրում նշվեց Բնակչության համաշխարհային օրը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ (ՄԱԲՀ) Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպած միջոցառումն ընդգծեց համայնքի զարգացման գործում հավասար մասնակցության և կանանց ու աղջիկների հզորացման կարևորությունը:

Ներկաներին ողջունեց տանտերը՝ Ջիլ բնակավայրի վարչական ղեկավար Միքայել Ղարիբյանը։

«Շատ ուրախ եմ, որ այս կարևոր օրը նշվում է մեր գյուղում։ Շնորհակալ ենք մեր գյուղի բնակչության օրը հետաքրքիր և տարբերվող դարձնելու համար։ Վստահ եմ, որ այսօր շատ կարևոր հարցեր կբարձրաձայնվեն, և հույս ունեմ, որ միասին նաև խնդիրների լուծումներ կառաջարկենք», - ասաց նա։

«Հայաստանում մենք ականատես ենք եղել սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց ուժին և տոկունությանը: Դա նաև բխում է այնտեղ ապրող կանանց և աղջիկների ուժից։ Ներառելով կանանց և աղջիկներին՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներն իրենց զարգացումը խթանելու և ազգի առաջընթացին նպաստելու անսահման ներուժ ունեն։ Միավորված ազգերի կազմակերպությունը հանձնառու է աշխատել կառավարության, քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կողմերի հետ՝ հզորացնելու այս համայնքները և նպաստելու նրանց բարեկեցությանը», - ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը։

«Շնորհավորում եմ Բնակչության համաշխարհային օրվա առթիվ և շատ ուրախ եմ այն մեզ մոտ հյուրընկալելու համար։ Սահմանամերձ համայնքների բնակչության հզորացմանն ուղղված ծրագրերը շատ կարևոր են, ուստի հաջողություն եմ մաղթում ձեր ծրագրերին», - ասաց Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը։

Տոնակատարությունները մեկնարկեցին «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդեսով։ Այս ազդեցիկ հավաքածուն ներկայացնում է հաշմանդամություն ունեցող կանանց՝ այդ թվում մերազնյա, ուշագրավ ձեռքբերումներն ու ներդրումները՝ վկայելով նրանց աննկուն ոգու և ուժի մասին:

«Այսօր մենք ընդգծում ենք, որ միայն կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության, ջանքերի ու ներդրման շնորհիվ կարող ենք ունենալ ուժեղ, զարգացած համայնք։ Եվ այդ ճանապարհին է, որ պետք է ստեղծվեն այդ հնարավորություններն ու պայմանները, որ համայնքի անդամներն իրենց ներդրումը բերեն իրենց դպրոցի, գյուղի, մարզի, մեր երկրի զարգացման մեջ։ Որպես ՄԱԲՀ՝ մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ միասին, լսել ձեր կարիքներն ու դրանց համապատասխան կառուցել մեր ծրագրերը։ Բայց նաև իմացեք, որ ձեր աջակցության շնորհիվ միայն կկարողանանք մեծ քայլերով առաջ գնալ»,- ասաց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Շնորհանդեսից հետո գրքերի հավաքածուներ նվիրաբերվեցին Ջիլ, Ծափաթաղ և Արտանիշ գյուղերի դպրոցական գրադարաններին՝ հարստացնելով աշակերտների կրթական ռեսուրսները և խթանելով կարդալու և սովորելու մշակույթը:

Միջոցառմանն անցկացվեց նաև «Սպորտլանդիա» մրցույթ Ջիլ, Ծափաթաղ և Արտանիշ գյուղերի թիմերի միջև: Ուրախ մրցման արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Ջիլի, երկրորդ տեղը՝ Ծափաթաղի, իսկ երրորդ տեղը՝ Արտանիշի թիմը։

Այս տոնակատարության միջոցով ՄԱԲՀ-ն, ԵՄ-ն ու ՄԱԿ-ը ձգտում են ոգեշնչել դրական փոփոխություններ, հզորացնել անհատներին և նպաստել ավելի ներառական և արդար հասարակության ձևավորմանը:

Միջոցառումը կազմակերպվում է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և Հարավ-Հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: