Խաղաղություն տանը․ ապահովել կանանց և աղջիկների առողջությունն ու իրավունքները` նույնիսկ COVID-19 համավարակի ժամանակ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) գործադիր տնօրեն դոկտոր Նատալիա Քանեմի ուղերձը Բնակչության համաշխարհային օրվա առթիվ
Հուլիսի 11, 2020 թ․
Մեր աշխարհում խաղաղությունը սկսվում է տան խաղաղությունից. ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ կոչ անելով համաշխարհային «հրադադար» կնքել գենդերային հիմքով բռնության՝ COVID համավարակի ներսում այդ համավարակի հարցում: Ամեն երեք կնոջից մեկն իր կյանքի ընթացքում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության: Եվ այժմ, երբ երկրներն ապրում են տեղաշարժման սահմանափակումների պայմաններում, իսկ կենցաղային լարվածությունը գնալով աճում է, գենդերային բռնության դեպքերն աճում են, իսկ վերարտադրողական առողջապահական ծառայությունները լուսանցք են մղվում, մինչ առողջապահական համակարգերը պայքարում են COVID-19 համավարակը հաղթահարելու համար։
Համավարակով ստեղծված ճգնաժամն ամենուրեք ահռելի հարված էր մարդկանց, համայնքների և տնտեսությունների համար: Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կրում միևնույն ազդեցությունը, և ինչպես մենք այնքան հաճախ տեսնում ենք՝ սովորաբար ամենից շատ տուժում են կանայք և աղջիկները:
COVID-19-ի ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, կդանդաղեցնի մինչև 2030 թվականը ՄԱՀԲ աշխատանքի առանցքում եղած երեք «զրոներին» (մայրական կանխարգելելի զրո մահացություն, կանանց ու աղջիկների նկատմամբ զրո բռնություն ու վնասակար գործելակերպ և հակաբեղմնավորման միջոցների զրո չբավարարված կարիք) հասնելու համաշխարհային ջանքերը։ ՄԱԲՀ-ն կանխատեսում է, որ, օրինակ, համավարակի հետեւանքով այս տասնամյակի ընթացքում գենդերային հիմքով բռնությանը վերջ տալուն ուղղված գլոբալ առաջընթացը կկրճատվի առնվազն մեկ երրորդով: Ավելին, եթե տեղաշարժման սահմանափակումները շարունակվեն առնվազն 6 ամիս՝ զուգակցվելով առողջապահական ծառայությունների զգալի խաթարմամբ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 47 միլիոն կանանց համար հնարավոր է անհասանելի լինեն ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցները, ինչը կհանգեցնի 7 միլիոն չնախատեսված հղիության:
Բնակչության համաշխարհային այս օրն ուշադրություն ենք հրավիրում COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի ժամանակ կանանց և աղջիկների խոցելիությանն ու կարիքներին, և թե ինչու է սեռական ու վերարտադրողական առողջության իրավունքները պաշտպանելն ու գենդերային հիմքով բռնության ստվերային համավարակի դադարեցումը հրամայական՝ հատկապես այս դժվար ժամանակներում:
ՄԱԲՀ-ն ձգտում է, որ ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների առկայությունը կայուն լինի, իսկ մանկաբարձներն ու առողջապահական ոլարտի այլ աշխատակիցներն ապահովված լինեն անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով:
Մեզ ոգևորում է, որ մինչ այժմ 146 անդամ պետություններ արդեն միացել են Գլխավոր քարտուղարի՝ տանը խաղաղության հաստատումն իրականություն դարձնելու կոչին, և մենք համագործակցում ենք նրանց աջակցելու համար: COVID-19 համավարակին մեր արձագանքի շրջանակներում մենք նորարար մոտեցում ենք ցուցաբերում՝ մատուցելու հեռավար ծառայություններ, ինչպիսիք են թեժ գիծը, հեռաբժշկությունը և խորհրդատվությունը, ինչպես նաև հավաքագրում ու օգտագործում ենք ապախոշորացված տվյալներ՝ աջակցելու, որ կառավարությունները որոշարկեն և օժանդակություն հասցնեն ամենից կարիքավորներին։
Գենդերային հավասարության վերաբերյալ հանրային դրական ուղերձները և գենդերային կարծրատիպերին ու սոցիալական վնասակար նորմերին մարտահրավեր նետելը կարող են նվազեցնել բռնության ռիսկը: Այս հարցում գլխավոր դաշնակիցները կարող են լինել և պետք է լինեն տղամարդիկ ու տղաները:
Սեռական և վերարտադրողական առողջհությունը իրավունք է, և ինչպես հղիությունն ու երեխայի ծնունդը, մարդու իրավունքները չեն դադարում գոյություն ունենալ համավարակի ժամանակ: Եկե՛ք միասին արգելակենք COVID-19 համավարակը և ապահովենք կանանց ու աղջիկների առողջությունն ու իրավունքները՝ հենց հիմա:
Ոչ մի կազմակերպություն կամ երկիր միայնակ չի կարող դա անել: Համավարակը դաժան հիշեցում է համաշխարհային համագործակցության կարևորության մասին: ՄԱԿ-ը, որն այս տարի նշում է իր 75-ամյակը, ստեղծվել է խթանելու միջազգային համագործակցությունը` միջազգային խնդիրները լուծելու նպատակով: Այն պայմաններում, երբ համաշխարհային համայնքը համերաշխությամբ համախմբվում է համավարակը հաղթահարելու նպատակի շուրջ, մենք հիմք ենք դնում ավելի դիմակայուն, գենդերային հավասար հասարակությունների և բոլորի համար ավելի առողջ, առավել բարգավաճ ապագայի: