Գորիսում նշվեց Բնակչության համաշխարհային օրը

11 Հուլիս 2017
2017 թ․ հուլիսի 11-ին Գորիսում տեղի ունեցավ ընտանեկան խաղ-մրցություն՝ նվիրված Բնակչության համաշխարհային օրվան: Միջոցառումը կազմակերպել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը:
 
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը ողջունեցին խաղի մասնակիցներին և շնորհավորեցին օրվա կապակցությամբ:
Մրցեցին Գորիս, Տաթև (Շինուհայր) և Տեղ համայնքները ներկայացնող ընտանիքները: Համառ պայքարում Տաթև և Տեղ համայնքները ներկայացնող ընտանիքները կիսեցին առաջին մրցանակը: Նրանց հաջորդեց Գորիսը ներկայացնող ընտանիքը:
Ընտանեկան խաղ-մրցության նպատակն էր ի ցույց դնել ընտանիքում համերաշխության նշանակությունը և ընդգծել, որ ընտանիքում յուրաքանչյուրը կարևոր է, և որ ընտանիքում չկան նվազ կարևոր դերեր: 
1989 թ․-ից ի վեր, ՄԱԿ-ի նախաձեռնությամբ միջազգային հանրությունը նշում է հուլիսի 11-ը՝ որպես Բնակչության համաշխարհային օր: Օրը նպատակ ունի ուշադրություն սևեռել բնակչության խնդիրների հրատապության և կարևորության վրա:
Համերաշխ, ամուր, փոխօգնող և գործուն ընտանիքները երեխաների առաջին մանկավարժներն են և ճշմարտապես անփոխարինելի են նրանց զգացմունքային բարօրության համար: Նրանք են երեխաների և երիտասարդների առաջնային կրթողներն ու բարեկեցության ապահովողները: Ծնողները և հաճախ տատիկներն ու պապիկները կենսական նշանակություն ունեն իրենց երեխաների ու թոռների համար որակյալ կրթություն ապահելու հարցում՝ սկսած վաղ մանկությունից: