Հունիսի 7-9-ը, Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպել էր դասընթաց՝ Հայ Առաքելական եկեղեցու երեք թեմերի հոգևորականների ու թեմերին կից սոցիալ-կրթական կենտրոնների սոցիալական աշխատողների ու մանկավարժների համար: Այն նվիրված էր ընտանիքում բռնությունների կանախարգելմանը և բռնության զոհերի, բռնարարների ու բռնությունից ազդված երեխաների հետ աշխատանքին:
Դասընթացը վարեցին հոգեբան-փորձագետ, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը և սոցիոլոգ-փորձագետ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության և սոցիալական նորարարությունների բաժնի պետ Արմինե Մխիթարյանը: Նա լսարանին ներկայացրեց ընտանեկան բռնության տեսակները, ընտանեկան բռնության ենթարկված և ենթարկած անձանց նույնացման ցուցանիշներ, բռնության հակված մարդկանց վարքագծային բնութագրիչները, հաշտեցման գործընթացը, դրա սուբյեկտները, սկզբունքները: Դավիթ Գևորգյանը ներկայացրեց ընտանեկան բռնությունների հոգեբանական ասպեկտները, զոհի հոգեբանության զարգացման մեխանիզմները, Ընտանեկան բռնության զոհերի և բռնարարների հետ աշխատանքի հոգեբանական կողմեր, ինչպես նաև խորհրդատվության հիմնական սկզբունքները և հմտությունները:
ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանը մասնակիցներին ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, դրա կիրառման մեխանիզմների նախապատրաստման ընթացքը: Մասնակիցները հնարավորություն ունեցան օրենքի կիրառման հետ կապված իրենց հարցերն ուղղել ու մտահոգություններն արտահայտել՝ բերելով իրենց փորձից կոնկրետ օրինակներ:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը շարունակական արդյունավետ աշխատանքի հույս հայտնեց: Նա ընդգծեց եկեղեցու մասնակցության կարևորությունը Հայաստանում ընտանեկան բռնությունների վերացման ուղղությամբ՝ տեսնելով հոգևորականների ու եկեղեցու աշխարհիկ աշխատողների դերը և՛ կանխարգելման, և՛ համայնքներում ընտանիքների հետ աշխատանքի միջոցով:
Երեկոյան դասընթացի մասնակիցները Գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի հետ հնարավորություն ունեցան զրուցել «Եկեղեցին և բռնությունները ընտանիքում» թեմայի մասին: Մասնակիցները քննարկեցին բռնության զարգացման հոգևոր կողմերը, հոգևոր առողջացման նախապայմաններն ու եկեղեցու դերը՝ ընտանիքում բռնությունների հետ բախված անձանց աջակցելու գործում:
Դասընթացն իրականացվել է «Գենդերային և ընտանեկան բռնությունների կանխարգելում» ծրագրի շրջանակում: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ ծրագիրն իրականացվում է արդեն ութերորդ տարին: Ծրագրի նպատակն է Հայ Առաքելական Եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ նպաստել գենդերային և ընտանեկան բռնությունների կանխարգելմանը Հայաստանում: Ծրագրի նախորդ տարիների ընթացքում ՀԱԵ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ իրականացվել են իրազեկման բարձրացման լայնածավալ աշխատանքներ: Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում իրականացվել են դասընթացներ, սեմինարներ և զրույցներ երիտասարդների հետ ՀՀ Ազգային բանակի զորամասերում, դեռահասների, նրանց ծնողների և ուսուցիչների, համայնքում մեծահասակների խմբերի հետ, որին հետևել են հոգևորականի անհատական խորհրդատվություններն ու տնայցերը: Ծրագրին մասնակցել է (ծրագրին մասնակցել են) մոտ 35000 մարդ:
Նախատեսվում է, որ 2018թ. վերապատրաստված հոգևորականները հոգեբանների և սոցիալական աշխատողների հետ ներկայացված համայնքներում կիրականցնեն ընտանիքում բռնությունների զոհերի ու բռնարարների հետ շարունակական աշխատանք՝ մատուցելով բազմակողմանի սոցիալական և հոգեբանական աջակցության ծառայություններ:
Աղբյուրը՝ այստեղ: