2018 թ. դեկտեմբերի 19-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը, համատեղ «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում հոգևորականների համար եռօրյա դասընթաց մեկնարկեցին «Աշխատանք ընտանեկան բռնությունների զոհերի և բռնարարների հետ»։
Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Հայր Զաքարիա Բաղումյանը հանդես եկան բացման և ողջույնի խոսքով, ինչպես նաև խոսեցին ծրագրի հենքում ընկած արժեքների և ՄԱԲՀ-ի հետ համագործակցության մասին։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԲՀ ներկայացուցիչ Շոմբի Շարփը խոսեց «Հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամի և, նրանց միջոցով, Հայ Առաքելական Եկեղեցու հետ 2010 թ.-ից սկիզբ առած արդյունավետ համագործակցության մասին։ Պարոն Շարփն ընդգծեց իրենց ընդհանուր նպատակը` նպաստել հայաստանյան ընտանիքներում և ողջ հասարակության մեջ փոխադարձ սիրո, հարգանքի և հավասարության վրա հիմնված խաղաղ և ներդաշնակ հարաբերությունների հաստատմանը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ողջունեց մասնակիցներին և համակարգեց դասընթացը։
Դասընթացը վարեցին սոցիոլոգ, սոցիալական աշխատանքի փորձագետ Արմինե Մխիթարյանը, փորձագետ-հոգեբան Դավիթ Գևորգյանը և «Հայաստանյան Կլոր սեղան» հիմնադրամի փորձագետ Կարինե Քոչարյանը։
Դասընթացը կենտրոնանում է ընտանեկան բռնության զոհերի և բռնարարների հետ աշխատանքի հմտությունների (գործնական աշխատանք, իրավիճակների բեմադրում և վերլուծություն), ընտանեկան բռնության զոհերի և բռնարարների հետ աշխատանքում սոցիալական աշխատողի պարտականությունների և իրավասությունների, միջոլորտային և միջ-մասնագիտական համագործակցություն մեխանիզմների շուրջ։