You are here

Երևան, 25 հունվարի 2022թ. – Այսօր ՀՀ կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ–ների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկեց «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Ծրագիրն իր գործողության 24 ամսվա ընթացքում աջակցելու է Հայաստանի կառավարության արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին՝ հիմնված լավ կառավարման և իրավունքի գերակայության սկզբունքների վրա: Ծրագրի հիմնական ոլորտներն են` իրավունքահեն հանրային ծառայությունների մատուցման ամրապնդում, անվտանգության ոլորտի կառավարման բարեփոխումներին աջակցություն, սահմանադրական բարեփոխումների գործընթացի խթանում: Ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչների միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը և Հայաստանում Լեհաստանի դեսպան, ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության ներկայացուցիչ Պավել Չեպլակը ներկայացրեցին ծրագրի հիմնական նպատակները և բաղադրիչները։

«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի մասին

Ծրագիրը կազմված է ազգային բարեփոխումների առաջնահերթությունների վրա հիմնված հետևյալ երեք բաղադրիչներից․

Մարդու իրավունքների բաղադրիչն իրականացվում է ՄԱԶԾ–ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։ Այն միտված է (ա) Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կարողությունների հզորացմանը, (բ) մարդու իրավունքների մասին իրազեկվածությանն ու կրթության խթանմանը, (գ) «Մարդու իրավունքների գործողությունների ծրագրի» մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների բարելավմանը։

Ոստիկանության բարեփոխումների բաղադրիչն իրականացվում է ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ–ի կողմից, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ։ Այն աջակցում է ոստիկանության ընթացիկ բարեփոխումների իրականացմանը՝ առանձնահատուկ կարևորելով ոստիկանության կրթական համակարգի բարեփոխումը և նոր ներքին գործերի նախարարության ստեղծումը:

Սահմանադրական բարեփոխումների բաղադրիչն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ նպաստելու սահմանադրական բարեփոխումների առաջխաղացմանը ազգային շահագրգիռ կողմերի իրավունքների և հնարավորությունների ընդլայնման, փորձագիտական խորհրդատվության և լավագույն փորձի տրամադրման միջոցով:

***

«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»  ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։ Ծրագիրն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ոստիկանության, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։