Go Back Go Back
Go Back Go Back

Եվրոպական միության աջակցությամբ պատրաստված ինտերակտիվ ներկայացումը խրախուսում է պատասխանատու և ներգրավված հայրությունը

Եվրոպական միության աջակցությամբ պատրաստված ինտերակտիվ ներկայացումը խրախուսում է պատասխանատու և ներգրավված հայրությունը

News

Եվրոպական միության աջակցությամբ պատրաստված ինտերակտիվ ներկայացումը խրախուսում է պատասխանատու և ներգրավված հայրությունը

calendar_today 12 June 2021

Այսօր Երեւանում ներկայացված նոր ինտերակտիվ թատերախաղը նպատակ ունի նպաստելու ընտանիքում կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի հաղթահարմանը։

«Գազարավազքը» խորհրդանշական տիկնիկային հեքիաթ է անտառային ընտանիքի մասին, որը բաղկացած է հայր և մայր Նապոներից ու նրանց դուստր փոքրիկ Նապուհուց։ Ներկայացումը պարզ լեզվով անդրադառնում է այն թեմային, թե ինչպես են երեխաների և ընտանեկան կյանքի վրա ազդում ծնողական կարծրացած դերերը, մասնավորապես այնպիսի կարծրատիպերը, ինչպիսիք են «հաց (գազար) վաստակելը հոր գործն է» և «երեխա խնամելը մոր գործն է»։

Ներկայացումը, որը համադրում է ֆորում թատրոնի և տիկնիկային բեմադրության տարրերը, խուսափում է միանշանակ վերջաբանից՝ փոխարենը տեղ թողնելով, որ լսարանը մտորի հայր Նապոյի՝ «կնոջ գործ» անելու, մասնավորապես՝ ծնողական ժողով գնալու դժկամության մասին։ Ներկայացման ավարտին ներկաները կարող են քվեարկել՝ փոխելու սյուժեի ընթացքը, և բեմ բարձրանալ՝ մասնակցելով սեփական սցենարի իրագործմանը։

Առաջնախաղին ներկա ավելի քան 40 տղաների ու աղջիկների, կանանց ու տղամարդկանց համար ներկայացման հիմնական մասից հետո տեղի ունեցած քննարկումը հնարավորություն էր՝ վերագնահատելու իրենց ընկալումներն ու վարքագիծը՝ կապված կնոջ ու տղամարդու դերերի և ծնողական պարտականությունների հետ։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության, ՄԱԲՀ գրասենյակի ներկայացուցիչներ։

Հունիս ամսվա ընթացքում ևս չորս ներկայացումներ տեղի կունենան Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։

Ներկայացումը պատրաստվել է «Փոփոխությունների թատրոն» ՀԿ-ի և ՄԱԲՀ համագործակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագիրը մեկնարկել է 2020 թ.-ին և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Հայաստանում ծրագիրն իրականացնում ՄԱԿ-ի ԲՆակչության հիմանդրամը ԵՄ թիրախ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։