2013 թ. օգոստոսի 12-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի համատեղ ասուլիսը՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային օրվան: Այս տարի ողջ աշխարհում այն անցնում է «Երիտասարդների միգրացիա. առաջ մղելով զարգացումը» կարգախոսի ներքո:
Բանախոսները՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը, անդրադարձան Հայաստանում և, ընդհանրապես, աշխարհում երիտասարդների միգրացիային, ինչպես նաև փախստական երիտասարդներին առնչվող խնդիրներին: Ներկաներին ողջույնի խոսք հղեց նաև ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչության իրավաբանական բաժնի ղեկավար տկն. Քեյթ Փուլերը:
Միջազգային միգրացիան զարգացման տեսանկյունից առանձնակի կարևորության խնդիր է դարձել ժամանակակից աշխարհում: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհի շատ հատվածներում քաղաքական, տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական փոփոխությունները խթան հանդիսացան հիմնականում դեպի քաղաքներ արտագաղթի համար՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ երկրից երկիր: Ընդ որում, զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ ավանդական արտագաղթին զուգահեռ հստակորեն ուրվագծվում է մեկ զարգացող երկրից մյուս զարգացող երկիր արտագաղթի միտումը: Մասնավորապես, վերջին տարիներին Հայաստան են եկել մեծ թվով իրաքահայ և սիրիահայ փախստական երիտասարդներ:
«Պարզ է, որ միգրացիան վտանգներ է պարունակում թե՛ մեր երկրի, թե՛ հատկապես երիտասարդ միգրանտների համար՝ Հայաստանից տանելով ուժերով լի, վերարտադրողական լավագույն տարիքում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց երբեմն կանգնեցնելով խտրականության և շահագործման ռիսկի առջև: Սակայն պետք է կարողանալ տեսնել և ճիշտ օգտագործել նաև այդ երևույթի բերած հնարավորությունները», - նշեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Ըստ ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչության բաժնի տվյալների, աշխարհում կա 15-ից 24 տարեկան մոտ 27 միլիոն միգրանտ, ինչը կազմում է աշխարհի 214 միլիոն միգրանտների մոտ մեկ ութերորդը: Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, հարցված երիտասարդների 78.5 տոկոսը հնարավորության դեպքում տարբեր նպատակներով կմեկներ Հայաստանից, իսկ 36.8 տոկոսը՝ կմեկներ ընդմիշտ:
Այդուհանդերձ, Հայաստանում սկսում է ձևավորվել նաև ակտիվ, ոչ անտարբեր երիտասարդության մի շերտ, որը ներառում է թե՛ տեղացի, թե՛ սփյուռքահայ և փախստական երիտասարդների: Այդ մասին էլ ասուլիսին ցուցադրվեց ՄԱԲՀ երիտասարդ հավասարակիցների ցանցի կամավորների նկարահանած փոքրիկ ֆիլմը:
«Նույնիսկ մեկ փախստական երիտասարդը շատ է, և անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ հասարակությունում նրանց հնարավորինս ինտեգրելու համար: Այդտեղ շատ մեծ է մեր տեղացի երիտասարդների դերը, բայց նաև փախստական երիտասարդների ակտիվ գործունեությունն այս հարցում է՛լ ավելի մեծ արդյունքներ կբերի», - ասաց ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը 2013 թ. Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ