ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն այս տարի Երիտասարդների միջազգային օրը նշեց Գյումրիում՝ իր նոր գործընկերոջ՝ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ:
Օրվա նախօրյակին գործընկերներն անցկացրին մամուլի ասուլիս՝ ներկայացնելով նախատեսվող տարաբնույթ միջոցառումները:
Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց Երիտասարդական (չ)կոնֆերանսով, որն անցկացվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: (Չ)կոնֆերանսն ընթանում էր միաժամանակ մի քանի լսարաններում՝ ներառելով այնպիսի բազմապիսի թեմաներ, ինչպիսիք են «Մի կերեք զեֆիր», «Սովորել, ինչպես սովորել», «Աշխատել 4 ժամ և գումար վաստակել», «Ինչպես լինել պահանջված մասնագետ» և այլն:
Այնուհետև Գյումրիի թատերական հրապարակում տեղի ունեցավ պարային ֆլեշ մոբ՝ շուրջ 100 երիտասարդի մասնակցությամբ:
Երեկոյան տոնական միջոցառումները շարունակվեցին Երիտասարդների միջազգային օրվանն ընդառաջ հայտարարված երգի երիտասարդական մրցույթի մրցանակաբաշխությամբ:
Առաջին տեղը զբաղեցրեց գյումրեցի Հայկ Պիջոյանի հեղինակած «Քոռ դանակ» երգը, որը նաև ստացավ ձայնագրվելու հնարավորություն: Երկրորդ մրցանակի արժանացավ Նաիրա Պարոնիկյանը, իսկ երրորդ մրցանակին Վիկտորիա Բաղդասարյանը՝ «Թմրամոլ» երգով:
Մրցանակաբաշխությանը հաջորդեց «Արմինե Քոչարյան եւ ընկերներ» բենդի մասնակցությամբ համերգը:
Համերգի ընդմիջմանը տեղի ունեցավ ևս մեկ մրցանակաբաշխություն, որը ՄԱԲՀ-ն և ԵՆԿ-ն իրականացրել էին «Օսըմ» հիմնադրամի օգնությամբ և որի օգնությամբ ընտրվեց Շիրակի մարզում լավագույն ծրագրային գաղափարի դրամաշնորհային մրցույթի հաղթողը: Հաղթող ճանաչվեց Արսեն Վարդանյանի «Անեկդոտների պատ» նախագիծը Գյումրու համար:
Համերգից հետո երկինք արձակվեցին օդապարուկներ` ազդարարելով երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների ավարտը: