You are here

Երիտասարդներին Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում լայնորեն ներգրավելու նպատակով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը՝ ի դեմս ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի (ՄԱԿ ՀՏՎ) և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ), նախաձեռնել է իրազեկման արշավ, որի առաջին երեք փորձնական միջոցառումները տեղի ունեցան հուլիսի 20-ից օգոստոսի 18-ը՝ Երևան, Ստեփանավան և Գյումրի քաղաքներում։ Այս քարոզարշավը յուրահատուկ է նրանով, որ անցնում է «երիտասարդներն ուսուցանում են երիտասարդներին» ձևաչափով, այսինքն՝ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ներ) մասին իրենց հասակակիցներին պատմում են հենց երիտասարդները։
 
 
Նախապատմություն
 
Ամեն ինչ սկիզբ առավ, երբ նախ՝ Համախմբված երիտասարդների միություն (United Youth Union - ՀԵՄ), իսկ ավելի ուշ՝ Y-Peer Հայաստան (Երիտասարդ հավասարակիցների ուսուցման ցանց) կազմակերպությունների անդամները ցանկություն հայտնեցին այցելելու ՄԱԿ-ի գրասենյակ՝ ծանոթանալու Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ-ներ) ու նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանում ընթացող գործընթացներին։ Դա 2017-ի գարնանն էր, իսկ մի քանի ամիս անց, ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցների հետ մի շարք հանդիպումներից ու խորհրդակցություններից հետո, նշված երկու կազմակերպությունների անդամները պատրաստ էին Կայուն զարգացման նպատակների և Օրակարգ 2030-ի մասին իրենք պատմել իրենց հասակակիցներին ՝ իրենց իսկ մշակած խաղային ձևաչափով։
 
Միջոցառում 1. Երևան
 
Հուլիսի 20-ին Երևանում՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հավաքվեցին շուրջ 40 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին ոչ միայն նախաձեռնող խմբի անդամ երկու կազմակերպությունները, այլև Մասիսի երիտասարդական կենտրոնը և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան (վերջինը դեռ նախորդ տարվանից ԿԶՆ-ների թեմայով մի շարք միջոցառումներ էր կազմակերպել իր կամավորների ու ավագ դպրոցների աշակերտների համար)։ Միջոցառումը, որը վարեցին  ՀԵՄ-ը և Y-Peer Հայաստան-ը ներկայացնող Ազան ու Սարգիսը՝ իրենց շուրջ 10 այլ ընկերների օգնությամբ, բաղկացած էր ծանոթացման, տեսական, գործնական և խաղային հատվածներից։ 
 
 
Տեսական մասում երիտասարդները ծանոթացան կայուն զարգացման հայեցակարգին, Օրակարգ 2030-ի նախապատմությանը, մասնավորապես՝ Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ-ներ), և Կայուն զարգացման օրակարգին ու կայուն զարգացման 17 նպատակներին։ Գործնական հատվածում մասնակիցները փորձեցին սահմանել իրենց երկրում ու համայնքում առկա խնդիրներն ու առաջադրել դրանց լուծման պարզ տարբերակներ։
 
Երրորդ հատվածում խմբերի բաժանված երիտասարդները մասնակցեցին առցանց կրթական խաղի։ ՀԵՄ-ի և Y-Peer-ի անդամների մշակած խաղն ստուգեց և ամրապնդեց մասնակիցների ստացած գիտելիքները ՀԶՆ-ների, Կայուն զարգացման 17 նպատակների, ԿԶՆ-ների շուրջ հայաստանյան գործընթացների վերաբերյալ ։ Ըստ նախատեսվածի՝ խաղի հաղթող թիմի անդամները (հաղթել էր Մասիսի երիտասարդական  կենտրոնի թիմը) պետք է մասնակցեին հաջորդ՝ Ստեփանավանում կայանալիք հանդիպմանը՝ արդեն որպես ֆասիլիտատորներ։
 
Միջոցառում 2. Ստեփանավան
 
Ստեփանավանում միջոցառումը տեղի ունեցավ օգոստոսի 4-ին՝ տեղի «Արգինա» և «Մենք» ՀԿ-ների աջակցությամբ, ստեփանավանցի շուրջ 30 և Երևանից ու Մասիսից ժամանած շուրջ 15 երիտասարդների մասնակցությամբ։  Գործնական հատվածում ստեփանավանցի երիտասարդները ներկայացրեցին բազմաթիվ պարզ առաջարկներ, որոնց հետևելու դեպքում յուրաքանչյուր անհատ կարող է անձամբ մասնակցել ԿԶՆ-ների իրականացմանը։ Հատկապես բուռն քննարկվեցին Կայուն զարգացման 4-րդ նպատակին՝ Որակյալ կրթությանը վերաբերող հարցերը. ակնհայտ էր, որ կրթությունը ներկա երիտասարդներին առավել հուզող խնդիրներից մեկն է։
 
 
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներն ստացան մրցանակներ` ըստ իրենց զբաղեցրած հորիզոնականների, ինչպես նաև իրազեկող նյութեր և ՄԱԿ-ի գործունեությանն առնչվող հրատարակություններ։ Իսկ թե մրցանակներից բացի ինչ ստացան մասնակիցները՝ ներկայացնում են հենց իրենք.
«Մինչ այս միջոցառումը Կայուն զարգացման 17 նպատակների մասին գրեթե ոչինչ չեմ իմացել, իսկ այժմ կարող եմ հպարտորեն ասել, որ բավականին տեղեկացված եմ և մեծ ոգևորությամբ ցանկանում եմ միանալ թիմին։ 2030 թ.-ին այս նպատակները մաքսիմալ  իրականացված տեսնելու ցանկությունը մեծ մոտիվացիա է ծրագրի մի մասնիկը դառնալու համար։ Ես մեծ հաճույքով իմ ստացած գիտելիքները կփոխանցեմ ընկերներիս»,- ասաց հաղթող թիմի անդամ Սիլվա Հակոբջանյանը։
«Կայուն զարգացման 17 նպատակներին ծանոթանալուց հետո չեմ կարող դրանք անտեսել ու ցանկանում եմ իմ ավանդն ունենալ նպատակների իրականացման գործում։ Եվ ես փոփոխությունը կսկսեմ ինձնից ու իմ շրջապատից»,- ավելացնում է մեկ այլ մասնակից՝ Լիլիթ Հակոբջանյանը։
Իսկ Անի Ղազարյանն ասաց. «Կցանկանամ ավելի խոր գիտելիքներ ստանալ և միանալ թիմին` հետագայում կազմակերպվող այլ ծրագրերին մասնակցելու համար: Ես վստահ եմ, որ մեր թիմը կընդարձակվի և որ կկարողանանք մինչև 2030 թ. իրականացնել 17 կայուն զարգացման նպատակները»։
 
Միջոցառում 3. Գյումրի
 
Իրազեկման արշավի առաջին փուլի վերջին հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Գյումրիում։ Շուրջ 45 երիտասարդները, որոնց զգալի մասը Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կամավորներ էին,  ոգևորությամբ մասնակցեցին քննարկումներին ու խաղերին։  Երևանի միջոցառման հաղթող թիմից` Մասիսի երիտասարդական կենտրոնից Ալինան արդեն վարողների շարքում էր, իսկ Ստեփանավանի միջոցառման մասնակից մի խումբ աղջիկներ ֆասիլիտատորի դերում էին։ Այս անգամ նույնպես միջոցառման մասնակից երիտասարդները խմբային քննարկման արդյունքում  ներկայացրեցին մոլորակը փրկելու պարզ քայլեր, որ կարող է կատարել  յուրաքանչյուրը։ Նրանց առաջարկների հիման վրա նախատեսվում է մշակել  և տարածել The Lazy Person’s Guide to Saving the World ուղեցույցի տեղայնացված տարբերակը։
«Ծանոթացանք լիքը պայծառ դեմքերի հետ, ոգեշնչվեցինք, ոգևորվեցինք ու ընտիր ժամանակ անցկացրինք»,- միջոցառման ավարտին ասաց մասնակիցներից Լիդան։
 
 ***
 
Նախատեսվում է, որ իրազեկման արշավի առաջին երեք միջոցառումների արդյունքների քննարկումից, վերլուծությունից ու ամփոփումից հետո ՄԱԿ ՀՏՎ-ի և ՄԱԲՀ-ի պատասխանատու ներկայացուցիչները նախագիծ կներկայացնեն ՄԱԿ-ի հայաստանյան թիմի և Հաղորդակցության թիմի հաստատմանը՝ արշավի աշխարհագրությունն ընդլայնելու և Հայաստանի տարբեր մարզերում նմանատիպ միջոցառումներ անցկացնելու նպատակով։
 
Նախագծի իրականացման արդյունքում Հայաստանի մարզերի՝ մայրաքաղաքային անցուդարձից կտրված երիտասարդները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալու ՄԱԿ-ի գործունեությանն ու Կայուն զարգացման օրակարգին, այլև ինքնաարտահայտվելու և սեփական առաջարկներով, նախագծերով ու գործողություններով մասնակցելու օրակարգի իրականացման գործընթացին։
 
Արդեն որոշակիորեն իրազեկ երիտասարդները կկարողանան իրենց ներուժն իրացնել ու գաղափարներն  իրագործել մասնավորապես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով ստեղծվելիք ԿԶՆ լաբի շրջանակներում՝ ի շահ այնպիսի երկրի կառուցման, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի։
 
Երևանի միջոցառման ՖՈՏՈԱԼԲՈՄԸ
 
Ստեփանավանի միջոցառման ՖՈՏՈԱԼԲՈՄԸ
 
Գյումրիի միջոցառման ՖՈՏՈԱԼԲՈՄԸ
 
Աղբյուրը՝ այստեղ