You are here

Հոկտեմբերի 1-ի՝ տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ հավասարակիցների ցանցի (Y-Peer Network) մի խումբ երիտասարդների, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մի խումբ երևանաբնակ միայնակ տարեցների հետ համատեղ, իրականացրեցին մի փորձնական նախաձեռնություն, որը կարելի է պայմանականորեն անվանել «Երկու օր՝ տարեցների և երիտասարդների կյանքից»:

Նախաձեռնության հիմնական գաղափարն այն էր, որ երիտասարդները մեկ օր ապրեին տարեցների հետ՝ նրանց կյանքով, կենցաղով ու առօրյա հոգսերով, իսկ հաջորդ օրը՝ տարեցներն անցկացնեին երիտասարդների առօրյայով և տեսնեին, թե ինչ ասել է ժամանակակից հայ երիտասարդի մեկ օր:

Առաջին հայացքից պարզ թվացող այս խնդրի ներքո հետագայում, ինչպես իրենք՝ երիտասարդները նշեցին, շատ նուրբ և փխրուն մարդկային ապրումներ, հույզեր ու փոխհարաբերություններ ի հայտ եկան:

Նախաձեռնության առաջին օրը ամեն երիտասարդ այցելեց մեկ միայնակ տարեցի և օրն անցկացրեց նրա հետ՝ գնումներ անելով, ճաշ պատրաստելով, նարդի խաղալով և այլն: Հաջորդ օրը երիտասարդները հանդես եկան առաջնորդողի դերում՝ տարեցներին տանելով վարսավիրանոց, կինո, պիցերիա ... Իսկ երեկոյան բոլորը հավաքվեցին երևանյան կարաոկեներից մեկում, որտեղ հնչեցին ինչպես «Առաջին սիրո երգը» և «Ամպի տակից ջուր է գալիս ...», այնպես էլ ДДТ խմբի «Осень»-ը և Земляне-ի «Трава у дома»-ն: 

Այսպես ավարտվեց փորձնական նախաձեռնությունը, սակայն ոչ մեր երիտասարդների ու տարեցների փոխհարաբերությունները, որոնց մենք պատրաստվում ենք ուշադիր հետևել: 

Կարևոր է, որ նրանք, ովքեր դեռ տարեց չեն, հասկանան, որ տարեցների նկատմամբ վերաբերմունքը վերաբերմունք է սեփական ապագայի նկատմամբ: 

2010 թ. տվյալներով, Հայաստանի բնակչության 14.6 տոկոսի տարիքը 60 և անց է, և, ըստ ՄԱԿ-ի դասակարգման, Հայաստանը համարվում է ծերացած բնակչությամբ երկիր: