Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ 2024 թվականի նոյեմբերի 25-ին մեկնարկեց «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։
Միջոցառումը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կանանց աջակցման կենտրոնի հետ համատեղ։ Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։
«Ձեռքբերումներ, կարիքներ և առավել արդյունավետ գործընկերություն՝ հանուն Հայաստանում գենդերային բռնության հաղթահարմանը» թեմայով քննարկման նպատակն էր անդրադառնալ Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո (2017թ․) իրականացված աշխատանքներին և նախանշել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները՝ դիտարկելով դրանք օրենքի նոր փոփոխությունների լույսի ներքո և առանձնացնելով այն խնդիրները, որոնց առնչվում են կանայք հումանիտար ճգնաժամերի ժամանակ։
Հանդիպմանը մասնակցեցին ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների ու տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին։
«Այս տարի 16-օրյակի խորհրդանշական նշանաբանը` «Միավորվել՝ վերջ դնելու կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը», հիշեցնում է, որ ոչ ոք չպետք է լռի բռնության առջև: Դա մեզանից յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունն է՝ անկախ հասարակության մեջ մեր ունեցած դիրքից։ Այս պայքարում հաջողության հասնելու համար մեզ կօգնի ոչ միայն ամուր օրենսդրական դաշտը, այլ նաև բոլոր գործընկերների աջակցությունը, խնդրի վերաբերյալ հետևողական վերաբերմունքն ու փոխգործակցությունը՝ մենք ավելի մոտ կլինենք բռնությունից զերծ հասարակություն ունենալու մեր նպատակին»,- նշեց Նարեկ Մկրտչյանը։
ԵՄ դեսպան պարոն Վասիլիս Մարագոսն իր խոսում ընդգծել է․ «Գենդերային բռնությունը պարզապես անհատական խնդիր չէ. այն համակարգային է։ Գենդերային բռնության դեմ պայքարը միայն կանանց խնդիրը չէ. դա հասարակական խնդիր է։ ԵՄ-ն հաստատակամորեն աջակցում է Հայաստանին գենդերային բռնության դեմ պայքարում։ Միասին մենք պետք է աշխատենք կանխարգելման, բռնության ենթարկվածների աջակցության և համակարգային փոփոխությունների ուղղությամբ՝ կառուցելու ապագա, որտեղ գերիշխում են հավասարությունը և հարգանքը։ Ժամանակն է գործելու։ Եկեք մարտահրավեր նետենք վնասակար նորմերին, ներգրավենք տղամարդկանց և տղաներին որպես դաշնակիցներ և ստեղծենք մի աշխարհ, որն ազատ է բռնությունից և լի հնարավորություններով բոլորի համար»։
Միջացառման ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին «Ազատուհի» դոկումենտալ ֆիլմը, որը ներկայացնում էր ընտանեկան բռնության ենթարկված և բռնությունը հաղթահարած կանանց պատմությունները, ինչպես նաև «Լռությունից մինչև օրենք» փաստագրական ֆիլմը, որը պատմում էր Ընտանեկան բռնության օրենքի ընդունման ողջ պայքարը։
Ֆիլմերի ցուցադրությանը հաջորդեց պանելային քննարկում, որտեղ բանախոսները ներկայացրեցին առաջիկա 5 տարիներին նախատեսվող գորոծղությունները ԸԲ օրենքի պատշաճ կիրարկման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայությունների ու պաշտպանության մեխանիզմների բացերը վերացնելու համար:
Քննարկումը մոդերացնում էր ԱՍՀՆ Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։ Բանախոսներն էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ՌՊՔՄՄ վարչության հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Կանանց աջակցման կենտրոնի նախագահ Մարո Մաթոսյանը, Safe YOU հարթակի հիմնադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը։