You are here

Ընտանիքների մեծարման երեկո «Ընտանիքի միջազգային օրը»

Երևան, 15-ը մայիսի, 2011 թ.:  Այսօր՝ Ընտանիքի միջազգային օրը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում, տեղի ունեցավ «Ընտանիքը պետության հիմքն է» թեմայով ընտանիքների մեծարման երեկո: Այն կազմակերպել էր Կանանց հանրապետական խորհուրդը` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան ԿՀԽ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու և հայաստանյան տարբեր ընտանիքների ներկայացուցիչներ:

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին և մեծարվեցին  հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող տասնմեկ ընտանիքներ, որոնք պարգևատրվեցին թանկարժեք նվերներով:

Երեկոյի ընթացքում ամփոփվեցին «Իմ ընտանիքը» և «Իմ ընտանիքի մեկ օրը» մանկական շարադրությունների և նկարների մրցույթները, պագևատրվեցին առաջին երեք տեղերը գրաված դպրոցականները:

Միջոցառմանը հնչեցին նաև ՀՀ կառավարությանն ուղղված հարցեր, որոնք վերաբերում էին ընտանիքների հիմնախնդիրներին: Կազմակերպվեց նաև ստորագրահավաք, որտեղ ՀՀ կառավարությանն առաջարկվում էր 2012 թվականը հայտարարել ընտանիքի տարի:

Ելույթներն ու պարգևատրումներն ընդհատվում էին գեղարվեստական համարներով, որոնց մի մասի կատարողները հենց մեծարված ընտանիքները էին:
Երեկոյի մասնակիցները հնարավորություն ունեին նաև դիտելու նախասրահում կազմակերպված մանկական նկարների և ընտանեկան ալբոմների ցուցահանդեսները:

-----

Տեղեկանք.

Հայաստանում 2011 թ.-ի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է.

•    4604 ամուսնություն (2010-ի միևնույն ժամանակահատվածում՝ 4430).

•    776 ամուսնալուծություն (2010-ի միևնույն ժամանակահատվածում՝ 709).

•    10251 կենդանի ծնունդ (2010-ի միևնույն ժամանակահատվածում՝ 10625):