You are here

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստին, որը գլխավորում էր ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ներկայացվեց Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության վերլուծական մասը։

Այն ներառում էր ինչպես հիմնական ժողովրդագրական գործոնների մանրակրկիտ վերլուծությունը, այնպես էլ ժողովրդագրական կանխատեսումների մոդելը, որը դրվելու է բուն ռազմավարության հիմքում. այսինքն՝ ինչու և ինչ է սպասում մեզ ժողովրդագրական տեսանկյունից։

Ռազմավարությունը մշակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ: Փաստաթղթի մշակմանը ներգրավված են նաև ժողովրդագրական հետազոտությունների ոլորտում առաջատար ինստիտուտներ` Վիտգենշտեյնի ժողովրդագրության ու համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնը և Պրահայի Չարլզի համալսարանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրական փորձագետներ:

Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության մշակումը հրատապ անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով երկրի առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերները և դրանց ունեցած էական ազդեցությունը երկրի զարգացման վրա, ինչպես նաև ներկայիս պետական քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում ժողովրդագրական գործոնների դիտարկման հրամայականը:

Ժողովրդագրական ռազմավարության վերջնական տարբերակը կքննարկվի Վիտգենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, որից հետո կդրվի հանրային քննարկման։