2015 թ. մայիսի 17-18-ը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ «Ընտանիքների վերարտադրողական առողջությունը Հայաստանում» դասընթաց-քննարկում լրագրողների համար:
Ողջ աշխարհում ծնողական և, մասնավորապես, մայրական առողջությունը պետության և հասարակության հոգածության առաջնային ոլորտ է: Առողջ ծնող լինելու համար կարևոր է առողջ և գրագետ սեռական կյանքը, անցանկալի հղիություններից ու աբորտներից խուսափելը: Թե ինչպես դա անել` պետք է իմանան բոլորը: Եվ առաջին հերթին` լրագրողները, որի համար կազմակերպվել էր դասընթաց-քննարկումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում վերարտադրողական առողջության խնդիրներն ու ձեռքբերումները, բեղմնականխիչների օգտագործման համաշխարհային փորձը, բեղմնականխման ավանդական միջոցների շուրջ ձևավորված առասպելներն ու իրականությունը, ինչպես նաև վերարտադրողական առողջության խնդիրների լուսաբանման էթիկան:
ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով Հայաստանն ունի վերարտադրողական ներուժի վերականգնման և պահպանման խնդիր:
«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ երկրորդային կամ ձեռքբերովի անպտղությունը Հայաստանում 12 տոկոս է: Մինչդեռ դրանից կարելի էր խուսափել պարզապես վարելով առողջ և գրագետ սեռական կյանք»,-ասում է Գարիկ Հայրապետյանը:
Դասընթացը վարում էին Առողջապահության նախարարության աշխատակազմի վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Վահան Ասատրյանը և լրագրող Գեղամ Վարդանյանը: