You are here

2014 թ․ մայիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ խորհրդարանական աշխատաժողով՝ հղիության սեռով պայմանավորված ընդհատումների հիմնախնդրի վերաբերյալ: Այն նախաձեռնել էր Ազգային Ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը՝ հիմնախնդրի ներկայացման համար հրավիրելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին: Աշխատաժողովը վարում էին հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, մասնակցում էին ինչպես նշված հանձնաժողովի, այնպես էլ այլ հանձնաժողովների, մասնավորապես Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, կազմում ընդգրկված պատգամավորներ, ինչպես նաև երիտասարդական Խորհրդարանի անդամներ և ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագրի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը մասնակիցներին ներկայացրեց հղիության սեռով պայմանավորված ընդհատումների հիմնախնդիրը Հայաստանում և աշխարհում, ինչպես նաև այդ հիմնախնդրի լուծման առումով փորձ ունեցող երկրների կիրառած մեխանիզմները: Ներկայացվեցին նաև այն քայլերը, որոնք ՀՀ Ազգային Ժողովը կարող է դիտարկել որպես տարբերակներ հիմնախնդրի լուծմանը նպաստելու համար:

Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվել է հիմնախնդրի վերաբերյալ օրենքի նախագիծ, որն առայժմ շրջանառության մեջ չի դրվել: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այդ առումով կարևոր էր նախ ծանոթանալ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տրամադրած տեղեկություններին:

Ներկայացմանը հետևեց բավականին հագեցած հարցուպատասխան: 

Հղիության սեռով  պայմանավորված արհեստական ընդհատումների թեմայով աշխատաժողովը կարևոր քայլ էր Հայաստանի համար հիմնախնդրի հնարավոր լուծումներ մշակելու ճանապարհին: