You are here

2014 թ․ հոկտեմբերի 24-ին ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով միջոցառում: Համանուն ֆլեշմոբին մասնակցած հայրեր-դուստրեր լուսանկարների ցուցահանդեսի և Արմնյուզ հեռուստաընկերության պատրաստած տեսաֆիլմի միջոցով հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրվեց հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման խնդրին: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Միջոցառմանը ներկա էին նաև «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբի նախաձեռնողներն ու մասնակիցները:

Օգոստոսից «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով մեկնարկած ֆեյսբուքյան ֆլեշմոբը սոցիալական կարևոր նախաձեռնություն էր, որը մեծ հանրային արձագանք ստացավ՝ առաջին իսկ շաբաթվա ընթացքում հասնելով ավելի քան հարյուր հազար մարդու։ Նրա շրջանակներում ֆեյսբուքյան օգտատերերը տեղադրում էին իրենց դուստրերի նկարները՝ ուղեկցելով ջերմ մեկնաբանություններով: Ֆլեշմոբի նպատակն էր ցույց տալ, որ աղջիկ երեխաները նույնքան սիրելի և արժեքավոր են հայաստանյան ընտանիքներում, որքան տղա երեխաները: 

Իր բացման խոսքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումը շատ ավելի շատ սոցիալական, քան առողջապահական խնդիր է, թեև բուն երևույթը տեղ է գտնում առողջապահական ոլորտում, և որ այն խնդիր է ողջ հասարակության համար: 
 

«Այստեղ սոցիալական, հոգեբանական, մտածելակերպի, ինչպես նաև մենթալիտետի խնդիր ունենք: Խնդրի լուծումը պետք է լինի առողջապահության համակարգի և հասարակության ակտիվ մասնակցության շնորհիվ»,- նշեց փոխնախարարը:

Պարոն Խաչատրյանը, ով անձամբ մասնակցել էր ֆլեշմոբին, նշեց, որ մասնակիցները մեկ անգամ ևս փորձեցին հանրությանը ցույց տալ, որ աղջիկ երեխա ունենալը մեծ հարստություն է և այս փաստը պետք է բոլորն ընդունեն:

Փոխնախարարը փոխանցեց նաև, որ հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և միջազգային փորձագետներն ուսումնասիրում են այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Բանակցություններ են վարվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։ Արդյունքում կմշակվի «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի նոր փաթեթ, որը ենթադրում է օրենսդրորեն ամրագրել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը, ինչը ներկայում օրենսդրության մեջ արտացոլված չէ։

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ շատ կարևոր է, որ ֆլեշմոբ անցկացնելու գաղափարն առաջացել է ինքնաբուխ, և դա ցույց է տալիս հասարակության հասունացման աստիճանը: Նա շնորհակալություն հայտնեց ֆլեշմոբի հեղինակին` Արամազդ Ղալամքարյանին, ով ֆեյսբուքյան էջում առաջինը դրեց իր դստեր նկարը, և խնդրի վերաբերյալ իր անձնականը տեսակետը հայտնեց: Նա շնորհակալություն հայտնեց նաև լուսանկարների ցուցահանդեսին մեծ օգնություն ցուցաբերած լուսանկարիչ Արտաշես Ստամբոլցյանին, ով սիրահոժար տրամադրեց ֆլեշմոբին մասնակից դարձած իր հայրեր-դուստրեր լուսանկարների շարքը:

«Այս ֆլեշմոբը ցույց տվեց, որ իրականում տվյալ խնդրի մասին խոսելու հասարակական պահանջ կա»,- ասաց Գ.Հայրապետյանը: Նա նաև հայտնեց, որ ֆեյսբուք սոցիալական կայքում բացված «Իսկ դու ունե՞ս աղջիկ» էջը չորս օրում ունեցել է 120 հազար դիտում, ինչը ՏՏ ոլորտի մասնագետների գնահատմամբ բարձր ցուցանիշ է: Տվյալ էջում ընդհանուր առմամբ տեղադրվել է չորս հազարից ավելի նկար:անում տվյալ խնդրի մասին խոսելու հասարակական պահանջ կա»,- ասաց Գ.Հայրապետյանը: