Փետրվարի 4-ից 5-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նոր ժողովրդագրական ռազմավարության նախագծի հերթական քննարկումը։ Այն կենտրոնանում էր կանխատեսումային մոդելի, ռազմավարական մարտահրավերների, ինչպես նաև առաջարկվող ռազմավարական նպատակների ու ծրագրերի շուրջ։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ նախարարությունների և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ։
Ռազմավարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության պատվերով և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, մշակում է «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը՝ առաջատար միջազգային ինստիտուտների և փորձագետների հետ սերտ համագործակցությամբ։
Ողջունելով ներկաներին, Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ժողովրդագրական խնդիրների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելը կառավարության առաջնահերթություններից է և որ ժողովրդագրական ռազմավարության մշակումը և իրականացումը առանցքային նշանակություն ունի պետության կայուն զարգացման համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն իր բացման խոսքում ասաց, որ ռազմավարության մշակումը մեկնարկել է նախորդ տարի և այս քննարկումն արդեն չորրորդն է։ Նախարարը կարևորեց պետական տարբեր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների գործուն մասնակցությունը քննարկմանը և վստահություն հայտնեց, որ սա կառավարության փաստաթուղթը պետք է լինի։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը նշեց, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, մշտապես կարևորելով ժողովրդագրական հիմնախնդիրների նշանակությունը, դեռևս 2005թ.-ից, սատարել է ՀՀ Կառավարությանը մեր երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում, այդ թվում՝ լավագույն միջազգային փորձագետների ներգրավմամբ արված հետազոտությունների միջոցով։ Նա վերահաստատեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատրաստակամությունը՝ աջակցել ՀՀ կառավարությունանը՝ նաև այս կարևոր փաստաթղթի մշակման գործում։
Քննարկմանը ռազմավարությունը ներկայացրեցին «Ամերիա» խորհրդատվական ընկերության և ռազմավարության մշակման ծրագրի թիմի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, «Ամերիայի» գլխավոր մասնագետ Արտաշես Շաբոյանը։
Դիտարկումներով հանդես եկան նաև մի շարք հայտնի միջազգային փարձագետներ՝ ընտանիքի գծով ժողովրդագրագետ և աշխատանքի շուկայի գծով տնտեսագետ Աննա Մատիսիակը, Պրահայում Չարլզի համալսարանը ներկայացնող ժողովրդագիր Տոմաշ Կուչերան, Նիկոլաս Գեյլին՝ Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնից, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի բնակչության հարցերով փորձագետ Էդուարդ Ջոնգստրան։
Ակնկալվում է, որ ժողովրդագրության ռազմավարությունը կամբողջացվի 2023 թ.-ին առաջին կեսին և կներկայացվի միջազգային ամենահեղինակավոր փորձագիտական համայնքի դատին։
Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության մշակմանն աջակցությունը տրամադրվում է CISPop «Ավելի լավ տվյալներ՝ ավելի լավ քաղաքականությունների համար» ծրագրի շրջանակներում, որը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային ծրագիր է՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ, և նպատակ ունի ուժեղացնել ԱՊՀ տարածաշրջանում բնակչության տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և օգտագործումը ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման համար: