2011 թ. հուլիսի 11-ին «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս և բանավեճ՝ նվիրված 2011 թ. Բնակչության համաշխարհային օրվան և 7 միլիարդանոց աշխարհում Հայաստանի տեղին: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը, անկախ փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Համաձայն ՄԱԿ-ի Ազգաբնակչության բաժնի՝ ամեն տարի աշխարհի բնակչությանն ավելանում է մոտ 78 միլիոն մարդ և 2011 թ. հոկտեմբերի 31-ին այն կհասնի 7 միլիարդի:
Արդյո՞ք մարդիկ կկարողանան միասին ապրել առողջ մոլորակում՝ կախված է արդեն այսօր ընդունվող որոշումներից և կատարվող քայլերից: Այդ նկատի ունենալով, Բնակչության համաշխարհային օրը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մեկնարկում է «Աշխարհը՝ 7 միլիարդ – 7 միլիարդ գործողություն» արշավը, որն ուղղված է ավելի արդար և կայուն աշխարհի ձևավորմանը:
- Շուտով մենք կսկսենք ապրել 7 միլիարդ բնակչությամբ աշխարհում: Այս իրադարձությունը գլոբալ առումով թե՛ խնդիրներ է առաջացնում, թե՛ հնարավորություններ է ստեղծում, - նշեց ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչը, - սակայն մենք պետք է փորձենք հասկանալ, թե հատկապես ինչ է այն բերում Հայաստանին:
Հայաստանը կանգնած է ժողովրդագրական մի շարք խնդիրների առջև, որոնց թվին են պատկանում ցածր ծնելիությունը, բնակչության ծերացումը, արտագաղթը և մահացության աճը:
Ըստ ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտության, որի մասին ասուլիսի ընթացքում ֆիլմ ցուցադրվեց, հայաստանյան ընտանիքների 57%-ի համար ցանկալի է 3-4 երեխա ունենալ, միչդեռ երեխաների այժմյան միջին թիվը 2-ն է: Ընդ որում, մոտակա երեք տարիների ընթացքում երեխա ունենալու ցանկություն չունեն հարցվածների ավելի քան երկու երրորդը:
Հետազոտությունը, որը 2009 թ.-ին իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ցույց է տալիս, որ ընտանիքներին երեխա ունենալուց հետ են պահում երեխայի համար լավ ապագա ապահովելու դժվարությունը, ամուսիններից մեկի չցանկանալը, բնակարանային վատ պայմանները և այլ պատճառներ:
Համաձայն ՄԱԿ-ի Ազգաբնակչության բաժնի կանխատեսումների, աշխարհը 8 միլիարդի կհասնի 2025 թ.-ին, 9 միլիարդի՝ 2043 թ.-ին, իսկ արդեն 10 միլիարդի՝ 2083 թ.-ին: Հայաստանի բնակչությունն, ըստ կանխատեսումների, 2050 թ.-ին կլինի 2.3-2.5 միլիոն: