ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ, սկսում է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենսդրության իրազեկմանը վերաբերող միջոցառումներ` #դեմեմբռնությանը կոչով:
Պայքարելով կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության դեմ՝ մենք ստեղծում ենք ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն:
Իրազեկման միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝
• իրազեկման միջոցառումներն ուղեկցել #դեմեմբռնությանը կոչով և ամուր ու համերաշխ ընտանիքի օրինակով պատրաստված «Ֆեյսբուքի» շրջանակի (frame) տարածմամբ, https://bit.ly/2KeTcNb.
• hայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ Երևանի և մի շարք մարզային կանգառներում տեղադրել վահանակներ, որոնք ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ (այս մասին պատրաստվել է ուղեցույցային հատուկ տեսանյութ)
• ընտանիքում սիրո ու համերաշխության կարևորության վերաբերյալ տեսանյութի տարածում մարզային հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով.
• «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի իրազեկման վերաբերյալ տեսանյութի տարածում մարզային հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով.
• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն բուկլետների տարածում ընտանիքում բռնության խնդիրներով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ.
• ընտանիքում բռնության խնդիրներով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ բրայլյան գրով տպագրված բուկլետների տարածում շահագրգիռ անձանց շրջանում.
• ընտանիքում բռնության վերաբերյալ հարցերով Պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով անհրաժեշտ կոնտակտային տվյալների վերաբերյալ մշակված տեղեկատվական թերթիկի տարածում գրախանութներով, որոնց վրա առկա նկարն ակտիվանում է Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ.
• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար մշակված՝ ընտանիքում բռնության հարցերի վերաբերյալ անգլերեն և հայերեն ուղեցույցների տարածում.
• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով խորհրդատվություն տրամադրող աշխատակիցների համար ընտանիքում բռնության հարցերի վերաբերյալ անգլերեն և հայերեն մշակված գրպանի ուղեցույցների տարածում.
• կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված քննարկումներ Գեղարքունիքի մարզում շահագրգիռ մարմինների մասնակցությամբ, ինչպես նաև իրազեկման միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների ներկայացում:
Առաջարկում ենք մասնակից դառնալ #դեմեմբռնությանը կոչի տարածմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ օգտագործելով համապատասխան շրջանակը Ձեր էջի գլխավոր լուսանկարում. ➡ https://bit.ly/2KeTcNb