News

Հանրապետական ծննդատան մեր հերոսները

19 Օգոստոս 2020

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի COVID-19 բաժանմունքը վարակի կասկածով առաջին հղիին ընդունել է մարտի 28-ին։ Այդ օրից սկսած մինչ այժմ բաժանմունքը սպասարկել է ավելի քան 200 հղի կանանց Հայաստանի ողջ տարածքից։ Աշխատակիցներն ասում են, որ ամենադժվարն առաջին ամիսն էր, երբ սահմանափակ թվով անձնակազմը ստիպված էր աշխատել  գիշեր-ցերեկ։

Վրույր Գրիգորյանը, որն ինստիտուտի փոխտնօրենն է բուժական գծով, չափազանց զուսպ եւ համեստ է համավարակի ընթացքում իրենց աշխատանքի մասին պատմելիս։ Ասում է միայն, որ սկզբնական շրջանում կազմակերպչական դժվարություններ կային, քանի որ համավարակը անսպասելի «այցելեց»։ Սակայն կարճ ժամանակ անց զրոյից ստեղծված բաժանմունիք աշխատանքը հունի մեջ է ընկել, եւ այժմ աշխատանքն ընթանում է սահուն։ «Միայն պաշտպանիչ հագուստով վիրահատելն է դժվար»,- համեստորեն ժպտում է արդեն 23 տարի ինստիտուտում աշխատող բժիշկը։

200-ից ավելի սպասարկված պացիենտներից 174-ի մոտ հաստատվել է վարակի առկայությունը։ Բոլորի բուժումն իրականացվել է ինստիտուտում, քանի որ հանրապետության միակ կենտրոնն է, որի վրա դրվել է COVID-19-ով հղիների սպասարկումը։ Բարդ ընթացք ունեցել են դեպքերից միայն մի քանիսը, վարակի պատճառով մահվան ոչ մի դեպք չի արձանագրվել։

Մանկաբարձուհի Ֆլորա Ղարիբյանն իր 38 տարվա փորձն ու գիտելիքն է ներդրել COVID-19 ունեցող հղիների սպասարկման գործում բաժանմունքի ստեղծման առաջին իսկ օրից։ Մեր հարցին, թե քանի՞ ծնունդ է ընդունել այս ընթացում, պատասխանում է՝ իրար գումարելով առանձին ամիսներին ցուցանիշները, որոնք անգիր հիշում է. «56-57 ծնունդ»,- հպարտությամբ նշում է տիկին Ֆլորան՝ պատմելով, որ սկզբնական շրջանում՝ շուրջ 3 ամիս, երբ զգուշավորությունը շատ մեծ էր, ինքը զբաղվել է անհրաժեշտ ամեն բանով՝ կատարելով ոչ միայն մանկաբարձուհու, այլեւ բուժքրոջ ու սանիտարի պարտականություններ։ Այժմ արդեն ամեն ինչ հունի մեջ է ընկել՝ պոզիտիվ գնում ենք առաջ՝ ասում է փորձառու մանկաբարձուհին։

Բաժանմունքի պատասխանատու, մանկաբարձ-գինեկոլոգ Աղասի Շարբատյանը նշում է, որ այժմ արդեն սկզբնական շրջանի զգուշավորությունը հետեւում է, եւ բոլորն են լծված։ Երբ խնդրում ենք նշել ամենամեծ դժվարությունը, որին առնչվել են այս ընթացքում, հիշում է առաջին ամիսների հոգեբանական լարվածությունը, երբ վարակի մասին դեռ շատ ավելի քիչ բան էր հայտնի, եւ հղիներն ու նրանց հարազատները գերլարված էին։ Այդ աբողջ ընթացքում բուժանձնակազմը պետք է ոչ միայն սեփական վախերն ու անհանգստությունները հաղթահարեր, այլեւ հոգեբանի դեր կատարեր՝ քաջալերելով պացիենտներին, որոնք հաճախ հավասարակշռությունը կորցնելու եզրին էին հայտնվում։ 36-ամյա բժիշկ Շարբատյանը նույնպես ասում է, որ այժմ վիճակը, այդ թվում՝ հոգեբանական, զգալորեն թեթեւացել է։

Բաժանմունքում հանդիպեցինք նաեւ երիտասարդ մանկաբարձ-գինեկոլոգ Ալյոշա Թորոյանին, որն այս ինստիտուտում աշխատում է 7 տարի, եւ համավարակի շրջանում ակտիվորեն ներգրավված է եղել հղի կանանց սպասարկման գործում։ «Իհարկե՝ շատ լուրջ փորձ էր՝ այդպիսի լարվածության պայմաններում աշխատելը։ Հետո արդեն երբ ավելին իմացանք այդ հիվանդության մասին, լարվածությունն էլ թուլացավ»,- ժպտում է բժիշկը։

Հանրապետական ինստիտուտի COVID-19 բաժնմունքում մեր այցելության պահին ամեն ինչ հանգիստ ու խաղաղ էր։ Միջանցքներում շրջում էին հղի կանայք, իսկ հերթապահ անձնակազմը շտապելով պատասխանում էր մեր հարցերին ու դժվարությամբ տեղի տալիս իրենց լուսանկարելու մեր խնդրանքին՝ մտքում պատրաստվելով ժամեր անց սպասվող հերթական ծնունդն ընդունելուն։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը համավարակի ողջ ընթացքում իր համեստ աջակցությունն է բերել նաև թե՛ ինստիտուտին, թե՛ այնտեղ տեղավորված հղիներին, թե՛ ԿՈՎԻԴ բաժանմունքի մեր հերոսներին՝ մեր անփառասեր սուպերհերոսներին։