«Ճիշտ է՝ պայուսակը գործելիս մի քիչ դժվարացա (անգամ մայրս էր ասում՝ դժվար է, հաստատ չես կարող վերջացնել), սակայն շարունակեցի ու վերջացրի»,- հպարտությամբ ասում է Էլիզա Մելքոնյանը։
38-ամյա Էլիզան Գյումրիից է։ Որպես բազմակի հաշմանդամություն ունեցող կին՝ նա երկար է պայքարել նոր հմտություններ ձեռք բերելու եւ իրեն սրտամոտ աշխատանք գտնելու համար, քանի որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք, մասնավորապես՝ կանայք, ոչ միայն դժվարություն ունեն զբաղվածության հարցում, այլեւ հաճախ բախվում են խտրականության եւ ապրում մեկուսացած։
2020 թվականի դեկտեմբերին Էլիզան մասնակցեց «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի կազմակերպած դասընթացին, որը երեք բաղադրիչ ուներ՝ կարողությունների ընդհանուր զարգացում, ձեռագործություն, հոգեբանական խորհրդատվություն։ Հայտարարությունը տեսնելուն պես Էլիզան որոշեց մասնակցել, քանի որ հելունագործությունը նրան վաղուց էր հետաքրքրում, նույնիսկ յություբյան ալիքներով տեսանյութեր էր դիտել՝ փորձելով ինքնուրույն սովորել։
Սկզբնական շրջանում նա որոշ մտավախություններ ուներ. «Մտածում էի՝ երևի «Զում»-ով պարզ չլինի, թե ինչպես պետք է ձեռագործություն անենք, գործենք տարբեր իրեր, վախենում էի, որ գլուխ չեմ հանի և գործի կեսն էլ առաջ չեմ կարողանա տանել»,- հիշում է Էլիզան։
Իրականում, սակայն, պարզվեց հակառակը։ Ծրագրի ընթացքում նրա գործած պայուսակով հետաքրքրվել են և ցանկացել գնել։ «Սովորեցի ոչ միայն գեղեցիկ գործեր ստեղծել, այլև հնարավորություն առաջացավ վաճառել դրանք ու եկամուտ ստանալ, որը հետագայում կարող է դառնալ փոքրիկ բիզնես»,- նշում է Էլիզան։
Էլիզայի պատմությունը եզակի չէ։ Ընդհանուր առմամբ հաշմանդամություն ունեցող 32 կանայք են մասնկացել «Եվրոպական միությունը հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում «Ագաթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին։
Անահիտ Մուսիկյանը, որը ֆիզիկական հաշմանդամություն ունի, նույնպես դասընթացի մասնակից է։ Անահիտին հելունագործությունն այնքան էր ոգեւորել, այնքան ժրաջան ու սիրով է կատարել առաջադրանքները, որ ծրագրի շրջանակներում տրամադրված թելերը շատ արագ սպառվել են։ «Ստիպված գործածներս մի քանի անգամ քանդել և նորերն եմ գործել»,- ժպտում է նա։
Ծրագրի մասնակից կանայք կարողացան ոչ միայն ձեռագործության հմտություններ ձեռք բերել, այլեւ կարողությունների զարգացման ընդհանուր դասընթացի միջոցով ստանալ ամենատարբեր ոլորտների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, որոնց արդյունավետ կիրառումը հնարավորություն կտա բարելավելու իրենց կյանքի որակը, ինչպես նաեւ օգտվել անհատական եւ խմբային հոգեբանական խորհրդատվությունից։ Դասընթացներին մասնակցում էին նաև լսողության խնդիրներ ունեցող անձինք, որոնց համար ապահովվել է հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն:
Մասնակիցներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ, խոստովանում է, որ հոգեբանական խորհրդատվությունների մեկնարկը համընկել է իր կյանքի բարդ ժամանակահատվածի հետ. «Հատկապես անհատական զրույցների ընթացքում ես լիցքաթափվում եմ, հանգստություն եմ զգում: Ինձ իմ խնդրի հետ մենակ չեմ զգում ու կարծես ինքս ինձ համար ընդմիջում եմ վերցնում՝ մտորելու, որոշում կայացնելու և առաջ ընթանալու համար»,- ասում է նա՝ ավելացնելով, որ կկարոտի նաև խմբային առցանց հանդիպումները՝ հատկապես համավարակի պայմաններում։
COVID-19-ի պատճառով դասընթացի առցանց անցկացումը դրական կողմ նույնպես ունեցավ։ Ծրագրի այն մասնակիցներին, որոնք չունեին դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, համակարգիչներ տրվեցին։ Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղից 50-ամյա Մանուշակ Ներսիսյանի համար, որը տեղաշարժման դժվարություն ու հաշմանդամություն ունի, դա իսկական հաջողություն էր։ Համակարգչի շնորհիվ նա կարողացավ մասնակցել մեկ այլ դասընթացի նույնպես՝ համայնքային զարգացման վերաբերյալ։
Նրա կազմած բիզնես ծրագիրը հաջողություն ունեցավ, եւ նա ստացավ 600 Եվրոյին համարժեք գումար՝ քաթանե իրեր պատրաստելու եւ վաճառելու համար։ «Եթե նույնիսկ ամսական 25 հազար դրամ եկամուտ ունենամ, դա շատ կօգնի ինձ»,- ասում է Մանուշակը երախտագիտությամբ։
Հաշմանդամություն ունեցող կանայք դասընթացներն ավարտեցին նոր կարողություններով ու հմտություններով հարստացած, բայց նաեւ՝ ափսոսանքով ու ավելին սովորելու մեծ ցանկությամբ։ «Մի կողմից մի քիչ տխուր եմ, որ ծրագիրն ավարտվեց, որովհետև եթե շարունակվեր, կկարողանայի նոր՝ ավելի բարդ և գեղեցիկ գործվածքներ անել, բայց մյուս կողմից էլ կրկնակի ուրախ եմ՝ ոչ միայն նոր հմտություն ձեռք բերեցի, այլեւ կարողացա այնպիսի աշխատանքներ գործել, որոնք մարդիկ շատ հավանեցին և նույնիսկ ցանկացան գնել»,- ասում է Էլիզան:
* 2020 թվականի տվյալներով՝ ՀՀ-ում ապրում է հաշմանդամություն ունեցող 92,097 կին։
***
«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրին իրականացվում է «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Հայաստանում ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ գործընկեր կազմակերպությունների հետ միասին։