Go Back Go Back
Go Back Go Back

Հարցազրույց - Ծերացման խնդիր. կառավարությունը սկսել է հետաքրքրվել, մնում է կարևորի

Հարցազրույց - Ծերացման խնդիր. կառավարությունը սկսել է հետաքրքրվել, մնում է կարևորի

News

Հարցազրույց - Ծերացման խնդիր. կառավարությունը սկսել է հետաքրքրվել, մնում է կարևորի

calendar_today 16 June 2016

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հարցազրույցը Mardik.am կայքին՝ ծերացման թեմայով:

Ծերացման խնդիր. կառավարությունը սկսել է հետաքրքրվել, մնում է կարևորի

Ծերացումը գլոբալ խնդիր է և նկատվում է ամբողջ աշխարհում: Դա ազգաբնակչության տեսակարար կշռում 65-ից բարձր տարիք ունեցողների ավելացումն է, որը տեղի է ունենում ժողովրդագրական շարժի պատճառով: Ծերացման գործընթացին նպաստող հիմնական պատճառները երեքն են`միգրացիա, ցածր ծնելիություն, կյանքի տևողության աճ: Ազգը համարվում է երիտասարդ, եթե 65 և ավելի տարիք ունեցող ազգաբնակրության թիվը չի անցնում 8 տոկոսից, մինչև 12 տոկոսը համարվում է ծերացող, իսկ 12 տոկոսից ավելին` ծերացած:

Այս առումով ի՞նչ իրավիճակ է Հայաստանում և ի՞նչ քայլեր են իշխանությունները ձեռնարկում խնդրի լուծման համար: «Այսօրվա դրությամբ մենք գտնվում ենք ծերացող և ծերացածի շեմին, քանի որ 65+ ազգաբնակչությունը մեզանում համարյա 12 տոկոս է: Դա ապագայում բավականին լուրջ խնդիրների դիմաց է կանգնեցնելու և´ հասարակությանը, և´ պետությանը: Ակնհայտ է, որ պետք է որոշակի լուծումներ տալ»,-mardik.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Ըստ նրա`Հայաստանում առկա են ծերացման գործընթացին նպաստող բոլոր երեք պատճառները: «Միգրացիան միանշանակ խնդիր է, որովհետև մենք ունենք բավականին լուրջ արտահոսք և հիմնականում աշխատանքային տարիքի ազգաբնակչության` 15-49 տարեկան: 1990-ի համեմատ ծնունդների` 2 անգամից ավելի անկման փաստը նույնպես առկա է ՀՀ-ում: Այսպես. եթե 1990-ին մենք ունեինք 79 հազար ծնունդ, այսօր ունենք 43 հազար: Հայաստանում առկա է նաև կյանքի տևողության բարձրացում, ինչը կապված է առողջապահական բնագավառում նկատվող զարգացումների հետ: Այսինքն`ինչքան առողջապահությունը բարելավվում է, այնքան մարդկանց կյանքի տևողությունն ավելանում է»,-նշեց Գ.Հայրապետյանը` հավելելով, որ Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում կյանքի տևողությունը միջինը մոտ 3 տարով ավելացել է` 71-ից դարձել 74 տարի:

Իսկ ինչպիսի՞ն են կանխատեսումներն այդ առումով: Հայաստանում ունենք հետևյալ դինամիկան ` 90-ականներին 65+ տարիք ունեցողների ցուցանիշը կազմում էր 5,6, այնուհետև 11 տոկոս, իսկ ասօր արդեն 12 տոկոս: «Այս ցուցանիշն էլ մոտակա երեք- չորս տարվա ընթացքում շատ ավելի կաճի և ըստ կանխատեսումների` մինչև 2024 թվականը մենք կունենանք արդեն 20 տոկոս 65-ից բարձր ազգաբնակչություն: Դա բավականին լուրջ խնդիր է»,-ասաց Գ.Հայրապետյանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանում ակնառու է միջին տարիքի փոփոխություն ևս: Եվ այսպես. 1950-ին ունեինք 22,4 միջին տարիք, 2010-ին` 32 տարեկան միջին տարիք և 43 տարեկան միջին տարիք` 2050-ի համար: Պատկերացնո՞ւմ եք հասարակություն, որտեղ մարդկանց միջին տարիքը 43-ից բարձր է: Բացի այդ, Հայաստանում աճում է խնամակալության գործակիցը` եթե 90-ականներին այդ գործակիցը 11 էր, այսինքն` 11 աշխատող պահում էր մեկ չաշխատող, ապա 2010-ին այդ գործակիցը դարձավ 6 , իսկ 2050-ին կլինի 2,8:

Ծերացման խնդրի լուծման համար աշխարհում ընդունված ձևերը որո՞նք են և Հայաստանը ո՞ր տարբերակն է ընտրել, եթե, իհարկե, ընտրել է: Եվրոպական զարգացած երկրները ծերացման հիմնահարցն իրենց երկրներում ինչ-որ կերպ մեղմելու նպատակով միգրացիոն լուրջ հոսքեր են ընդունում: Սակայն, ըստ Գ.Հայրապետյանի, մասսայական ներհոսքի համար երկիրը տնտեսապես պետք է գրավիչ լինի:« Հայասատանը, ցավոք սրտի, տնտեսապես զարգացման այն մարկարդակում չէ, որպեսզի ցանկալի լինի այլազգիների համար: Չնայած երրորդ աշխարհի երկրներից` աֆրիկյան, որոշակի ներհոսք, թեև շատ քիչ թվով, բայց արդեն նկատվում է»,-ասաց նա: Սակայն, ըստ Գ.Հայրապետյանի, Հայաստանի համար շատ ավելի լավ կլինի, եթե մեր գնացած հայրենակիցները հետ վերադառնան: «Դա ընդունելի կլինի մի շարք առումներով: Նախ` դա չի հակասի մեր մտածելակերպին, երկրորդ` Հայաստանն աշխարհում այն երկիրն է, որն ունի ամենամեծ միատարր ազգ` բնակչության 98 տոկոսը հայեր են»,-ընդգծեց Գ.Հայրապետյանը:

Իսկ Հայաստանում կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: «Փորձենք Հայաստանում ծերերի հիմնախնդիրները բաժանել երեք ժամանակաշրջանի: Սովետական Միության ժամանակաշրջան. այդ ժամանակ ծերերի մասին լավ հոգ էին տանում: Երկրորդը` 90-ականներից մինչև 2000, երբ այդ հարցը 100 տոկոսով անտեսվեց: Եվ երրորդ ժամանակաշրջանը 2000-ից հետո է, երբ սկսեցին այդ հարցին կարևորություն տալ: Այսինքն`այդ հարցը սկսվեց ավելի շատ արծարծվել, և կառավարության կողմից ընդունվեցին օրենսդրական մի շարք բարեփոխումներ, ծրագրեր, որոնք ինչ- որ չափով օգնում են մեղմել մեծահասակների խնդիրները»,-ասաց նա: Ըստ Գ.Հայրապետյանի`մեծահասակները նաև մեր արժեքների, մեր փորձի լավագույն կրողներն են, և պետք է գտնել ինչ-որ մի լավագույն տարբերակ նրանց հասարակության ակտիվ գործունեության մեջ ընդգրկելու համար: Այդ նպատակով 2005-ին անցկացված հետազոտության հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ռազմավարություն, որը ներկայացվել է կառավարության քննարկմանը: Ռազմավարությունը ենթադրում է մի քանի ուղղություններ`մեծահասակների ինտեգրում, ամբողջ կյանքի ընթացքում ուսուցման հնարավորություն, առողջապահական որակյալ, հասնելի ծառայությունների ապահովում:

Այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը բավարա՞ր են: «Ես կարծում եմ, որ վերջին 7 տարվա ընթացքում իշխանությունների վերաբերմունքն այս հարցում փոխվել է դեպի դրական: Եթե մինչ այդ շատ դժվար էր իշխանությունների հետ քննարկումներ սկսել այս հարցերի հետ կապված, ապա հետո վերաբերմունքը փոխվեց և ընկալումն ինչ- որ չափով զարգացում ապրեց: Այսինքն` կառավարությունը հետաքրքրված է այդ հարցով, սակայն ձեռնարկվող քայլերը բավարար չեն և շատ դանդաղ են: Մենք պետք է շատ ավելի լուրջ վերաբերվենք այս հարցին, որովհետև առանց մարդկային ռեսուրսի երկրի զարգացման մասին խոսելն ավելորդ է»,-ասաց Գ.Հայրապետյանը:

Ի դեպ, 2002 թվականին Ծերացման հիմնախնդիրներին նվիրված միջազգային կոնգրեսի ընթացքում մշակված մադրիդյան գործողությունների պլանին միացել է նաև Հայաստանը: 10 տարի է անցել այդ օրվանից և գործողությունների պլանին միացած երկրները պետք է ներկայացնեն այդ ուղղությամբ իրենց երկրներում իրականացված փոփոխություններն ու բարեփոխումները: