Միավորված ազգերի կազմակերպություն, Նյու Յորք. աշխարհի բնակչությունը 7 միլիարդի սահմանը կհատի 2011 թ. հոկտեմբերի 31-ին՝ համաձայն «2010 Revision of World Population Prospects» («Աշխարհի բնակչության հեռանկարները. 2010 թ. վերանայված հրատարակություն») հրատարակման կանխատեսումների: Վերջինները Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական կանխատեսումներն են՝ պատրաստված ՄԱԿ-ի Սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչութան բաժնի կողմից:
ՄԱԲՀ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, միջոցառումների շարք է նախատեսում գործընկերների և հանրության ներգրավմամբ՝ բնակչության առումով այս հանգրվանի նշանակությունն ընդգծելու համար:
- 7 միլիարդ բնակչություն ունեցող աշխարհը թե՛ լուրջ խնդիր է, թե՛ հիանալի հնարավորություն, – նշել է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը: «Ամբողջ աշխարհում մարդիկ սկսում են ապրել ավելի երկար և առողջ կյանք ու հակված են ավելի փոքր ընտանիքներ ունենալ: Այդուհանդերձ, անհավասարության կրճատումը և այսօր ապրող մարդկանց, ինչպես նաև գալիք սերունդների բարօրությունն ապահովելու համար ճանապարհներ գտնելը պահանջում է նոր մտածողություն և աննախադեպ համաշխարհային համագործակցություն», - ասել է նա:
- Մասնավորապես, - ասել է դոկտոր Օսոտիմեհինը, - ժողովրդագրական կանխատեսումները ցույց են տալիս, որ ընտանիքի պլանավորման անվտանգ և արդյունավետ ծառայությունները հրատապ անհրաժեշտություն են 215 մլն կանանց համար, ովքեր ներկայում զրկված են դրանցից: Ծնելիության մակարդակի փոքր փոփոխությունները, երբ բազմապատկվում են երկրների և տարիների քանակով, հսկայական տարբերության են բերում: Մենք պետք է ռեսուրսներ ներդնենք, որպեսզի կանայք ու տղամարդիկ հնարավորություն ունենան իրագործել մարդու իրենց իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իրենց երեխաների թիվը և նրանց ծնունդների միջև ընկած միջակայքը»:
- Այդ կանխատեսումները մեզ նաև հիշեցնում են, որ չափազանց կարևոր է հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար, ովքեր մեծամասնություն են կազմում բազմաթիվ նվազ զարգացած երկրներում, որտեղ բնակչության աճ է սպասվում - ավելացրել է դոկտոր Օսոտիմեհինը: «Երբ երիտասարդները կարողանում են իրականացնել առողջության, կրթության և պատշաճ աշխատանքային պայմաններ ունենալու իրենց իրավունքը, նրանք կարողանում են մեծացնել իրենց երկրների՝ աղքատությունից խուսափելու հնարավորությունները», - ասել է նա:
Դոկտոր Օսոտիմեհինը նշել է, որ բոլոր տարածաշրջաններում կանխատեսվող կյանքի ավելի երկար տևողությունը՝ զուգորդված շատ երկրներում առկա ցածր ծնելիության հետ, նշանակում է, որ բազմաթիվ երկրներ կկանգնեն բնակչության ծերացման խնդրի առջև: «Մենք պետք է վաղօրոք ծրագրենք ծերերի համար առողջապահական և սոցիալական ապահովության համակարգերի ձևավորումը հենց այն ժամանակ, երբ մեծացնում ենք երիտասարդների մի աննախադեպ մեծաթիվ սերունդ», - ասել է նա:
Աշխարհի բնակչության 7 միլիարդը հատելու կապակցությամբ ՄԱԲՀ-ն մի շարք միջոցառումներ կմեկնարկի Բնակչության համաշխարհային օրը՝ հուլիսի 11-ին: Այդ ժամանակ, ՄԱԲՀ-ն իր գործընկերների, այդ թվում` «National Geographic» («Նեշընըլ Ջեոգրաֆիք») ամսագրի հետ, կմեկնարկի սոցիալական ցանցերով քարոզարշավ՝ 7 միլիարդանոց աշխարհի վերաբերյալ բազմապիսի հարցեր քննարկելու նպատակով անհատներ և խմբեր ներգրավելու համար: Այդ հարցերի շարքում կլինեն ուրբանիզացիան, կանանց հզորացումը և շրջակա միջավայրի կայունությունը:
ՄԱԲՀ նախատեսում է 7 օր տևողությամբ հետադարձ հաշվարկ սկսել հոկտեմբերի 24-ից՝ Միավորված ազգերի կազմակերպության օրվանից, մինչև 7 միլիարդերորդ մանուկի ծնունդը՝ մեկ շաբաթ անց: Միջոցառումներն իրենց բարձրակետին կհասնեն այս տարվա «Աշխարհի բնակչությունը» զեկույցի հրապարակմամբ, որը կվերլուծի 7 միլիարդ բնակչությամբ աշխարհի բերած մարտահրավերներն ու հնարավորությունները: